«Ազգ և Հայրենիք». նախավերջին մաս

1913

Հատվածաբար շարունակում ենք ներկայացնել Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գործը

kadjaznuni-azgcover

Մարդկութիւնը, իր ամբողջութեան մէջ, կարելի է նմանեցնել մի մեծ ու բարդ օրգանիւզմի…

Բայց այստեղ պիտի ընդհատեմ խօսքս՝ մի շատ կարեւոր նկատողութիւն անելու համար:

Ասի՝ նմանեցնել, բայց ոչ՝ նոյնացնել: Եւ նմանեցնել որոշ տեսակէտներից միայն ու խոշոր վերապահումներով: Անցեալ դարում, բուրժուական իդէոլոգիա դաւանող ընկերաբանները ի չարն են գործադրել այն նմանութիւնը, անալոգիայի ճամբով գնացել են շատ աւելի հեռու, քան թոյլ է տալիս երեւոյթների էութիւնը ու յանգել են սխալ կամ միտումնաւոր եզրակացութիւնների:

Այսպէս, նոյնացնելով հաւաքական ու անհատական օրգանիզմները, փոխանցելով ֆիզիոլագիական կեանքի օրէնքները ընկերային կեանքի աշխարհը ու շփոթելով՝ գիտակցօրէն կամ անգիտակցօրէն, աշխատանքի բաժանման սկզբունքը դասակարգային բաժանումների հետ, ուրեմն եւ՝ դասակարգերը օրգանների հետ, այդ կարգի ընկերաբանները արդարացրել են դասակարգերի գոյութիւնը անցեալում ու քարոզել նրանց անհրաժեշտութիւնը՝ ապագայում:

Բայց դասակարգերը օրգաններ չեն՝ ֆիզիոլոգիական իմաստով, ինչպէս եւ մարդ-անհատները՝ բջիջներ չեն:

Համամարդկային հաւաքական օրգանիզմը կազմող բջիջների մէջ կայ մի շատ էական տարբերութիւն, այն որ հաւաքական օրգանիզմի մէջ մարդ անհատը գիտակցում է իր անհատական գոյութիւնը, ընդունակ է անհատօրէն ցանկանալու ու ձգտելու, անհատօրէն ապրելու գոհութեան ու դժգոհութեան ապրումները, մինչ դեռ բջիջը չունի այդ յատկութիւնները, ինչպէս չունի այդ յատկութիւնը նաեւ համամարդկային հաւաքական օրգանիզմը՝ մարդկութիւնը:

Չընկնենք մեթաֆիզիքայի մութ աշխարհը, բիոլոգիան ու ընկերաբանութիւնը եւս ազատ չեն մեթաֆիզիքական անեզր ընդհանրացումներից ու մանաւանդ չշահագործենք մարդկային լեզուի անճշդութիւնը, որ, յաճախ, արտայայտում է նոյն բառերով տարբեր գաղափարներ: Այո՛, գուցէ բջիջն էլ ունի իր բջիջային ինքնագիտակցութիւնը եւ մարդկութիւնն էլ՝ իբրեւ ամբողջութիւն,  ունի իր գերմարդկային կամ համամարդկային ինքնազգացողութիւնը… Գուցէ՜: Բայց ես այդ չգիտեմ ու չեմ կարող գիտնալ: Գիտեմ միայն եւ ինձ համար այս է կարեւորը, որ իմ ինքնագիտակցութիւնն ու ինքնազգացողութիւնը ոչ բջիջային է, ոչ՝ գերմարդկային, այլ պարզապէս ու յստակօրէն մարդկային: Հետեւաբար եւ իմ իդէոլոգիան կարող է լինել միայն մարդկային, ոչ աւելի ոչ պակաս: Մնացածը պարապ խօսքեր են, մտքի պարապ մարզանքներ:

Դառնալով անալոգիաներին, պէտք է նկատել ամենից առաջ, որ օրգանիզմի մէջ բջիջների փոխադարձ կապը օրգանական է, մինչդեռ անհատի կապը հաւաքականութեան մէջ՝ ընկերային է:

Տարբերութիւնը մեծ է:

Բջիջը կապուած է օրգանիզմի հետ շատ աւելի սերտօրէն, քան անհատը՝ ընկերային հաւաքականութեան հետ. խօսքս այնպիսի բարդ օրգանիզմների մասին է, ինչպիսին է մարդկայինը: Միւս կողմից, օրգանիզմը՝ իր ամբողջութեան մէջ, շատ աւելի կախում ունի բջիջներից: Օրգանիզմը անբաժանելի ամբողջութիւն է, անհատ է: Այդպէս չէ ընկերութիւնը: Եթէ մարդկային օրգանիզմը կազմող մօտ երեսուն միլիառ բջիջներից մեռնի այս կամ այն խումբը՝ առանց անմիջապէս փոխարինուելու նոյն կարգի նոր բջիջներով, կը մեռնի նաեւ բոլոր միւս բջիջները. մէկ բջիջ կամ բջիջային մի խմբակցութիւն չի կարող ապրել առանց միւսների: Այդպէս չէ անհատների ընկերային հաւաքականութեան մէջ: Եթէ մեռնի՝ առանց փոխարինուելու, մարդկային հաւաքականութիւնը կազմող մարդ-անհատների կէսը՝ երեք քառորդը, իննը տասներորդը՝ մարդկութիւնը, կը շարունակէ ապրել: Տեսականօրէն, եթէ երկուսուկէս միլիառ մարդ անհատներից, որ այսօր շենացնում են երկրագունդը ու կազմում մարդկութիւնը, մնաց մի զոյգ միայն, անկարելի չէ, որ այդ մի զոյգ էգ ու արուն ապրեն, սերունդ տան, բազմանան ու անկախ թուից՝ մարդկութիւն կազմեն: Մարդկային օրգանիզմ կազմելու համար հարկաւոր է անբաժանելիօրէն կապուած երեսուն միլիառ բջիջների սերտ աշխատակցութիւնը, մինչդեռ «մարդկութիւնը» կարող է կազմուած լինել մի հատիկ ընտանիքից միայն:

Նոյնքան մեծ է տարբերութիւնը նաեւ օրգանիզմը ու մարդկութիւնը կազմող հասարակական այն բաժանումների միջեւ, որոնք դասակարգ են անուանւում:

Մարդկային հաւաքականութեան մէջ դասակարգերը բնորոշւում են ոչ միայն աշխատանքի բաժանման սկզբունքով, այլ նաեւ ու գլխաւորապէս՝ սպառման խնդիրով: Սրա՛ դէմ է, որ ըմբոստանում է մարդու խիղճն ու միտքը, եւ սա՛ է, որ անկարելի է անում, առանց խոշոր վերապահումների, անալոգիան հաստատել օրգանի ու դասակարգի միջեւ:

Օրգանիզմի մէջ, խօսքս առողջ օրգանիզմի մասին է, հարկաւ բոլոր օրգանները աշխատում են եւ սպառում են ընդհանուր պահեստից այնքան միայն, որքան անհրաժեշտ է իրենց գոյութիւնը պահպանելու համար: Այդպէս չէ դասակարգայնօրէն կազմակերպուած մարդկային հաւաքականութեան մէջ. այստեղ կան դասակարգեր, որոնք սպառում են առանց արդիւնաբերելու կամ սպառում են շատ աւելի՝ քան արդիւնաբերում: Եթէ որոնենք անալոգիաններ, այսօրուայ մարդկութիւնը պէտք է նմանեցնել հիւանդ օրգանիզմի՝ անպտուղ ու շահագործող, իսկ դասակարգերը այն ատաւիստական կամ  rudimentaires օրգաններին, որոնք ծանրաբեռնում են վատ կազմուած օրգանիզմները եւ որոնք ոչ միայն անպէտք են ու աւելորդ, այլ եւ ուղղակի վնասակար՝ այն աստիճանի, որ մարդիկ յաճախ դիմում են վիրաբուժական գործողութիւնների՝ այդ պարազիտներից ազատուելու համար, օրինակ՝ կտրում, դեն են ձգում  appendiceը:

Մի ուրիշ շատ էական տարբերութիւն. օրգանիզմի մէջ սպառելու հաճոյքը, ինչպէս եւ աշխատելու նեղութիւնը, չեն յատկացուած որոշ օրգանների միայն, այլ տարածւում են ամբողջ օրգանիզմի վրայ: Օրգանիզմի մէջ չի կարելի բաժանել հաճոյքը նեղութիւնից, աշխատանքը՝ սպառումից՝ անբաժանելի գործողութիւններ են սրանք. աշխատելը ապառել է արդէն ու սպառելը՝ աշխատել: Չի կարելի ասել նաեւ, թէ աշխատանքը ինքնըստինքեան նեղութիւն է ու սպառումը՝ անպատճառ հաճոյք… Յամենայն դէպս, հաճոյք թէ տհաճութիւն, սրանք չեն պատկանում որոշ օրգանների միայն, այլ ընդհանուր են ամբողջ օրգանիզմի համար:

Եթէ ձեռքը յոգնել է աշխատելուց, յոգնութեան տհաճութիւնը զգում է ոչ թէ ձեռքը կամ ոչ միայն ձեռքը՝ ձեռքի մկանունքները, այլ օրգանիզմը ամբողջովին: Միւս կողմից, եթէ բերանը ծծում է մի կտոր շաքար կամ ստամոքսը մարսում է խորոված կաքաւի միս կամ աչքը տեսնում է մի գեղանկար տեսարան կամ ականջը լսում է երաժշտական նուագ, բերանը, ստամքոսը, աչքն ու ականջը չեն որ վայելում են ճաշակելու, մարսելու, տեսնելու եւ լսելու հաճոյքը, այլ օրգանիզմը՝ իբրեւ ամբողջութիւն:

Այդպէս չէ մարդկային հաւաքականութեան մէջ:

Եթէ ես ծամում եմ կաքաւի քնքոյշ միսը ու գոհանակութեամբ լիզում եմ ճարպոտ շրթունքներս,-որսորդը, որ այդ կաքաւը որսալու համար լոյսը չբացուած դուրս է եկել տնից, ժամերով քայլել է լեռներում, մագլցել է ժայռերի վրայ, յոգնել է երկար որոնումներից, տառապել է ցրտից ու տաքից, այդ որսորդը ոչ մի հաճոյք չի զգում, ամենեւին չի կարող ասել, թէ ես ու որսորդը բաժանեցինք աշխատանքը. նա որսաց, ես կերայ… Նոյն օրգանիզմի պատկանող ձեռքն ու ստամոքսը կարող են ասել այդ, որովհետեւ նրանց համար գոհութեան ու դժգոհութեան զգացումը ընդհանուր է, անբաժան, մինչդեռ ես ու որսորդը ունենք յստակօրէն բաժանուած անհատական ապրումներ: Եւ որքան էլ աշխատեմ համոզել յոգնած ու քաղցած որսորդին, թէ նա պէտք է երջանիկ լինի, որովհետեւ ես մեծ ախորժակով կերայ նրա որսած կաքաւը, որսորդը չի հաւատայ ինձ եւ իրաւացիօրէն կ’անուանի կեղծաւոր ու խաբեբայ:

Եթէ փափկասուն տիկինը՝ Փարիզի Մեծ Օպերայի ամենամյա պարահանդէսում զարդարել է իր մարմարեայ կուրծքն ու ուսերը գեղեցիկ ժանեակներով, թոքախտից հիւծուած այն աղջիկը, որ իր ցուրտ մանսարտում երկար ցերեկներ ու երկար գիշերներ կուրացրել է իր աչքերը ժանեակը գործելիս՝ այդ աղջիկը մասնակից չէ տիկնոջ երջանկութեան, տիկնոջ յաղթական գեղեցկութիւնը չի լցնում հպարտութեամբ նրա արիւնաքամ սիրտը:

Եթէ նավթարդիւնաբերութեան «թագաւորներից» մէկը Նիցցայում կամ Բիարրիցում վճարում է հարիւր հազար ֆրանկ այդ օրուայ հերոսուհի demi-mondaineի մի համբոյրի համար, բանուորը, որ հեռաւոր Բագուայ կամ Պենսիլուանիի ցեխի ու մուրի մէջ հանել է գետի խորքերից այդ հարիւր հազարը, բնաւ չի զգում այդքան թանկագին համբոյրի քաղցրութիւնը. համբոյրը մնում է «խօզէին»ին, իսկ բանուորին՝ ցեխն ու մուրը…

Ասել, թէ մարդկային հասարակութեան մէջ աշխատաւոր, արդիւնաբերող դասակարգերը նոյնն են ինչ որ  օրգանիզմի մէջ ձեռներն ու ոտները, իսկ իշխող ու վայելող դասակարգերը՝ ուղեղն ու ստամոքսը, սա կամ շատ խոշոր թիւրիմացութիւն է, կամ՝ փարիսեցիութիւն, կամ՝ լրբենի ծաղրանք:

Այս այսպէս լինելով հանդերձ վերսկսում եմ ընդհատած խօսքս՝ կայ այնուամենայնիւ որոշ նմանութիւն անհատական ու հաւաքական օրգանիզմների միջեւ եւ մարդկութիւնը կազմող որոշ խմբաւորումները կամ բաժանումները իրօք կարելի է նմանեցնել օրգանների: Եւ այս կարգի անալոգիաների մէջ առաջին տեղը պիտի տրուի ազգային խմբաւորումներին, որ կարելի է նկատել իբրեւ մի ուրոյն ու շատ կարեւոր օրգան համամարդկային օրգանիզմի մէջ, հոգեկան կեանքի եւ հոգեկան մշակոյթի օրգան:

Ազգ-օրգանը պարազիտ չէ: Նա ոչ միայն սպառում է, այլ եւ առատօրէն արտաբերում՝ կուտակում է, խտացնում, զարգացնում եւ անընդհատ ստեղծագործում հոգեկան արժէքներ, արժէքներ, առանց որի մարդը մարդ չէ:

Եւ ազգը համամարդկային օրգան է այն մտքով, որ ամէն մի ազգային ստեղծագործութիւն ոչ միայն ազգային է, այլ նաեւ համամարդկային, որովհետեւ ազգային արժէքների սպառողը ոչ միայն ազգն է, այլ եւ մարդկութիւնը իր ամբողջութեամբ:

Միտքս պարզելու համար դիմեմ մի անգամ եւս լեզուի օրինակին:

Ասել եմ արդէն, որ լեզուները անփոխարինելի են ու անթարգմանելի… Բնականօրէն հարց է ծագում. եթէ ճիշդ է իմ ասածը, ապա ուրեմն ի՞նչ համամարդկային արժէք կարող են ունենալ այդ անթարգմանելի ազգային լեզուները: Օրինակ, ի՞նչ արժէք կարող են ունենալ ռուսի համար անգլիական լեզուի հարստութիւնները, եթէ ռուսը չի հասկանում անգլիերէն ու անգլիացու խօսքն էլ չի կարելի թարգմանել ռուսերէնի…

Հակասութեան մէջ չե՞մ ընկնում արդեօք:

Ոչ, հակասութիւն չկայ:

Անգլիերէն ասուած խօսքը չի կարելի թարգմանել ռուսերէն, դա ճիշդ է: Բայց դա չի նշանակում, թէ անգլիերէնից թարգմանուած կամ անգլիական ազդեցութեան տակ կազմուած ռուսական խօսքը չի պարունակում իր մէջ անգլիական տարրեր: Պարունակում է անպայման, անհրաժեշտօրէն չի կարող չպարունակել: Որքան էլ թարգմանութիւնը ռուսերէն լինի, այնուամենայնիւ, թարգմանական ռուսերէնի վրայ մնում է բնագրի կնիքը, ինչ որ մի բան, որ թերեւս անկարելի լինի բացատրել, բայց որ զգացւում է յստակօրէն: Երբ ես կարդում եմ ռուսերէն լեզուով անգլիերէնից թարգանուած մի վէպ, առանց գիտենալու հեղինակի ազգութիւնը եւ անկախ վէպի բովանդակութիւնից, գլխի եմ ընկնում՝ համարեա առանց վրիպումների, որ կարդացածս անգլիական գրուածք է. բնագրի լեզուն կարծես թափանցում է թարգմանութեան տողերի տակից: Անուշադիր, անպատրաստ կամ լեզուային նրբութիւնները նկատելու անընդունակ ընթերցողը կարող է չտեսնել, չհասկանալ տարբերութիւնը, բայց տարբերութիւնը այնուամենայնիւ կայ եւ անխուսափելիօրէն ազդում է ընթերցողի մտքի վրայ, ընդարձակում է ու զօրացնում խօսելու կարողութիւնը, լեզուային նոր կարելիութիւններ է պատւաստում նրան:

Յովհ. Թումանյանը թարգմանել է ռուս ժողովրդական «բիլինաներից» մէկը «Մուրոմի Իլիան Վլադիմիր իշխանի պալատում»: Արտակարգ յաջողութեամբ է կատարել այս խիստ դժւար գործը, լեզուն անվիճելիօրէն հայերէն է, ինչպէս եւ առհասարակ Թումանյանի ամէն մի ասած կամ գրած խօսքը, բայց եւ այնպէս սա այն լեզուն չէ, որով նոյն Թումանեանը պատմած է, օրինակի համար, Սասմայ ծուռ Դաւթի վէպը:

Երկուսն էլ հայերէն են, մի քիչ տարբեր տեսակի… Եւ եթէ մեր տաղանդաւոր բանաստեղծը գիտենար անգլերէն ու թարգմանած լինէր նաեւ անգլիական «բալլադ»ներից մէկը, այս նոր թարգմանութեան լեզուն էլ, իր հերթին՝ չէր նմանի ոչ Մուրոմցի Իլիայի, ոչ Սասմայ Ծուռի լեզուին. մի նոր բան կը լինէր սա՝ միշտ հայերէն մնալով հանդերձ:

Եւ մեր լեզուն շատ բան շահած կը լինէր անգլիական «բալլադ»ի թարգմանութիւնից, ինչպէս շահել է ռուսական «բիլինայ»ի թարգմանութիւնից. թարգմանիչը, շփման գալով անգլիական լեզուի հետ, նոր գծեր ու նոր շեշտեր կը մտցնէր իր հայերէնի մէջ, ինչպէս մտցրել է՝ շփման գալով ռուսերէնի հետ:

Թերեւս անգիտակցօրէն ու ակամայից, բայց անխուսափելիօրէն անելու էր այդ: Հայ լեզուն, որ արդէն իր կազմակերպման շրջանում բարդ է եղել, կրել է դարերի ընթացքում շատ զօրեղ ազդեցութիւններ դրսից. պարսկական, յունական, քրդական, վրացական, արաբական, թուրքական, իսկ վերջերս նաեւ ռուսական, լեզուները դրել են յաջորդաբար իրենց դրոշմը մեր խօսքի վրայ:

Եւ դա լաւ է եղել. մենք հոգեպէս հարստացել ենք, առնելով օտար լեզուներից այն, ինչ պակասել է մերինին, ընդարձակել ենք, զօրեղացրել ու բազմացրել արտայայտուելու մեր սեփական միջոցները:

Դարձեալ պիտի հրաւիրեմ ընթերցողի ուշադրութիւնը. մի որոնէք հակասութիւն այստեղ ու նախընթաց էջերում ասածներիս մէջ, երբ խօսքս բազմալեզուանի կամ կէս-լեզուանի մարդկանց մասին էր. օտար լեզուներից օգտուելը չի նշանակում անպատճառ կորցնել կամ փչացնել սեփականը, ամբողջ խնդիրը նրանում է, թէ ինչ է փոխ առնւում դրսից, ինչպէս եւ ինչ քանակով:

Եղիշէն, Նարեկացի Գրիգորը, Նահապետ Քուչակը, Սայաթ Նովան ու Սունդուկեանը, սրանք բոլորն էլ հայերէն են գրել ու երգել, թէեւ բոլորն էլ մեծապէս ազդուած են եղել օտար լեզուներից եւ այդ պատճառով է նաեւ, որ նրանց խօսքը այնքան լիահնչուն է, այնքան արտայայտիչ ու ազդու:

Տաբեր բան է՝ իւրացնել, օրգանապէս կապելով իւրացրածը սեփականի հետ, եւ տաբեր բան է՝ մեքանիքօրէն խառնել իր լեզուին օտար բառարան, օտար քերականութիւն, օտար ու խորթ ոճ: Առաջի դէպքում՝ լեզուն սնւում է, մինչդեռ երկրորդ դէպքում՝ հիւանդանում է ու այլասերում:

Ես ընկել եմ ռուսերէնի տիրական ազդեցութեան տակ այն հասակում, այնպիսի պայմանների մէջ, երբ իւրացնել՝ պահելով հանդերձ իմ սեփականը, անկարող եմ եղել: Բայց այդ մի օրինակի կողքին կարող եմ դնել իսկոյն մի ուրիշ օրինակ՝ իմ հանգուցեալ բարեկամ Թումանեանի օրինակը: Թումանեանը մօտեցել է ռուսերէնին այն ժամանակ միայն, երբ անխօրտակելիօրէն հաստատուած է եղել հայերէնի մէջ եւ միանգամայն տարբեր արդիւնք է ստացել. այնտեղ, ուր ես ունեցել եմ ողբալի կորուստ, Թումանեան շահել է  մեծապէս. ես փչացրել եմ ընդմիշտ իմ լեզուն, Թումանեանը աւելի եւս զինել է իրենը:

Ռուսի լեզուն թշնամի չէ իմ հայերէնին, ոչ էլ վտանգ կամ սպառնալիք:

Վտանգ ու սպառնալիք դառնում է այն դէպքում միայն, երբ ես չգիտեմ նրանից օգտուելու ձեւն ու չափը կամ երբ ռուսը յարձակողականի է դիմում եւ, օգտուելով կողմնակի ոյժերից ու հանգամանքներից, արգելքներ է դնում իմ լեզուի ազատ զարգացման ու արհեստականօրէն պատուաստում է ինձ իր ռուսերէնը:

Հարկաւ, այդ դէպքում վտանգ կայ եւ ինձ չի մնում ուրիշ բան, քան տէր կանգնել իմ ժառանգական սեփականութեան, դիմել ինքնապաշտպանութեան ամէն հնարին միջոցի ու թոյլ չտալ, որ թալանեն ինձ:

Բոլոր լեզուային կամ, ընդհանրապէս, ազգային պայքարի այդ ձեւը չի բխում երեւոյթների էութիւնից եւ եթէ իրականութեն մէջ յաճախ տեղի է ունենում, պայմանաւորւում է կողմանկի պատճառներով:

Էապէս ռուսը բնաւ չի շահագրգռուած, որ խեղդուի կամ արմատախիլ արուի իմ հայերէնը: Հակառակը, մեծապէս շահագրգռուած է, որ իմ լեզուն էլ՝ միւս լեզուների շարքում, ապրի ու զարգանայ: Շահագրգռուած է, որովհետեւ ինքն էլ կարող է մի բան սովորել, մի բան փոխ առնել ու իւրացնել իմ լեզուից, այնպիսի մի բան, որ չի կարող տալ ոչ իր ռուսերէնը, ոչ գերմաներէնը, ոչ ֆրանսերէնը: Որքան էլ համեստ ու աղքատ լինի այսօրուայ հայ գրականութիւնը, այնուամենայնիւ նա ունի այնպիսի էջեր, որ ռուսը չի գտնի իր սեփական շատ ճոխ գրադարանի մէջ: Ի՞նչ շահ ունի նա ցամաքացնելու այդ ինքնայատուկ ստեղծագործութեան ազբիւրը, եթէ ինքն էլ կարող է խմել ու խմում է նոյն ջրերից:

Ազգերն ու լեզուները, իբրեւ այդպիսիներ-թշնամիներ չեն, այլ բնածին դաշնակիցներ, որ մեծ կարիք ունեն համագործակցելու եւ, փոխադարձաբար, միմիանց պակասը լրացնելու:

Կայ անշուշտ մի յատուկ պայքար, որ բնական է ու անխուսափելի նաեւ ազգերի միջեւ: Դա նոյն պայքարն է, որով առաջնորդւում է եւ առաջադիմումկեանքն առհասարակ, բոլոր կենդանի էակներն ու հաւաքականութիւնները ընդհանրապէս. պայքար, որը բխում է ապրելու, ինքնահաստատուելու եւ զարգանալու, մեծանալու առողջ բնազդից: Հարկաւ, այստեղ լինելու են յաղթողներ ու յաղթուածներ. թոյլերը, անպէտքները, անկենսունակները բնաջնջուելու են ու տեղ են տալու աւելի ուժեղներին, աւելի կենսունակներին, աւելի օժտուածներին:

Այդ պայքարը ոչ միայն անխուսափելի է, այլ եւ ցանկալի, քանի որ «բնական ընտրութեան» ճանապարհով հաստատւում են միշտ աւելի ու աւելի բարձր ազգային տիպեր:

Մի պայմանով սակայն պայքարը պէտք է կատարուի ազատ մրցման շրջանակում, պէտք է պայքարեն իրօք ազգային տարրերը, որպէսզի յաղթութիւնը տանի իրօք ազգայնօրէն ուժեղը ու պարտուի իրօք ազգայնօրէն անպէտքը: Ուրիշ խօսքով, պէտք է պայքարեն, յաղթեն ու յաղթւին մշակոյթները, զինուած մշակոյթային միջոցներով եւ ոչ ուրիշ կարգի զէնքերով:

Բնագիտական աշխարհում կեանքի կռիւը կենդանական կամ բուսական տեսակների մէջ ղեկաւարւում է՝ միմիայն ու ամբողջովին, բնական օրէնքներով. ամէն բան տարերային է այնտեղ կամ զուտ բնազդային. չկայ ոչ գիտակցող միտք, ոչ գիտակցած կամք: Ուրիշ բան է սոցիալական աշխարհը. այստեղ մարդ ձգտում է ու գէթ մի փոքր չափով, կարող է հակադրել բնութեան կոյր ոյժերին իր գիտակցութիւնն ու կամքը:

Սոցիալական աշխարհում կատարուող երեւոյթների վերաբերմաբ մարդը պէտք է ու գէթ մասամբ կարող է ունենալ իր պահանջները, արտայայտել իր կամքը, տարբերել ցանկալին ոչ ցանակալիից, բարին՝ չարից:

Պատմամշակութային խմբաւորումների միջեւ տեղի ունեցող անխուսափելի պայքարը պէտք է դրուի ու գէթ մասամբ կարող է դրուել այնպիսի պայմանների մէջ, որ ապահովուած լինի լաւագոյն ելքը, լաւագոյնը՝ մարդկային հասկացողութեամբ, հարկաւ: Եւ որքան աւելի բարձր ու յստակ է գիտակցութիւնը, որքան աւելի կազմակերպուած է մարդու հաւաքական կամքը, այնքան աւելի զինուած է նա՝ իր իդէալները իրականացնելու համար:

Պէտք է տարբերել պայքարի զէնքն ու ձեւերը, յաղթելու ու պարտուելու պայմանները:

Եթէ հայ լեզուն այնքան թոյլ է ներքուստ, կարելիութիւններով այնքան աղքատ, զարգանալու անընդունակ ու այնքան անկենսունակ, որ յաղթւում է, բախման գալով ռուս կամ թուրք լեզուների լեզուային կարողութեան հետ, բնական է ու լաւ, որ մեռնի աստիճանաբար ու ասպարէզը թողնի թուրքերէնին կամ ռուսերէնին կամ նոր կազմակերպուող մի լեզուի:

Բայց եթէ հայ լեզուն մեռնում է, իսկ ռուս կամ թուրք լեզուն յաղթանակում է այն պատճառով միայն, որ ռուսը կամ թուրքը փակում է հայ երեխայի առջեւ իր մայրենի դպրոցի դռները ու բռնի դնում ձեռքը ռուսերէն կամ թուրքերէն դասագիրք, սա արդէն հիւանդ կամ անկենսունակ հայերէնի բնական մահը չէ, այլ մի պարզ սպանութիւն: Դպրոց փակել կամ ոստիկանական միջոցներով օտար լեզու պատուաստել, մի լեզու իրաւազուրկ անել, իսկ միւս մենաշնորհ կամ արտօնեալ դիրքի մէջ դնել. սա ազգային, այսինքն՝ մշակոթային պայքար չէ, այլ բոլորովին տարբեր բան:

Եւ այսպիսի պայքարի մէջ կարող է յաղթւել, բնաջնջուել լաւագոյնը, աւելի արժէքաւորը՝ յօգուտ պակաս արժէքաւորի: Որովհետեւ ժողովուրդների ազգային կարողութիւնը ոչ միշտ համաչափ է իրենց միւս կարողութիւնների, օրինակ՝ պետական կամ զինուորական կարողութեան:

Ահա մի օրինակ: Եթէ համեմատութեան դնէք հայկական ճարտարապետութիւնը միջին դարերում եւ մեր օրերում, ասենք՝ համեմատէք Անիի Մայր Եկեղեցին Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկիչ Եկեղեցու հետ, կը տեսնէք, որ մեր ազգային արուեստը ութը հարիւր տարուայ ընթացքում ոչ միայն չի արել որեւ յաջողութիւն, այլ ակներեւօրէն յետադիմել է, թէ գեղարուեստի եւ թէ նոյնիսկ արհեստի տեսակէտից:

Ինչո՞ւ է եղել այդպէս, ի՞նչ պատահեց Անին կառուցանող մեծ վարպետների ժառանգներին, ինչո՞ւ սրանք չշարունակեցին, անընդունակ եղան շարունակելու հայերի սկսած այնքան գեղեցիկ գործը: Թերեւս հայկական ճարտարապետութիւնը ԺԱ.-ԺԲ. դարերում ասել էր արդէն իր վերջի խօսքը, սպառել էր բոլոր կարողութիւնները, ինչպէս ասենք սպառել են իրենց ժամանակին եգիպտական կամ գոթական ճարտարապետութիւնները՝ սնանկացել էր ներքուստ, ուրեմն եւ բնականօրէն պիտի մեռնէր, տեղ տար աւելի կենսունակ մի արուեստի…

Ոչ, ԺԱ. դարում հայկական ճարտարապետութիւնը դեռ նոր էր գտել իրեն, դեռ շատ բան ունէր ասելու, լի էր կարողութիւններով, առողջ էր ու կենսունակ:

Բայց դրսից մի ոյժ՝ թուրքերի զինուորական ոյժ, որ իր ձիերի սմբակների տակ տրորեց հայ մշակոյթի խաղիկները ու դարերով կասեցրեց ամէն մի յառաջադիմութիւն:

Մշակոյթների պայքար չէր սա, այլ մշակոյթի բնաջնջում:

