Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 22-ին Գյումրիում կազմակերպում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով:
ԱՆԻ կենտրոնի կազմակերպած տարեկան նախորդ խորհրդաժողովը (30 հոկտեմբեր, 2015թ., Գյումրի, «Շիրակ» կենտրոն) կրում էր «Մեր Կարսը» խորագիրը և նվիրված էր Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին:
2017-ի գարնանը Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:
Խորհրդաժողովը, նրա ընթացքում ներկայացվելիք զեկուցումները և քննարկումները կփորձեն պատասխան տալ հետևյալ հարցերին.
հնարավոր է՞ Հայաստանում անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ և ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ,
որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն,
ո՞րն է Սփյուռքի դերակատարությունը և ունի՞ Սփյուռքը հանձնառություն Հայաստանի ներքաղաքական կյանքում,
ինչպե՞ս են Ջավախքի հայ քաղաքացիներին ներգրավում ընտրակեղծարարության մեջ,
ընտրակեղծարարության ո՞ր եղանակներով են իշխանությունները ապահովում հաջորդական հաղթանակներ ընտրություններում,
ինչքանո՞վ է ուսանելի Վրաստանի՝ համեմատաբար ազատ ընտրություններ անցկացնելու փորձը,
կարող է՞ ընդդիմությունը միավորվել, ի՞նչ գործոններ են խանգարում միավորմանը:
Եվ վերջապես՝ Հայաստանում հնարավոր է՞ իշխանափոխություն սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա որն է ելքը «փակ շղթայից» և ԻՆՉ ԱՆԵԼ:
Հայաստանից, Արցախից և Վրաստանից բոլոր մասնակիցների Գյումրի հասնելու և հետդարձի ծախսերը կհոգա ԱՆԻ կենտրոնը: Խորհրդաժողովի անցկացման տեղի, տեխնիկական և լոգիստիկ այլ հարցերի, այդ թվում՝ Սփյուռքից մասնակցել ցանկացողների ներկայության հնարավորությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Մեկօրյա այս խորհրդաժողովը կազմակերպվում է «ժողովրդական հանգանակության» (crowd funding) շրջանակներում, և բոլոր անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկանում են իրենց համեստ կամ առատաձեռն նպաստը բերել, կարող են դա անել ԱՆԻ կենտրոնի բանկային հաշիվներին փոխանցում կատարելով: Բոլոր անհատների և կազմակերպությունների անունները պատշաճ կերպով հիշատակվելու են ինչպես գիտաժողովի ընթացքում և նյութերում, այնպես էլ՝ ԱՆԻ կենտրոնի կայքում:
ConverseBank-ում ԱՆԻ-ի բանկային հաշիվներն են.
Դրամով՝ 19300 52522110100
Եվրոյով՝ 19300 52522110104
Դոլարով՝ 19300 52522110101
Բոլոր նրանք, ովքեր մտադիր են կատարել հանգանակություն, խնդրվում է այդ մասին ԱՆԻ կենտրոնին տեղեկացնել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ aniarcf@gmail.com, info@aniarc.am, t.hakobyan@aniarc.am:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն