Վազգեն Սարգսյանի և Քոչարյանի շնորհավորանքը Տեր-Պետրոսյանին. 1996

3848

1996-ի սեպտեմբերի նախագահական վիճելի և աղմկահարույց ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին առաջինը շնորհավորողների մեջ էին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Բորիս Ելցինը և Ժակ Շիրակը:

Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում ասվում էր.

“Ձերդ Գերազանցություն: Թույլ տվեք անձամբ իմ և Արցախի ողջ ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի նախագահ վերընտրվելու առիթով: Դա կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և ողջ հայության համար: Ձեզ ցանկանում եմ երջանկություն և հաջողություններ: Խորին հարգանքով` Ռոբերտ Քոչարյան”: Հայաստանի Հանրապետութիւն, թիւ200, 2 հոկտեմբեր, 1996թ.

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի շնորհավորանքը.

“Մեծարգո նախագահ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու առթիվ: Հանրապետության ղեկը մեկ անգամ ևս վստահելով Ձեզ` մեր ժողովուրդը իր ձայնը տվեց կայունությանն ու առաջընթացին` դրանով իսկ խրախուսելով նաև նախորդ տարիների Ձեր գործունեությունը, որում իր առանձնահատուկ տեղն ունի Հայոց Ազգային բանակի ձևավորումն ու կայացումը: Դժվարությունների և հաղթանակների մեջ թրծված մեր բանակը այսուհետ ևս պատրաստ է ծառայել մեր անկախության և պետականության կերտմանը իր Գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ”: Հայաստանի Հանրապետութիւն, թիւ201, 3 հոկտեմբեր, 1996թ.

Մեկուկես տարի անց՝ 1998-ի փետրվարի 3-ին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Պալատական հեղաշրջման կազմակերպիչներն էին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: