Վազգեն Մանուկյան. Հայաստանում հաստատվում է ոչ օրինական իշխանություն, չընտրված նախագահ

1092

20 տարի առաջ այս օրերին՝ 1996-ի սեպտեմբերին, Հայաստանը ապրում էր դրամատիկ օրեր: Նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով հաղթած Լևոն Տեր-Պետրոսյանին մարտահրավեր էր նետել Վազգեն Մանուկյանը: Նա և նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները: Սեպտեմբերի 25-ի գիշերը Մանուկյանի կողմնակիցները, ջարդելով Ազգային ժողովի երկաթյա ճաղերը, ներխուժել էին Ազգային ժողովի տարածք, որտեղ տեղակայված էր ԿԸՀ-ն: Դաժան ծեծի ենթարկվեցին Ազգային ժողովի նախագահն ու նրա տեղակալը՝ Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը:

Ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի ելույթը և հայտարարույթունը:

ԱՆԻ կենտրոն

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԳԻՇԵՐԸ, ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ         

Ժողովուրդը ցույց տվեց իր ցասումը և չվախեցավ: Կրակում էին, իսկ կանայք ու տղամարդիկ երգում էին:

Ես կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ այն պահից սկսած, երբ ես, Լենսեր Աղալովյանը, Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը մտանք Ազգային ժողովի շենք, և սկսվեցին բանակցություններ ներսում գտնվող ԿԸՀ-ի հանձնաժողովի անդամների, մասնավորապես՝ Խաչատուր Բեզիրջյանի հետ: Մենք առաջարկեցինք հետևյալը. քանի որ ժողովրդի մոտ խիստ կասկածներ կան, որ արդար ընտրություններ տեղի չեն ունեցել, պահանջում ենք` յուրաքանչյուր մարզից երեքական քվեատուփ համատեղ ստուգել: Մենք ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի: Ասացի, որ դրսում կան մարդիկ ոչ միայն Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկած, այնտեղ հավաքված են նաև Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած մարդիկ: Մեր ներկայացուցիչները պահանջում էին, որ երեք քվեատուփ բացվի:

Խորհրդակցությունից հետո Խաչատուր Բեզիրջյանը համաձայնեց քվեատուփեր բացել, բայց ոչ թե թեկնածուի վստահված անձի պահանջով, այլ` նախագահության երկու թեկնածուների վստահված անձերի, կամ հնձնաժողովի չորս անդամների պահանջով: Մեզ համար դա նույնպես ընդունելի տարբերակ էր, և գոհացուցիչ լուծում կլիներ: Սակայն հետո Խաչատուր Բեզիրջյանը հայտնեց, որ ինքը մենակ, առանց հանձնաժողովի չի կարող ընդունել այդպիսի որոշում:

Հենց այդ պահին զանգեց Բաբկեն Արարքցյանը և Բեզիրջյանին ասաց, որ ինքը դեմ է այդ որոշմանը:

Այդ ժամանակ էր, որ զայրացած ժողովուրդը, երկաթե ճաղերը ջարդելով, ներս խուժեց: Մենք այնտեղ կանգնած էինք, ժողովրդին շատ դժվար էր հանգստացնել: Կրակոցները տարբեր կողմերից էին, բայց` օդում: Ժողովրդին ոչ ոք չէր կարողանում հանգստացնել: Խաչատուր Բեզիրջյանն արդեն համաձայն էր մեր պահանջին, բայց ԿԸՀ-ի քվորում չկար: Խնդրեցինք Սեյրան Ավագյանին և Ռուբեն Հակոբյանին, որ նրանք ժողովրդին հանեն դարպասների մոտ, սակայն ժողովրդին հանգստացնել հնարավոր չէր: Ես նրանց կանչեցի հանձնաժողով և ասացի, որ ժողովրդին ինքս դուրս կհանեմ դարպասներից: Արշակ Սադոյանն ու Ռուբեն Հակոբյանը այնտեղ մնացին: ԱԺՄ-ից Վովա Հախվերդյանն էր, ԱԻՄ-ց նունպես կար ներկայացուցիչ: Վերջում եկավ Աղասի Արշակյանը, որ տեղեկացրեց նաև, թե ԿԸՀ-ում քվորում չկա, և երկու հոգի պակասում են…

Այսօրվանից ամբողջ հանրապետությունը պետք է կանգնի ոտքի: Մեզ պետք է միանա նաև ոստիկանությունը: Իմ իմացած տվյալներով զինվորականներն իրենց նորմալ են պահել: Կան հանցագործներ, որնք պատասխան կտան այս ամենի համար:

Մենք ոչ ուզում ենք արյուն հեղել, ոչ էլ քաղաքացիական պատերազմ ենք ուզում, բայց ժողովրդի իրավունքը մինչև վերջ պիտի պաշտպանենք:

http://www.vazgenmanukyan.am/index.php?id=537&menu1=93&menu2=125

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  

27-ը սեպտեմբեր, 1996թ.

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում հաստատվում է ոչ օրինական իշխանություն, ընտրություններով ակնհայտորեն չանցած, չընտրված նախագահ` հենված բիրտ ուժի վրա: Սա կատարվում է բացահայտ` ողջ համաշխարհային հասարակության առջև: Եվ եթե այնուամենայնիվ որոշ պետությունների ղեկավարներ շնորհավորում են Լևոն Տեր-Պետրոսյանին, դա դեռ չի նշանակում, թե ընդում են ոչ օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը: Շնորհավորում են ոչ թե այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ է կատարվել Հայաստանում, այլ որովհետև այսօր չշնորհավորելը քաղաքական հետևանքներ կբերի, որոնցում այդ պետությունները շահագրգռված չեն:

Այս ամենը, իշխանավորների հոգեկան հիվանդության հասնող ձգտումը` ցանկացած գնով մնալ իշխանության ղեկին, մեր ժողովրդին և մեր պետությունը դնում է շատ ծանր վիճակի մեջ` հղի վտանգավոր հետևանքներով, ինչպես երկրի ներսում, այնպես էլ` միջազգային ասպարեզում: Մենք կորցնում ենք ոչ միայն համաշխարհային հասարակության հարգանքը` դժվարին կացության մեջ դնելով պետության արտաքին հարաբերությունները, այլև կորցնում ենք զարգացման կարևորագույն գործոնները. ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն:

Գլուխ է բարձրացնում տականքը: Այս ամենը հանգեցնում է մեր տնտեսական ու պաշտպանողական ուժի ակնհայտ թուլացմանը, և մեր զարգացումով մենք ետ ենք ընկնելու տարածաշրջանի պետություններից:

Այժմ կատարվում է անհեթեթ ջանք` սեպտեմբերի 25-ի դեպքերը ներկայցնել իբրև պետական հեղաշրջման փորձ:

Իրականում նախորդող օրերին Երևանում տեղի էին ունենում խաղաղ ցույցեր և երթեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ` երկու պարզ պահանջներով. հեռուստաժամի տրամադրում ընտրություններում ժողովրդի վստահությանն արժանացած նախագահի թեկնածուին իր թիմակիցների հետ և ընտրությունների արդյունքների վերստուգում:

Հարյուր հազարավոր մարդիկ` պարզ, օրինական պահանջներ: Իշխանությունների կողմից ոչ մի արձագանք, ոչ մի բանակցությունների փորձ, ոչ մի փոխզիջում:

Սեպտեմբերի 25-ին կրկնվեց նույնը: Մի խումբ պատգամավորներ` իմ ղեկավարությամբ, բանակցություններ էինք վարում ԿԸՀ-ի նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ պարզ առաջարկության շուրջ: Դրսում այդ պահանջը պաշտպանող հարյուր հազար մարդ: Հանրապետության ղեկավարությունը, ակնհայտորեն տեսնելով ժողովրդի գրգռվածությունը, ոչ մի միջամտության փորձ չկատարեց` հույս ունենալով, որ տեղի կունենան դեպքեր, բիրտ ուժի կիրառումը կցրի ժողովրդին` կոտրելով նրա կամքը: Կսկսվեն ձերբակալություններ:

Եղավ այն, ինչ կարելի էր սպասել: Ժողովուրդը ներխուժեց ԿԸՀ-ի տարածք, տեղի ունեցան որոշ անկառավարելի արարքներ, որոնք դատապարտելի են: Սակայն այդպիսի դեպքեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ոստիկանությունը օգտագործում է ջուր մղող մեքենաներ, գազ, մահակներ, վահաններ` հետագայում քրեական մեղադրանքներ ներկայացնելով կարգուկանոնը խախտած մասնակիցների մի մասին: Մեզանում տեղի ունեցածը, այնուամենայնիվ, տարբերվեց դրանից: Առաջինը. չմտածված և ոչ պատճառաբանված ժողովրդի առաջ դուրս գալու ԱԺ-ի ղեկավարության կողմից տղամարդկություն չէր` քաղաքական գրգռիչ անմտություն: Անկարգություն անողները, արարքի մեղավորները, իհարկե, կպատժվեն, բայց` երկրորդ` կատարվեց մյուս երկրների համար աննախադեպը` սկսվեց հրազենի օգտագործումը իշխանական բանդաների կողմից:

Նույնիսկ կոմունիստական ռեժիմի դեմ պայքարելիս, միութենական զորքի առկայությամբ, մեր ժողովուրդը այդպիսի բան չէր տեսել նույնանման դեպքերում, որոնք եղել են, և որոնց մասնակցել են մեր պետության ներկա իշխանավորները: Կրակոցների տակ մենք դուրս հանեցինք ժողովրդին ԱԺ-ի տարածքից: Եթե իշխանությունները հրազեն օգտագործելով` փորձում էին կոտրել ժողովրդի կամքը, ապա նրանք սխալվեցին. ինչքան շատ էին կրակում նրանք, այնքան ավելի էին խտանում իրենց դեմ կանգնած ժողովրդի շարքերը: Կանգնած էին տասնյակ հազարավոր մարդիկ. կանայք, երեխաներ, ծերեր և երիտասարդներ, որոնք ամեն մի կրակոցին պատասխանում էին սուլոցներով, երգով, «Վազգեն` նախագահ» վանկարկումով: Իսկապես, հրաշալի ժողովուրդ է մեր ժողովուրդը, և այս դեպքերը վերականգնեցին մեր ժողովրդի հարգանքն իր նկատմամբ: Մեր դեմ հրազենով կանգնած էին մեր ժողովրդին ակնհայտորեն ատող, հավանաբար թմրադեղեր օգտագործած անձինք, և ընդդիմության ղեկավարներս, խուսափելու համար հնարավոր զոհերից, ժողովրդի հետ իջանք Ազատության հրապարակ: Այստեղ ժողովրդի հետ միասին ընդունվեց որոշում` հաջորդ օրը ժամը 12-ին շարունակել միայն և միայն խաղաղ ցույցեր` նույն պահանջներով:

Հաջորդ օրն ամբողջ քաղաքը պաշարված էր, կատարվում էին զանգվածային ձերբակալություններ:

Գնալով այդպիսի քայլի, իշխանություններն ընկան իրենց իսկ պատրաստած ծուղակի մեջ և այլեւս դատապարտված են: Զորքը քաղաքում միշտ պահել հնարավոր չէ, հնարավոր չէ բոլորին ձերբակալել: Այս ամենը մենք արդեն տեսել ենք 1988-89 թվականներին: Ներկա անօրինական իշխանությունները չեն կարողանալու ապահովել մեր պետության զարգացումը, տնտեսական վերականգնումը, աճը, սոցիալական հարցերի լուծումը: Նրանք ի վիճակի են միայն վայելել. ուրիշ ոչինչ: Դա երկար չի տևի: Եթե ոչ ուրիշ երկրների քաղաքական ղեկավարները, ապա նրանց հասարակությունը կդառնա մեր բնական դաշնակիցը և իրենց ղեկավարության վրա ճնշում կկիրառի` նպաստելով մեր երկրում ժողովրդավարություն, օրինականություն, տնտեսական ու քաղաքական ազատություններ, մարդու իրավունքների պաշտպանվածություն հաստատելուն:

Հաղթելու է մեր ժողովուրդը: Պետք է ժամանակ և խաղաղ միջոցների կիրառում: Մեզ պետք չէ քաղաքացիական պատերազմ, որին անընդհատ փորձում են դրդել  իշխանությունները` հաշվի չառնելով նույնիսկ Ղարաբաղի հարցը, այլ այն օգտագործելով իբրև քաղաքական դեմագոգիա:

ևՀամբերություն, արիություն, խելամտություն: Այս պետությունը մեր բոլորինն է և ո՛չ մի խումբ մարդկանց կալվածք:

http://www.vazgenmanukyan.am/index.php?id=717&menu1=93&menu2=125