Թուրքերի երկարատեւ տիրապետութեան տակ հայ ազգը վայրենացաւ, զրկուեց նախորդ սերունդների ջանքերով կուտակուած մշակութային բոլոր արժէքներից եւ իր հոգու անթափանցելի խորքերում հազիւ կարողացաւ փրկել պապենական ճոխ ժառանգութեան բեկորներն ու սաղմերը միայն՝ հեռաւոր ապագայում նոր ծիլեր տալու համար:

Թուրքերից առաջ Հայաստան տեսել է ուրիշ աշխարհակալներ՝ պարսիկներ, յոյներ, հռովմէացիներ, արաբներ… Սրանք եւս ոյժի մարդիկ էին, որ զէնքով տիրացան մեր երկրին ու երկար ժամանակներ պահեցին մեզ իրենց իշխանութեան տակ: Բայց սրանք բերել էին, զինական ոյժի հետ միասին, նաեւ մշակոյթի ոյժ եւ սրանց ձեռով ներմուծած մշակութային նոր արժէքների շնորհիւ բեղմնաւորուել ու լաւագոյն պտուղներ էր տուել մեր սեփական ազգային մշակոյթը: Անին՝ գերազանցօրէն հայկական լինելով հանդերձ՝ ունի իր մէջ եւ պարսկական, եւ յունական, եւ արաբական տարրեր:

Որքան էլ կորստաբեր եղած լինի մեր երկրի համար այս օտարների տիրապետութիւնը, անհերքելի է, սակայն, որ նա ունեցել է եւ դրական հետեւանքներ: Կորցնելով քաղաքական անկախութիւն, մենք հարկաւ զրկուել ենք ազգային մշակոյթը զարգանալու շատ կարեւոր միջոցներից: Բայց, միւս կողմից, շփման գալով օտար մշակոյթների հետ, մենք շատ բան ենք սովորել, ընդօրինակել ու իւրացրել:

Այսպէս չի եղել թուրք-թաթարական ցեղային յաղթանակն ու տիրապետութիւնը. սրանք ամէն բան քանդել են եւ փոխարէնը չեն տուել ոչինչ: Չեն տուել, որովհետեւ ոչինչ չեն ունեցել տալու: Ոչ միայն մի նոր բան չեն սովորեցրել մեզ, այլ եւ ծանր փականքներ գրել մեր սեփական ստեղծագործութեան վրայ, զրկել են յառաջադիմելու ամէն հնարաւորութիւնից: Իսկ ով չի յառաջադիմում ՝արդէն յետադիմում է: Եւ ահա, Անիի ճարտարապետական գոհարներից ութ դար յետոյ, մենք չենք կարողացել շինել մի ուրիշ բան, քան Ալեքսանդրապոլի կոպիտ ու տձեւ Սուրբ Փրկիչը, իսկ Տրդատ ճարտարապետի այլասերուած ժառանգները կառուցել են Բոսֆորի ափերին այնքան գռեհկօրէն ճոխ ու գեղարուեստականօրէն այնքան սնանկ, այնքան անհեթեթ պալատներ…

Մենք շատ բան կորցրինք թուրքական լուծի տակ:

Բայց կորուստը մերը չէր միայն. թուրքական տիրապետութիւնը հայ երկրի վրայ, կործանելով հայ ազգային մշակոյթը, միաժամանակ, եւ այդ իսկ պատճառով՝ թուլացրեց նաեւ համամարդկային օրգանիզմը, որովհետեւ անգործութեան եւ յետադիմութեան մատնեց նրա ստեղծագործող օրգաններից մէկը:

Ահա՛ մի հանգամանք, որ լրջօրէն հաշուի պիտի առնուի ամէն անգամ, երբ դրւում է ազգային պայքարի խնդիրը:

Եթէ ազգերի մէջ տեղի ունեցող պայքարի ելքը որոշւում է միմիայն ֆիզիքական ոյժի գերազանցութեամբ, յաղթանակը կարող է լինել, ու յաճախ լինում է, կորստաբեր ամբողջ քաղաքակրթութեան համար առհասարակ, ուրեմն, նաեւ հենց իրեն՝ յաղթողի համար:

Պէտք է մի քայլ էլ առաջ գնալ:

Կորուստը տեղի է ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ ստորին կամ անպտուղ մշակոյթը գալիս է խեղդելու աւելի բարձր աստիճանի մշակոյթ, այլ եւ այն ժամանակ, երբ խեղդուողը՝ աւելի թոյլ լինելով հանդերձ, ինքնըստինքեան կենսունակ է ու առողջ, ընդունակ է զարգանալու եւ իր ուրոյնութիւնը հաստատելու:

Այսօր ռուս ազգը շատ աւելի զօրեղ է, քան հայ ազգը, եւ ոչ միայն ֆիզիքապէս՝ իր ծաւալով, նիւթական կարողութիւններով, պետական կազմով ու զինուորական ոյժով, այլ նաեւ ազգայնօրէն, այսինքն՝ իր ազգային մշակոյթով: Այսպէս, ռուսական գրականութիւնը շատ աւելի զօրեղ է եւ ըստ քանակի, եւ ըստ որակի, քան՝ հայկականը: Բայց եթէ, ինչ-ինչ պատճառներով ու ինչ-ինչ միջոցներով, առանց ոստիկանական, տնտեսական կամ օրէնսդրական ճնշումների ռուսական գրականութիւնը գար խեղդելու հայկականը՝ սա կը լինէր կորուստ, անպայման կորուստ:

Որովհետեւ այն հանգամանքը, թէ ռուսականի հետ համեմատած հայ գրականութիւնը պակաս ուժեղ ու պակաս հարուստ է դեռ ապացոյց չէ, թէ նա ինքըստինքեան անկենսունակ է, անպէտք ու անարժէք, անպտուղ… Եթէ այս ճամբու վրայ կանգնելու լինէինք, պէտք է մահուան դատապարտէինք նաեւ ռուս գրականութիւնը, որովհետեւ սա եւս իր հերթին պակաս զօրեղ ու պակաս հարուստ է անգլիականի հետ համեմատած:

Համամարդկային տնտեսութեան ու յառաջդիմութեան տեսակէտից, հայ գրականութեան, ուրեմն եւ հայ լեզուի, ուրեմն եւ հայ ազգի մահը ողջունելի կը լինէր այն դէպքում միայն, երբ նա սպառած լինէր իր բոլոր կարողութիւնները, ստեղծագործելու ամբողջ ընդունակութիւնը եւ իբրեւ մի պարազիտ քաշ տալիս լինէր կէս-կենդան գոյութիւն: Կենդանի դիակներ կամ դիակացած կեանքեր հարկաւոր չեն մարդկութեան եւ իսկ դիակներին իրենց, ու որքան շուտ յանձնուած հողին՝ այնքան լաւ:

Ազգերը անմահական չեն: Եւ եթէ մի ազգի մահուան պատճառը իր իսկ ներսից է, ասենք՝ օրգանական է,- ոչ վրդովուելու, ոչ էլ ցաւելու պատճառ ունենք. մահը այն մեծ սանիտարն է, որ մաքրում է երկրագունդը անպէտքացած էակներից ու տեղ պատրաստում նոր կեանքի համար:

Ուրիշ բան է, երբ կատարւում է սպանութիւն:

Այստեղ արդէն շատ բան ունենք ասելու, որովհետեւ սա ամենից պիղծ ոճիրն է՝ ոչ միայն սպանուողի, այլ եւ ամբողջ մարդկութեան համար:

Եւ եթէ մարդկութիւնը անտարբեր ականտես է մնում կատարուող ոճիրին կամ փորձ չի անում պատասխանատուութեան կանչելու ազգասպանին, մարդկութիւնը ինքը արդէն ոճրագործ է ու մեծ կարիք ունի ինքնաբուժման:

Իսկ եթէ մարդկութիւնը չունի միջոցներ ազգերի կեանքի ապահովելու կամ նրանց դէմ կատարուած ոճիրները պատժելու համար, ինչպէս պետութիւնները օրէնքի, դատարանի ու զինուած ոյժերի միջոցով ապահովում են քաղաքացիների կեանքը ու պատժում ոճրագործներին, ապա ուրեմն մարդկութիւնը վատ է կազմակերպուած ու պէտք ունի հիմնովին վերակազմուելու՝ լաւագոյն սկզբունքներով:

Պահնաջը ուտոպիական չէ:

Ինքնապաշտպանութեան ու փոխադարձ օգնութեան անհրաժեշտութիւնը, որ ծնունդ է տւել ու կազմակերպել բոլոր կարգի հաւաքականութիւնները առհասարակ, այդ նոյն անհրաժեշտութիւնը տանելու է անխուսափելիօրէն դէպի միջազգային մի մեծ կազմակերպութիւն: Հարկաւոր է միայն մի քիչ աւելի լայն տեսութիւն, մի փոքր աւելի խոր գիտակցութիւն, քան ունի մարդկութիւնը այսօր: Այդ գիտակցութեան եւ կարողութեան օրը գալու է անշուշտ ու թերեւս այնքան էլ հեռու չէ…

Ազգերի ինքնորոշման իրաւունքը, որ բարձրաձայն յայտարարուեց Մեծ Պատերազմի ընթացքում եւ ազգային փոքրամասնութիւնների խնդիրը, որ դրուեց խաղաղութեան դաշնագիր մշակելու շրջանում, սրանք առաջին քայլերն են այդ ճամբու վրայ, թող որ հեղինակները կողմնակի կամ յետին մտքեր ունեցած լինէին… Յայտարարման փաստը ինքնըստինքեան ապացոյց է արդէն, որ խնդիրը հասունացած է ու լուծում է պահանջում:

Եւ «Ազգերի Լիգա» կոչուած մարմինը, որ այսօր մի դատարկ հնչիւն է միայն, վաղը դառնալու է իրական ոյժ, փոխադարձ ապահովագրութեան մի հզօր կազմակերպութիւն…

Բայց ինչպէ՞ս որոշել, թէ ո՞ր ազգն է կենսունակ ու, հետեւաբար, իրաւունք ունի ապրելու եւ ո՞րը՝ անբուժելի հիւանդ ու, հետեւաբար՝ լաւ է, որ մեռնի:

Ես այդ չգիտեմ եւ չկայ մէկը, որին վստահեմ յանձնել հանելուկի լուծումը:

Առաջին ենթադրութիւնը պէտք է լինի այն, որ ամէն մի ազգ, ունի ազգային գիտակցութիւն ու ազգայնօրէն ապրելու կամք. ամէն մի այսպիսի ազգ, միանգամայն անկախ իր այսօրուայ կարողութեան չափից, կենսունակ է ու պիտանի, հետեւաբար՝ պէտք է ունենայ ապրելու հնարաւորութիւն:

Հակառակը կարող է ապացուցանել մահուան փաստը միայն:

Եթէ մի ազգ՝ ունենալով հանդերձ ապրելու օբեկտիւ բոլոր պայմանները, այնուամենայնիւ չապրեց, մեռաւ, ահա այդ ժամանակ միայն, եւ ոչ դրանից առաջ՝ կարելի կը լինի ասել, թէ նա սնանկ էր, ապրելու անարժան եւ հանգիստ սրտով դագաղ դնել:

Եթէ ես, մի անհատ, ուզում եմ ապրել, ոչ ոք իրաւունք չունի զրկել ինձ օդից, արեգակի լոյսից ու սնունդից՝ պատճառաբանելով, թէ անընդունակ եմ ապրելու: Ունենալ ապրելու տարրական միջոցներ՝սա իմ իրաւունքն է: Զրկել ինձ այդ միջոցներից՝ նշանակում է սպանել ինձ:

Նոյնն է եւ ազգերի վերաբերմամբ:

Անշուշտ, ազգերը, ինչպէս եւ անհատները, պայքարում են կեանքի ու ապրելու միջոցների համար: Եւ պայքարի հետեւանքը բնականօրէն լինում է ուժեղների յաղթանակը՝ ի հաշիւ թոյլերի: Բայց մարդկայնօրէն կազմակերպուած մարդկային հաւաքականութիւնների մէջ ոյժի եւ թուլութեան գաղափարը մի քիչ տարբեր իմաստ ունի եւ պէտք է ունենայ, քան բիոլոգիական աշխարհում: Մարդիկ կազմակերպւում են հենց նրա համար, որ սահման դնեն բիոլոգիական կռուի մարդկայնօրէն անհանդուրժելի ձեւերին, փոխանակեն կոյր ու բիրտ ոյժերը աւելի բարձր կարգի ոյժերով, տնտեսեն մարդկային կեանքերը՝ ընդհանուր շինարարութեան համար:

Եթէ փողոցում մի մարդ իմ քսակին կամ վերարկուին տիրանալու համար, սպանում ու կողոպտում է ինձ, սա եւս պայքար է եւ ուժերի յաղթանակ թոյլի հաշուին՝ յարձակուողը ատրճանակ է ունեցել ձեռին, այսինքն՝ ուժեղ է եղել: Իսկ ես վերարկուիս տակը պողպատեայ զրահ չեմ ունեցել, այսինքն՝ թոյլ եմ եղել: Բայց այս ձեւի պայքար եւ այսպիսի յաղթանակ չի հնադուրժում մարդկային հասարակութիւնը, անթոյլատրելի ու վնասակար է համարում եւ արգիլելու համար զինուած պահակներ է կանգնեցնում փողոցների անկիւներում: Իսկ եթէ սպանութիւնն ու թալանը այնուանմենայնիւ տեղի են ունենում՝ հետապնդում է ու գտնում ոճրագործին, ձերբակալում է, դատի տալիս ու կախաղան հանում:

Ճիշդ նոյն միջոցները, ու ճիշդ նոյն պատճառներով, պէտք է ունենայ կազմակերպուած մարդկութիւնը նաեւ ազգերի կեանքը ապահովելու համար:

Մարդասպանը չի կարող արդարացնել իր արածը այն առարկութիւնով, թէ ինքը ուժեղ է եղել, իսկ ես թոյլ. ապացոյց, որ ինքը կարողացել է ինձ սպանել, իսկ ես չեմ կարողացել պաշտպանել իմ կեանքն ու գոյքը: Իմ այս կարգի թուլութիւնը դեռ ապացոյց չէ, ես անպէտք եմ եղել կեանքի համար, ընդունակ չեմ եղել ու, հետեւապէս, իրաւունք չեմ ունեցել ապրելու: Եւ հակառակը, աւազակի յաղթութիւնները դեռ ապացոյց չէ, թէ նա իրօք աւելի կենսունակ է, աւելի պիտանի է կեանքի համար եւ ուրեմն՝ իրաւունք ունի ապահովելու իր գոյութիւնը՝ իմ հաշուին:

Նոյնը եւ ազգերի միջեւ տեղի ունեցող պայքարի վերաբերմաբ:

Ազգերի մշակութային կարողութիւնը՝ հետեւապէս եւ ազգային արժէքը, ոչ միշտ համաչափ են իրենց ֆիզիքական կարողութեան քանակային, պետական կամ ռազմական ոյժին: Փոքր կոչուած ազգերը յաճախ մեծ դեր են խաղացել ու անգնահատելի ծառայութիւններ են մատուցել մարդկութեան: Պատմութիւնը փայլուն ապացոյցներ է տալիս այս ուշագրաւ ճշմարտութեան:

