Տեր-Պետրոսյանը և Ռուսաստանը. խոսուն դրվագ մոտիկ անցյալից

4172

1996 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները:

Նույն օրն իսկ՝ 1996-ի մարտի 15-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարություն տարածեց Բելովեժյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին.

«Ռուսաստանի Պետդումայի որոշումը պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան որպես սադրիչ մի գործողություն՝ ուղղված ԱՊՀ մասնակից երկրների ինքնիշխանության դեմ: Լոկ կոնյուկտուրային շահերով թելադրված`այն նպատակ ունի ապակողմնորոշելու հասարակությանը և թաքցնելու ճշմարտությունը ԽՍՀՄ փլուզման իսկական մեղավորների մասին, որոնք են իրականում ԽՄԿԿ-ն`իր 70-ամյա հակաժողովրդական բռնատիրական վարչակարգով, և 1991թ. օգոստոսյան դավադրության հեղինակները:

Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ընդամենը արձագանքեցին հանցավոր կայսրության փլուզման արդեն իսկ կայացած փաստը և դրանով էլ, ըստ էության փրկեցին ԽՍՀՄ ժողովուրդներին կործանարար հարավսլավական տարբերակով դեպքերի զարգացումից:

Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռևանշի բացահայտ մի փորձ, որը կարող է ստեղծել անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ ոչ միայն Ռուսաստանում, այլ ԱՊՀ բոլոր երկրներում»: «Հայաստանի Հանրապետութիւն», թիվ 51, 16 մարտ, 1996թ.

Ռուսաստանի Պետդումայի ընդունած որոշմանը արձագանքեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Հանրապետություն» միավորումը (որը կազմված էր հիմնականում իշխող ՀՀՇ կուսակցությունից և նրա գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից), ինչպես նաև՝ 120 պատգամավորներ:

«Հանրապետությունը» հայտարարեց, որ «այդ որոշումը ոտնահարում է միջազգային իրավունքը, նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացած պետությունների ինքնիշխանությունը… Դումայի որոշումները կոմունիստներին բնորոշ տգետ և բռնի գործելակերպի արտահայտությունն են…»:«Հայաստանի Հանրապետութիւն», թիվ 52, 19 մարտ, 1996թ.

Հայաստանի Ազգային ժողովի 120 պատգամավորների հայտարարության մեջ ասվում էր. «…փորձ է արվում վերականգնել Խորհրդային Միությունը…, ոտնահարվում է միջազգային իրավունքը, պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդների ազատությունը… Դումայի արկածախնդրական որոշումները… չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ հատկապես Հայաստանի համար, որը չմասնակցեց ԽՍՀՄ պահպանման մասին 1991թ. մարտի 17-ի հանրաքվեին և սեպտեմբերի 21-ին անցկացրեց իր հանրաքվեն`հռչակելով Հայաստանի անկախությունը»«Հայաստանի Հանրապետութիւն», թիվ 52, 19 մարտ, 1996թ.