Վազգեն Մանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանի մնալը տանելու է պատերազմի

1896

1996-ի սեպտեմբերին կայացած Հայաստանի նախագահական ընտրություններում գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը Վազգեն Մանուկյանն էր: Ներկայացնում ենք նրա ելույթը, որը նաև պատասխան էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 20-ին պետական հեռուստատեսությամբ ունեցած նախընտրական ելույթի

ԱՆԻ կենտրոն

ԿԱՄՔ  ԵՎ  ՀԱՂԹԱՆԱԿ

Ի՞նչ ընթացք են ստացել նախագահական ընտրությունները Հայաստանում: Ի սկզբանե մեզ հայտնի էր, որ իշխանություններն ամեն գնով պետք է ձգտեն  պահպանել իրենց իշխանությունը, դա իրենց նպատակն է եղել տարիներ ի վեր, և նրանք այդ ապացուցեցին [1995-ի] հուլիսի 5-ի ընտրությունների ժամանակ: Բայց, մյուս կողմից, հուլիսի 5-ը շատ բացասական տպավորություն թողեց միջազգային հանրության վրա. էապես սահմանափակեց մեր երկրի, իշխանությունների հնարավորությունները միջազգային ասպարեզում: Եվ ձգտելով մնալ իշխանության՝ նրանք, այնուամենայնիվ, նպատակ ունեն, կրկնելով Ռուսաստանի օրինակը, արդար ընտրություններով իսկապես ստանալ օրինական իշխանություն: Ոչ օրինական իշխանությունը սարսափելի կլիներ իրենց համար ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև մեր ժողովրդի աչքերի առջև այդպիսի բան անելը էապես սահմանափակում է նրանց հնարավորությունները: Նրանք վստահ էին, որ արդար ընտրություններով նորից կընտրվի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ էր ընկած այդ կարծիքի հիմքում:

Առաջինը՝ ժողովրդի մեջ տարածված էր այն կարծիքը, թե եթե ոչ Լևոնը, ապա ո՞վ: Այսինքն՝ ժողովուրդն այլընտրանք չէր տեսնում և Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունում էր որպես չարյաց փոքրագույնը:

Երկրորդը՝ իշխանությունները համոզված էին, որ հուլիսի 5-ից հետո, երբ ժողովրդի կամքը կոտրվեց, ժողովուրդը դժվար թե նորից ոտքի կանգնի և պայքարի: Այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք սկսեցին բավականին արդար պայքար՝ հնարավորություններ տալով բոլոր թեկնածուներին մրցելու հավասար պայմաններում: Մեր ներկայացրած ծրագրերը, ելույթները համոզիչ էին ժողովրդի համար, և ժողովուրդը  կամաց-կամաց սկսեց արթնանալ այլընտրանքի հնարավորության գիտակցումով: Ժողովրդի մեջ աննկատելի սկսեց նաև հույս ու հավատ արթնանալ, որ Հայաստանում ինչ-որ բան հնարավոր է փոխել: Դա քիչ անհանգստացրեց իշխանություններին, որովհետև երկրորդ կարևոր հարցը՝ ժողովրդի կամքը բարձրացնելը, դեռևս լուծված չէր: Այդ ժամանակ նրանք փորձեցին իրենց նախնական ծրագրին ավելացնել մի նոր դրվագ: Ո՞րն էր այդ դրվագը:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:

Ռուսաստանում [կոմունիստ Գենադի] Զյուգանովը ուներ որոշակի քանակությամբ ձայներ, և այդ մարդիկ անպայման գալու էին ընտրությունների: Մնացածներից ով որ գար, ուզեր-չուզեր ձայն էր տալու Ելցինին: Եվ Ելցինը շահագրգռված էր որքան կարելի է շատ մարդ բերել ընտրությունների և բարձրացնել ժողովրդի քաղաքական ակտիվությունը:

Հայաստանում հակառակն էր: Կան որոշակի մարդիկ, որոնք ձայնը տալու են Լևոն Տեր-Պետրոսյանին, նրանք անպայման գալու են ընտրությունների: Հետևաբար, եթե մյուսների քանակը քիչ լինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց ձայները տոկոսով կգերազանցեն մյուսներին, և նա արդար  ձևով ընտրված կլինի: Հետևաբար պետք է հուսահատություն առաջացնել ժողովրդի մեջ, անվստահություն: Եվ բամբասանքների, հեռուստատեսային հաղորդումների միջոցով փորձեցին անել այդ: Մեծ արդյունքներ դա չբերեց:

Այդ ժամանակ կատարվեց իրենց համար անսպասելին՝ առաջացավ միասնական ճակատ իրենց  դեմ, միասնական թեկնածու: Ստեղծվեց բավական հզոր թիմ, որի մեջ  համախմբված է մտավորականության զգալի մասը Արամ Սարգսյանի և Լենսեր Աղալովյանի միջոցով: Ներգրավված է Դաշնակցությունը, որը տասնյակ երկրներում ունի իր հզոր կապերը տարբեր պետությունների տնտեսական և քաղաքական ղեկավարների հետ: Այդ թիմում է Պարույր Հայրիկյանը, որն իրեն փայլուն դրսևորեց միասնական թեկնածուի առաջադրման հարցում: Եվ դա մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի մեջ:

Ժողովուրդը կրկին դարձավ այնպիսին, ինչպիսին էր 1988-ին:

Այս վերջին օրերին մենք առավոտ կանուխ դուրս ենք գալիս և ուշ երեկոյան վերադառնում քաղաք՝ շրջելով և հանդիպում ունենալով տարբեր շրջաններում և քաղաքներում: Դուք չեք պատկերացնում՝ ինչ մեծ ոգևորություն է ժողովրդի մեջ, ինչ մեծ վստահություն, թե այս ամենը հնարավոր է փոխել:

Եվ իշխանությունները ընկան հիստերիկ վիճակի մեջ: Ի՞նչ պետք է նրանք անեն:

Իհարկե, հեռուստատեսությամբ նրանք  անընդհատ ցույց են տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները: Ի դեպ, ասեմ, որ շրջանների մեծ մասում նրան շատ վատ են ընդունել, այդ նկարահանումներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Սկսվում են խոսակցություններ, թե եթե չլինի Տեր-Պետրոսյանը, ապա կսկսվի պատերազմ, որը ծիծաղելի պնդում է: Մենք գտնում ենք, որ ամենակարևոր հարցը Ղարաբաղի անկախությունն է՝ ամեն գնով պահպանելով խաղաղությունը: Եվ մենք՝ այն մարդիկ, ովքեր առնչվել են պատերազմին և տեսել, թե դա ինչ սարսափելի է, ամեն գնով  պետք է պահպանենք խաղաղությունը՝ գնալով քաղաքական բանակցությունների Ադրբեջանի հետ, մյուս երկրների հետ, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում:

Ավելին ասեմ, այս իշխանությունների մնալը հաստատ տանելու է պատերազմի, որովհետև պատերազմը լինում է այն դեպքում, երբ հակառակորդը դիմացը թույլ երկիր է տեսնում: Մենք այժմ Անդրկովկասում դառնում ենք թույլ երկիր, և օրեցօր մեր հարևանները առաջ են անցնում: Մենք կամաց-կամաց ունենում ենք թույլ տնտեսություն, թույլ պետություն, և բնական է, որ այդ հիմքի վրա կարող ենք ունենալ միայն ու միայն թույլ բանակ, որը դիմացինի համար քաղաքական լուծումների փոխարեն ռազմական լուծումներ փնտրելու գայթակղություն է:

Ցնցումների մասին: Մենք, միավորվելով  հինգ կուսակցություններով, հստակ որոշել ենք՝ Հայաստանը հինգ կուսակցութոյւնների պետություն չի լինելու, Հայաստանը լինելու է ամբողջ ժողովրդինը: Մենք ներգրավելու ենք կառավարության աշխատանքներում բոլոր այն մարդկանց, ովքեր գրագետ են, ունեն փորձ և պարկեշտ են՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Բայց բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են պետական կադրային համակարգում, պետք է լինեն դանդաղ, ոչ կտրուկ, առանց ցնցումների: Մենք մի անգամ ապրել ենք այդ  ցնցումները 1990-91 թվականներին, և երևի Հայաստանում ոչ ոք ինձնից լավ չի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում, որովհետև ես այն ժամանակ վարչապետ էի: Այդ ցնցումներով իշխանության եկած շարժումը պետք է հետզհետե կարգավորեր Հայաստանի կյանքը, և դա հսկայական ջանքեր պահանջեց:

Իհարկե, մեր նպատակն է վերականգնել  մեր ժողովրդի իրավունքները, ստեղծել հասարակություն, որը հիմնված լինի բարոյականության, արդարության և օրինականության վրա, հասարակություն, որի հիմքում  լինեն մեր ազգային արժեքները: Բայց միաժամանակ մեր առջև որպես կարևոր խնդիր ենք դնում տնտեսական հիմնահարցերը:

Առաջինը արդյունաբերության վերականգնումն է: Արդյունաբերությունը նախորդ տասնամյակներում եղել է Հայաստանի ողնաշարը: Եվ առանց այդ ողնաշարի Հայաստանը դատապարտված է իսկապես գավառական, փոքր և թույլ պետություն լինելու: Երկրորդը ձեռներեցության զարգացումն է, որը Հայաստանում չկա: Մանր առևտուրը և ձեռներեցությունը տարբեր բաներ են: Իհարկե, մանր առևտուրը թող մնա, զարգանա, նպաստավոր պայմաններ կստեղծվեն առևտրի համար, բայց խոսքը ավելի խոշոր ձեռներեցության մասին է: Այժմ Հայաստանը 5-6 հոգի բաժանել են իրար մեջ, ցանկացած անհատ, որը կփորձի մի գործ դնել, դատապարտված  է ոչնչացման (ես նկատի ունեմ ոչ ֆիզիկական, ուղղակի նրան հնարավորություն չեն տա աշխատելու): Դա էր պատճառը, որ հազարավոր հայեր, որոնք գնացին Հայաստանից և կուզենային վերադառնալ, ներդրումներ կատարել ու զարգացնել Հայաստանի տնտեսությունը, և՛ իրենք կօգտվեին, և՛ կօգտվեր պետությունը, չեն գալիս Հայաստան:

Մեզ համար շատ էական է պետական հովանավորությունը գյուղատնտեսությանը, առանց որի այն զարգանալ չի կարող: Եվ այդպես է ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում գյուղատնտեսությունը գտնվում է  պետության հովանավորության ներքո: Միայն այս ճանապարհով, վերացնելով ստվերային տնտեսությունը և թափ հաղորդելով տնտեսական զարգացմանը, կարելի է կտրուկ բարձրացնել բյուջեն, որը հնարավորություն կտա բարձրացնել կենսաթոշակները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը,  լուծել սոցիալական հարցերը՝ կապված առողջապահության հետ, որպեսզի ցանկացած մարդ գիտակցի՝ ծերության օրոք նա դուրս չի շպրտվի: Հիվանդանալու դեպքում կապահովվի նրա բուժումը, երեխան մեծանա՝ ապահովված է նրա կրթությունը: Միայն այդպիսի պայմաններում մարդը,  չունենալով վախ ապագայի նկատմամբ, կզբաղվի ստեղծագործական աշխատանքով:

Այս նպատակներն են մեզ համախմբել, և մենք համոզված ենք, որ կհաղթենք: Սոցիոլոգիական հարցումները, որոնք տալիս են հեռուստատեսությամբ կամ տպագրում են թերթում, ամբողջովին կեղծ են: Մենք հստակ գիտակցում ենք, որ արդար ընտրությունների դեպքում մենք կհաղթենք հենց առաջին փուլում: Այժմ իշխանությունները փորձում են աշխատեցնել այն մեքենան, որը տանում է կեղծիքների, բայց ես համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվի: ժողովուրդը արթնացել է, ժողովուրդը կամենում է նոր կյանք: Իսկ կեղծիք անողների մեծ մասն էլ մեր ժողովրդի հարազատ զավակներն են, և շատ դժվար է գտնել նրանց, ովքեր հանուն մի քանի տասնյակ մարդկանց իշխանությունը պահպանելու կեղծիքներ անեն, գնան իրենց ժողովրդի դեմ:

Մենք հաղթելու ենք, սիրելի՛ ժողովուրդ, և մենք կունենանք մի պետություն, որտեղ  ամեն մարդ կապրի արժանավայել կյանքով, ներքին հպարտությամբ, պաշտպանված, և կիմանա, որ իր համար աշխատելու ու ստեղծագործելու ազատ հնարավորություններ են ստեղծվել: Կզարգանա մեր արդյունաբերությունը, կառաջանան նոր աշխատատեղեր: Մենք մուրացկան ժողովուրդ չենք, ուրիշ պետությունների հումանիտար օգնությունը մեզ պետք չէ: Մենք կզարգանանք ու ինքներս ուրիշներին հումանիտար օգնություն  կհասցնենք: Մեզ պետք է աշխատանք, և այդ աշխատանքի հիմքի  վրա պետք է  զարգանա Հայաստանը, որպեսզի կարողանանք ապրել բարեկեցիկ, երջանիկ կյանքով՝ ապահովելով մեր ծերունիների, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների ընտանիքների բարեկեցությունը: Դա մեր պարտքն է նրանց առջև:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյան

Այժմ թերթ, 1996, 18-24 սեպտեմբերի

Արխիվային լուսանկար