Եբրայեցիները շատ փոքրիկ ու շատ անկազմակերպ ազգ են եղել, բայց տուել են մարդկութեան Հին ու Նոր Ուխտը, Միաստուածութեան գաղափարը: Հելլադայի յոյները հազիւ մի քանի գաւառակի տէր ազգ են եղել, բայց արել են քաղաքակրթութեան համար աւելի, քան մարդկային այնպիսի ովկիաններ, ինչպիսի էին ու են չինական ու հնդկական ազգերը, էլ չեմ խօսում թուրք-թաթարական ցեղերի մասին: Անգլիական ազգը՝ կէս-վայրենի ցեղերից հազիւ կազմակերպուած, տուել է մարդկութեան Շէքսպիրի թատրոնը ու այսօրուայ լուսաւորեալ պետութիւնների քաղաքական կազմը: Նիդերլանդները, որ ԺԶ. դարում եղել են սպանական հզօր կայսրութեան ծայրագաւառներից մէկը միայն, տուել են հետեւեալ դարում այնպիսի մի ճոխ գեղարուեստ նկարչութիւն, որին հաւասարը թերեւս միայն Իտալիան տուած լինի: Նորվեգիական փոքրիկ ազգը տուեց մեզ մեր օրերում այնպիսի համաշխարհային դէմքեր, ինչպիսի են Իբսենն ու Կնուտ Համսունը…

Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ, որոնց ազգային բնոյթը անվիճելի է. եբրայեցիների կրօնը, հելլէնների քաղաքակրթութիւնը՝ գիտութիւնը, փիլիսոփայութիւնը եւ արուեստը, Շէքսպիրի թատրոնը, անգլիական պետական սահմանադրութիւնը, Նիդերլանդների նկարչութիւնը, Իբսենի ու Համսունի գրական երկերը. սրանք բոլորն էլ անկասկածելիօրէն ազգային ստեղծագործութիւններ են:

Ազգերի վերաբերմամբ «մեծի» ու «փոքրիկի», ուժեղի ու թոյլի, պիտանիի ու անպէտքի խնդիրներ պէտք չէ, որ դրուեն. բոլորն էլ ցանակալի են, բոլորն էլ պիտանի՝ ամէն մէկը իր յատուկ սահմաններում եւ իր կարողութեան չափերով:

Քանի կենդանի է ազգը, ոչ ոք չի կարող ասել, թէ ինչ կարելիութիւններ, ինչ թաքնուած, ներկայումս դեռ անյայտ գանձեր սնուցանում է նա ապագայի համար:

Քանի կենդանի է ազգը՝ ամենից փոքրն իսկ, ամենից համեստը, նա իրաւունք ունի ապրելու, ինքնահաստատուելու ու զարգանալու, իրաւունք ունի իր տեղն ունենալու արեւի տակ:

Ազգերի պահպանումը-մշակոյթային տեսակների պահպանումն է:

Վերացական արդարութեան կամ անառողջ սենտիմենտալիզմի խնդիր չէ սա, այլ լայնօրէն գիտակցած իրական շահերի պահանջ, ոյժերի տնտեսութեան ու աշխատանքի լաւագոյն բաժանման պահանջ:

Ազգային իրաւազրկութիւնների ու ազգային ճնշումների պատճառով, մարդկութեան կէսը անդամալոյծ է այսօր՝ անպտղութեան դատապարտուած: Սա ոչ միայն ոճիր է, այլ եւ բացարձակ յիմարութիւն:

Պահանջը հասունացած է, գիտակցուած ու հրապարակ հանուած: Մենք ապրում ենք մի պատմական շրջան, ուր սոցիալական, դասակարգային մեծ պրոբլեմի կողքին ծառացել է նոյնքան մեծ ազգային պրոբլեմը: Երկուսն էլ պէտք է գտնեն բաւարար ու անյապաղ լուծում: Աշխարհի տէրերը՝ իշխող դասակարգերն ու իշխող ազգերը, պէտք է հասկանան դրութիւնը ու հարթեն ճամբան պատմութեան առջեւ: Հակառակ դէպքում հին ու հնացած աշխարհին ըսպառնում է այնպիսի մի աղէտ (catastrophe), որի նմանը գուցէ դեռ չի տեսել մարդկութիւնը Հռովմի անկումից յետոյ:

Ազգայնօրէն կազմակերպուելու, ինքնահաստատուելու, զարգանալու, յառաջադիմելու եւ լրիւ արտայայտելու համար ազգ կազմող մարդիկ պէտք է ունենան իրենց Հայրենիքը:

Ի՞նչ ասել է Հայրենիք:

Նկատեցեք մի շատ բնորոշ հանգամանք. որքան սովորական են մեր լեզուի մէջ «ազգ» ու «ազգասիրութիւն» բառերը, նոյնքան անսովոր, օտարոտի ու խորթ են «հայրենիք» ու «հայրենասիրութիւն» բառերը: Տասնեւիններորդ դարում տեղի ունեցած մեր վերածնունդի շրջանում այնքան ենք խօսել «ազգից» ու «ազգասիրութիւնից», խօսել ենք տեղի ու, մանաւանդ, անտեղի, ճիշդ ու, մանաւանդ, սխալ իմաստով, անկեղծօրէն ու, մանաւանդ, կեղծաւորաբար, ու բառերը մաշուել են մշտական գործածութիւնից, կորցրել են արժէքը ու խոշոր չափերով վարկաբեկուել… Մինչդեռ «հայրենիքն» ու «հայրենասիրութիւնը» այն աստիճանի խորթ են եղել մեր լեզուին ու ականջին, որ, օրինակ, եւրոպական patriotism-ը թարգմանել ենք «ազգասիրութիւն» բառերով:

Եթէ շարքային հայ մարդու բերանից լսում էք ստէպ-ստէպ «հայրենիք» բառը, եթէ գրագէտ մշեցին «հայրենիք» է անուանում Տարօնի հովիտը, կարնեցին՝ Կարնոյ Բարձրաւանդակը, երեւանցին՝ Արարատեան դաշտը, զանգեզուրցին՝ Սիւնիքի ձորերը, այստեղ բառը ունի սոսկ «ծննդավայր»ի իմաստ, ոչ աւելին:

Բայց ծննդավայրը դեռ Հայրենիք չէ եւ նոյն իսկ ոչ միշտ Հայրենիքի մի մասը, ինչպէս եւ «ազգասիրութիւն»ը patriotisme չէ. տարբեր բովանդակութեան ու տարբեր ծաւալի գաղափար են սրանք:

Ինչո՞ւ է եղել այսպէս, ինչո՞վ պէտք է բացատրել բառերի այս շփոթումը մեր մէջ «ազգ»ի ժողովրդականութիւնը եւ «հայրենիք»ի անժողովրդականութիւնը:

Պատասխանը դժուար չէ գտնել:

Դարերից ի վեր մենք կազմել ենք Ազգ, դարեր շարունակ, աւելի կամ պակաս ուժգնօրէն, ապրել ենք ազգային կեանք, ունեցել ենք հնուց ու այսօր էլ ունենք շատ շեշտուած ազգային գիտակցութիւն: Եւ բնական է ու հասկանալի, որ մտցրել ենք մեր ամէնօրեայ բառարանի մէջ այդ գիտակցութիւնն արտայայտող բառը:

Իսկ Հայրենի՞ք:

Հայրենիք վաղուց է, որ չունենք: Աւելին, բառի իսկական իմաստով գուցէ երբեք էլ չենք ունեցել: Եւ եթէ ունեցել ենք հեռաւոր անցեալում Հայրենիքի նման մի բան, այդ Հայրենիքը եղել է այնքան թերի, անկայուն ու անցողակի, իսկ գաղափարը՝ այնքան աղօտ, այնքան սաղմնային, որ չի ձգել ամուր արմատներ մեր հաւաքական գիտակցութեան խորքում ու չի ձուլուել անջնելի բառի մէջ: Իրի ու գաղափարի անգոյութեան կամ երկարատեւ բացակայութեան պատճառով, մենք մոռացել ենք բառը, եթէ միայն գիտակցել ենք երբեւիցէ, մոռացել ենք այնքան հիմնովին, որ այսօր վերստին սովորելու կարիք ունենք:

Հարկաւ, գործածութեան մէջ մենք ունեցել ենք «Հայաստան» բառը: Բայց մինչեւ երէկուայ օրը ի՞նչ բովանդակութիւն ենք դրել այդ բառի մէջ:

Մինչեւ, երէկ մենք հասկացել ենք «Հայաստանը» իբրեւ աշխարհագրական, պատմական կամ, առ առաւելն՝ իբրեւ ցեղագրական (ethnographie) տերմին: Հայրենիք չէ դա: Անշուշտ, Հայրենիքը պարունակում է իր մէջ անհրաժեշտօրէն եւ աշխարհագրական, եւ պատմական, եւ ազգագրական տարրեր, բայց իր ամբողջութեան մէջ մի բան աւելի է, քան տարրերը. էապէս քաղաքական գաղափար է Հայրենիքը: Եւ ահա այդ էականն է, որ պակասել է մեր ըմբռնողութեան, որովհետեւ պակասել է մեր պատմական կեանքին:

Քաղաքացիի համար Հայրենիքը այն երկիրն է, որի տէրն ու տնօրէնը ինքն է, իր համաքաղաքացիների հետ միասին:

Ազգերի համար Հայրենիքը ազգային Պետութիւնն է:

Հայրենիքը կազմելու, այսինքն՝ մի երկրի տէր ու տնօրէն լինելու միակ միջոցը պետութիւն հաստատելն է: Այսպէս է եղել անցեալներում, այսպէս է ներկայում եւ, հաւանօրէն, ու, դժբախտաբար, այդպէս է լինելու դեռ երկար ժամանակ:

Տեսականօրէն դժուար չէ պատկերացնել մարդկային համակեցութեան այնպիսի մի ձեւ, որի մէջ զանազան կարգի խմբաւորումներ՝ սրանց թւում նաեւ ազգեր, իբրեւ պատմամշակութային ուրոյն միութիւններ, կազմեն արտապետական, անիշխանական հայրենիքներ, այսինքն՝ այնպիսի հայրենիքներ, որոնք կապուած չեն պետական կառուցուածքից անբաժան բռնութեան հետ: Այդպիսի մի կացութիւն ոչ միայն դժուար չէ պատկերացնել, այլ եւ լուրջ տուեալներ կան ենթադրելու, թէ այդ ուղղութեամբ է ընթանում պատմութիւնը եւ այդտեղ է բերելու ի վերջոյ:

Անհերքելի է, սակայն, որ անիշխանական ապագայի հնարաւորութիւնները ենթադրում է այնպիսի խոր, այնպիսի արմատական փոփոխութիւններ թէ մարդու անհատական հոգեբանութեան եւ թէ գոյութիւն ունեցող ընկերային փոխյարաբերութիւնների մէջ, որ պետութիւնների իրաւասութեան աստիճանական սահմանափակումը կատարւում է շատ դանդաղօրէն եւ ի սպառ վերացումը պահանջելու է շատ երկար ժամանակ: Եւ ինչ հեռանկարներ էլ գուշակի կամ ծրագրի ապագայի համար անիշխանականը, անհերքելի է, որ պատմական ներկայ շրջանում պետութիւնն է, ու միայն պետութիւնը, որի մէջ կարող է մարմնանալ, գէթ մասամբ, քաղաքացիի ու ազգի Հայրենիքը:

Ասում եմ՝ գէթ մասամբ, որովհետեւ անցեալ ու ներկայ պետութիւններից եւ ոչ մէկը չի եղել իսկական ու լրիւ Հայրենիք պետութիւնը կազմող բոլոր անհատների ու ամբողջ ազգի համար:

Պետութեան կազմի մէջ լինելը, ինքնըստինքեան, դեռ չի նշանակում տէր լինել այդ պետութեան, ուրեմն, եւ չի նշանակում՝ Հայրենիք ունենալ: Պետութիւններ կազմող ազգերն ու մարդ-անհատները միշտ բաժանուած են եղել եւ դեռ այսօր էլ մնում են բաժանուած երկու տարբեր դասերի՝ իշխողների ու իշխուածների, իշխանութեան տէրերի ու իշխանութեան ենթակաների: Մի կողմից՝ աւելի կամ պակաս իրաւատէր «քաղաքացիներ», միւս կողմից՝ աւելի կամ պակաս իրաւազուրկ «հպատակներ», իսկ հին աշխարհում նաեւ ճորտեր՝ ահա՛ պետութեան կազմը:

Քաղաքացին քաղաքացի է եւ, հետեւապէս, ունի Հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տէր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականպէս իրաւազուրկ մարդը, Հայրենիք չունի, ինչպէս չունի Հայրենիք նաեւ քաղաքականապէս իրաւազուրկ ազգը:

Չունի, բայց ձգտում է ունենալու եւ, ժամանկի ընթացքում, մեծ նուաճումներ է կատարել ու շարունակում է կատարել այս ուղղութեամբ:

Անշուշտ, այսօրուայ ամենից աւելի ազատաշունչ պետութիւնների մէջ անգամ՝ այն պետութիւնների, որ «ռամկավար» հանրապետութիւններ են անուանւում եւ ուր, ըստ օրէնքի, բոլոր քաղաքացիները ու քաղաքացիների բոլոր կարգի խմբաւորումները վայելում են հաւասար իրաւունքներ, այդ պետութիւնների մէջ անգամ փաստօրէն շարունակում է գոյութիւն ունենալ իշխողների ու իշխուածների դրութիւնը, ուրիշ խօսքով՝ հայրենատէրերի ու հայրենազուրկների դրութիւնը:

Բայց, այս այսպէս լինելով հանդերձ, եթէ համեմատենք ժամանակակից հանրապետութիւնները՝ Ռամսէս Բ.ի, Նաբուգոդոնոսորի, Ասուրբանիքալի, Վշտասպեան Դարեհի, Ալեքսանդր Մակեդոնացու, Օկտաւ Աւգուստոսի, Յուստինիանի, Շարլեմանի, սպանական Կարլոս Ե.ի, Մեծն Լուի ԺԴ.ի կամ Մեծն Պետրոսի կայսրութիւնների հետ, չենք կարող չտեսնել, թէ որքան մեծ տարբերութիւն կայ ներկայի ու անցեալի մէջ, եւ պետական հին ու նոր իրաւակարգերի, իշխելու եւ իշխուած լինելու ձեւի ու չափի միջեւ: Եթէ պետութիւնը դեռ այսօր էլ լրիւ հայրենիք չէ բոլոր քաղաքացիների համար հաւասարապէս, այնուամենայնիւ այդ դրութեան շատ աւելի մօտ է, քան եղել է հին ժամանակներում եւ նոյնիսկ մօտակայ անցեալում, օրինակ՝ դեռ երէկ գոյութիւն ունեցող Հաբսբուրգների կամ Ռոմանովների կայսրութեան մէջ: Նոյնն է եւ ազգերի վերաբերմամբ. որքան էլ հեռու են գոյութիւն ունեցող պետութիւնները «ազգային տներ» կամ «ազգային հայրենիքներ» լինելու պահանջից, այնուամենայնիւ շատ աւելի ազգային են, քան եղել են երբեւէ:

Մի կողմից՝ ազգայնացնել պետութիւնները ու պետականացնել ազգութիւնները, իսկ միւս կողմից՝ պետութեան ներսը բարձրացնել նախկին «հպատակ»ը իրաւատէր «քաղաքացու» աստիճանի, ահա այն ճամբան, որի վրայ կանգնել է վճռականօրէն պատմութիւնը, եւ չկայ ոչ մի պատճառ կարծելու, թէ ապագայում պիտի շեղուի այդ շիտակ ճամբից կամ կանգ առնի, չգնայ մինչեւ վերջը:

Վերջը՝ հաջորդիվ