Իշխանության զավթումը՝ ժողովրդավարության պատրանքը պահելով, առավել անբարո է

1201

Ծանոթ. – 1996 թ. սեպտեմբերյան նախագահական ընտրություններում Պարույր Հայրիկյանը հանեց իր թեկնածությունը հօգուտ Վազգեն Մանուկյանի: 

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 2 հոկտեմբերի, 1996թ.

Այսօր անվիճելի է, որ ցանկացած պետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, նույնիսկ բռնապետները հայտարարում են, որ իրենք ժողովրդի շահերի արտահայտիչն ու պաշտպանն են:

Ժողովրդավարության պայմաններում ժողովուրդը երկիրը կառավարելու իր իրավունքը իրականացնում է ընտրությունների միջոցով: Այդ ճանապարհով են ձեւավորվում իշխանությունները: Ընտրությունների ընթացքում առանձին օրինախախտումները պարզ քրեական հանցագործություններ են, սակայն, եթե դրանք կրում են զանգվածային բնույթ եւ կազմակերպված են, ապա հանգեցնում են օրինական իշխանությունների օրինական փոփոխմանը դեռեւս նրանց ձեւավորման փուլում:

Քաղաքականությունը գտել է ժողովրդի գերիշխանությունը կայունաբար ամրագրելու լավագույն ճանապարհը` ժողովրդավարությունը: Ժողովրդավարական պետություններում իշխանությունները ձեւավորվում են եւ փոփոխվում ժողովրդի քվեների` ընտրությունների միջոցով: Իշխանությունների ձեւավարման ու փոփոխման որեւէ այլ ճանապարհ իշխանությունների բռնի եւ ապօրինի փոփոխությունն է, որը համարվում է պետական հեղաշրջում: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե իշխանությունների ձեւավորման կամ փոփոխության ո՛ր փուլում է տեղի ունեցել իշխանության բռնազավթումը: Իսկ նենգության առումով, նախնական ձեւավորման փուլում, այսինքն` ընտրության միջոցով ժողովրդավարության պատրանքը պահպանելով` իշխանության բռնազավթումը առավել անբարո է:

ՀՀ ներկայիս իշխանությունները գնացին այս ճանապարհով:

Հենց այս էր, որ լցրեց Հայաստանի քաղաքացիների համբերության բաժակը:

Բացասական երեւույթներից ազատագրվելու նպատակով` նախընտրական դաշինքում միավորված ուժերի հետ միաբանվեց գրեթե ողջ ժողովուրդը, եւ այս ընտրությունները ստացան ազգային ազատագրական պայքարի` ազգային ինքնորոշման բնույթ:

Կանխագուշակելով իրենց անխուսափելի պարտությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները որոշեցին իշխանությունը իրենց ձեռքում պահել ապօրինի միջոցներով, որոնք հովանավորվեցին եւ հաճախ իրագործվեցին ՊՆ-ի, ՆԳՆ-ի, մարզպետարանների եւ պետական համակարգի մյուս օղակների քրեաբարո ուժերի անմիջական մասնակցությամբ եւ պետական լծակների օգտագործմամբ:

Այս ամենը այնքան զանգվածային էր, որ մինչեւ շահագրգռված քաղաքական ուժերի կողմից օրենքով նախատեսված բողոքների մատուցումը, օրինախախտումների մերկացումը եւ միջազգային դիտորդների պաշտոնական հայտարարությունը հասկացան հազարավոր քաղաքացիներ: Մարդիկ, որ ազատ ապրելու իրավունք ունեն, ոչ միայն լսեցին ուրիշներից, այլեւ իրենք զգացին, որ   բռնադատված է իրենց ընտրելու` ազատ ապրելու իրավունքը, եւ խանդավառվելով մեր` քաղաքական գործիչներիս միակամությամբ, հավատով լցվեցին եւ ոտքի ելան:

Եվ սա է բնականը:

Ի՞նչ խոսք, Վազգեն Մանուկյանի սեպտեմբերի 25-ի անհատական նախաձեռնությունը, որից օգտվեցին իշխանությունները եւ զարգացնելով շատ արագ հասցրեցին մինչեւ «պետական հեղաշրջման փորձ» անհեթեթ մեղադրանքին, ինչ-որ պահ շեղեց խնդրի բուն էությունից` անարդար ընտրություններից եւ կատարված պետական հեղաշրջումից, սակայն մեր բոլորիս պարտքն է վեր կանգնել մեզ պարտադրվող արհեստական հարցերից, նաեւ մեղադրանքներից եւ մտածել մեր հայրենիքի ներկայի, նաեւ ապագայի մասին:

Սեպտեմբերի 25-ի միջադեպը իր բոլոր անցանկալի դրսեւորումներով եւ հետեւանքներով, իրականում տեղի ունեցածի համեմատությամբ մանրուք է, եւ ուռճացվեց իշխանությունների կողմից, որպեսզի քողարկվի իրենց իսկ կողմից կատարված պետական հեղաշրջումը:

Այսօր հայտնի է նաեւ միջազգային դիտորդների կարծիքը, այն է` ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա: Հենվելով հարյուրավոր վկայությունների վրա` մենք վստահորեն պնդում ենք, որ դրանք ազդել են եւ ընտրություններ տեղի չեն ունեցել:

ԿԸՀ-ում մեր ներկայացուցիչները չեն ստորագրել ՀՀ նախագահական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը եւ առաջարկել են ընտրությունը համարել անվավեր:

Սովորաբար պետական հեղաշրջումներին հաջորդում են սադրանքներ, քաղաքական ազատությունների սահմանափակում, «վհուկների» որս: Մենք այսօր այդ բոլորի ականատեսն ենք: Կասեցված ՀՅԴ-ին միացան ԱԺՄ-ն եւ ԱԻՄ-ը: Իշխանությունների ապօրինությունների դեմ ընդվզած մարդկանց անթույլատրելի գործողությունները, որ կարելի է որակել որպես ընդհարում, ներկայացվեց հեղաշրջման փորձ, բանտերը լցված են իրադարձություններին առնչություն չունեցող մարդկանցով, դատավճիռների փոխարեն գործում են ինչ-որ հրամաններ:

Մինչդեռ նորընտիր նախագահը ինքն իրեն է շնորհավորում (սեպտեմբերի 23) ու շնորհավորանքներ ստանում իր նշանակած նախարարներից եւ ազդարարում դրանց մասին պետական հեռուստատեսությամբ: Մնում է, որ մարզպետներից էլ շնորհավորանքներ ստանա:

Բնական է, որ հայ ժողովուրդը չի կարող ապրել ապօրինություններով ձեւավորված օրենսդիր եւ գործադիր իշխանությունների եւ նրանց խամաճիկը դարձած դատական իշխանությունների ենթակայությամբ: Այս վիճակը մարդկանց հասցնելու է անողոք հակակրանքի ընդդեմ իրենց երեկվա եղբայրների` ՀՀ ներկայիս իշխանությունների:

Բաբկեն Արարքցյանի, Արա Սահակյանի եւ մյուս պատգամավորների վրա ձեռք բարձրացնողները պետք է դատարանի առաջ կանգնեն, սակայն պետք է պատասխանատվության ենթարկվեն նաեւ անմեղ քաղաքացիներին ձերբակալած պաշտոնյաները, ձերբակալվածների նկատմամբ բռնարարքներ կատարողները, առանց դատարանի որոշման գրասենյակները ասպատակության ենթարկողները, առանց դատավճռի մարդկանց կալանավայրերում պահողները եւ ընտրությունների ընթացքում խախտումներ կատարած մարդիկ:

Այսպիսով` մենք ՀՀ-ում ունենք ապօրինի օրենսդիր եւ գործադիր իշխանություններ: Դրա հետեվանքն է մեր ժողովրդի տագնապալից վիճակը:

Ո՞րն է ելքը: ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է ընդունեն, որ չեն կարող գերազանցել չաուշեսկուներին կամ գամսախուրդիաներին եւ շտապեն հաշտության եզրեր գտնել սեփական ժողովրդի հետ: Ճիշտ է, դա որոշ զոհողություններ կպահանջի, բայց չի հանգեցնի ապակայունության եւ ամեն ինչի կորստյան:

Ապօրինի իշխանություններին պետք է փոխարինեն ժողովրդի շահերն արտահայտող օրինական իշխանությունները:

Ճանապարհը արդար ընտրություններն են: