Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի կողքին. 1996-ի սեպտեմբեր

3464

1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները, որոնք ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել են որպես առաջին կեղծված ընտրություններ, ուներ իր մի քանի առանցքային կեղծարարներին:

Ռոբերտ Քոչարյանը այդ շարքում չէր, քանի որ Արցախում էր և զբաղեցնում էր հայկական երկրորդ հանրապետության նախագահի աթոռը:

Քոչարյանը ընդդեմ Վազգեն Մանուկյանի Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցեց իր հրապարակային նամակ-հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր.

“Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաև Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, և ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես”: “Արմենպրեսի: ժապավենից, 18 սեպտեմբեր, 1996թ.:

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես առաջին կեղծված ընտրություններ:

Պաշտոնական արդյունքներով Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 52, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41, կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը` մոտ 6, Աշոտ Մանուչարյանը չէր հաղթահարել 1 տոկոսը:

Միավորված ընդդիմության թեկնածու Մանուկյանը վիճարկեց և կասկածի տակ առավ Տեր-Պետրոսյանի վերընտրությունը: Եվրոպական կազմակերպություններն ընդգծեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: