21-րդ դար մտնելու ենք Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ. Վազգեն Սարգսյան

3491

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես առաջին կեղծված ընտրություններ: Պաշտոնական արդյունքներով Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 52, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41 տոկոսը: Գլխավոր անձը, ով ապահովեց Տեր-Պետրոսյանի պաշտոնական հաղթանակը, այն օրերին ամենակարող Վազգեն Սարգսյանն էր՝ պաշտպանության նախարարը:

Ընտրություններից 4 օր առաջ՝ 1996թ. սեպտեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Վազգեն Սարգսյանը փառաբանում էր Տեր-Պետրոսյանին.

“Մեր նախագահը երբեք հրապարակավ չխոսելով Հայ դատի մասին, քայլ առ քայլ լուծում է Հայ դատի խնդիրները: Տեր-Պետրոսյանի օրոք, այսօր և վաղը հայ ազգը երբեք այլևս կոտորած չի տեսնի: Հայ դատի ամենամեծ ջատագովները կորցրեցին հայրենիքի կեսը, հետո երգեցին, թե “Մասիսին բան պատահի` ազգովին դառնանք ֆիդայի”: Տեր-Պետրոսյանի օրոք այլևս նման երգեր չեն երգվի: 21-րդ դար մենք ձեզ հետ մտնելու ենք հաղթանակած, կայուն և մտնելու ենք Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ”:

Այս գովեստից 1.5 տարի անց Վազգեն Սարգսյանը՝ իշխանության հայտնի այլ ուժերի հետ, Տեր-Պետրոսյանին հեռացրեց նախագահի աթոռից: