Մանուկյան. Տեր-Պետրոսյանը իր քրեամերձ շրջապատով զավթում է իշխանությունը

1073

1996թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում (որին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ) ընթերցվեց Ազգային համաձայնության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետևյալ հայտարարությունը.

Սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները բռնել են ընտրությունների արդյունքների կեղծման ուղին: Սա պարզ անարդարություն չէ, սա շարքային կեղծիք չէ: Նույնիսկ արդեն իսկ գրանցված համատարած ու աննախադեպ կեղծիքներով նախագահը չունի ձայների մեծամասնությունը:

Մենք խորապես գիտակցում ենք, որ ներկա նախագահական ընտրություններն այն փորձաքարն է, որով թե ինքներս մեզ, և թե ողջ աշխարհին ցուցադրելու ենք ժողովրդավարական արժեքներ դավանելու մեր կարողությունը: Այս ընտրությունները աննախադեպ կարեւորություն ունեն: Այսօր մեզանից է կախված մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ապագան:

Եթե մինչ այժմ Հայաստանը թաղված էր տնտեսական ու սոցիալական ճգնաժամի ճիրաններում, ապա այսօր նախագահը իր քրեամերձ շրջապատով, փորձ է անում մեզ տանել փակուղի և հոգեբանական բարոյազրկման հուն:

Սթափ գնահատելով իրավիճակը և հենվելով ընտրություններում իմ օգտին տրված գերակշիռ ձայների վրա`

ես հայտարարում եմ.

  1. Հայաստանի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրանքով կազմակերպվում և իրականացվում է 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացը: Այն համատարած և աննախադեպ չափերի է հասել: Կեղծիքների ձևերը ամենաբազմազան են, բացահայտ և հեշտ ապացուցելի է: Բոլոր այդ դեպքերի համար մենք ունենք իրական ապացույցներ:
  2. Ըստ միջազգային իրավական նորմերի և ՀՀ օրենքների` ընտրություններում կեղծիքների կազմակերպիչները համարվում են հանցագործներ, իսկ ընտրությունների արդյունքների կեղծմամբ իշխանության զավթումը գնահատվում է որպես պետական հեղաշրջում:
  3. Հայաստանում կատարվածը միայն մեր ներքին գործը չէ, և մենք սպասում ենք միջազգային դիտորդների, Հայաստանում գործող միջազգային ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր երկրների դեսպանների գնահատականին: Եթե միջազգային հանրությունը համարժեք գնահատական չտա Հայաստանի նախագահի կողմից իրականցվող պետական հեղաշրջմանն ու մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներին, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ կոչ անել իմ ընտրողներին և ողջ ժողովրդին դիմելու իրավիճակին համարժեք գործողությունների:
  4. Մենք հավաստում ենք Հայաստանի քաղաքացիներին, ողջ հայությանը, քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին և միջազգային հանրությանը, որ կգործադրենք բոլոր միջոցները և թույլ չենք տա պետական հեղաշրջում Հայաստանում:
  5. Մենք կոչ ենք անում բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներին, զինծառայողներին, սպաներին, ոստիկաններին` թույլ մի տվեք ձեզ ներքաշել Հայաստանում իշխանությունը զավթած քրեախմբի հակաժողովրդավարական որևէ գործողության մեջ:

Պահի պատասխանատվությունը անչափ մեծ է: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարվի առանց որևէ ուժային միջամտության և առանց կաթիլ իսկ արյան:

Վազգեն Մանուկյան