Սեպտեմբերի 21-ը չի գալիս մեր տուն

1602

Հերթում ինձանից առաջ մի ծերունի էր կանգնել: Նա բարձրաձայն ասում էր, որ դեմ է քվեարկում Հայաստանի անկախությանը: Նոր Նորքի զանգվածի ուսանողական հանրակացարանների հարևանությամբ գտնվող 18 հարկանի շենքի առաջին հարկում այս ծերունին դուրս էր եկել մարդկային մի հոսանքի դեմ, որը գնում էր մեկ, միայն մեկ ուղղությամբ:

25 տարի առաջ այդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, այդ թվում մարդկային հոսանքի դեմ դուրս եկած ծերունին, ընտրեց անկախ պետականության կերտման ուղին: Դրանք ռոմանտիկ, երանելի ժամանակներ էին, թեև շատերի մոտ կային լուրջ մտահոգություններ երկրի ապագայի հանդեպ:

Կարող է՞ Հայաստանը միայնակ ապրել առանց Ռուսաստանի:

Կարող է՞ Հայաստանը միայնակ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային:

Ինչպես է՞ կարգավորվելու արցախյան հակամարտությունը:

Կարող է՞ Հայաստանը տնտեսապես կենսունակ պետություն դառնալ:

Հարցերը սրանցով չէին սահմանափակվում, իսկ պատասխանները միանշանակ չէին:

Մյուս կողմից, սակայն, այս հարցերը՝ միասնաբար կամ առանձին, ունեին մեկ պատասխան՝ անկախությանն այլընտրանք չկար:

Մոլորակի մեկ վեցերորդ մասն զբաղեցնող Խորհրդային Միության փլուզումը հնարավորություն տվեց միութենական 15 հանրապետություններին, որոնցից տարածքով ամենափոքրն ու քարքարքտը Հայաստանն էր՝ անարյուն, առանց լուրջ ցնցումների հասնել անկախության:

25 տարի առաջ սեպտեմբերի 21-ին ընտրական իրավունք ունեցող Հայաստանի բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Այն օրերին Հայաստանի անկախությանը դեմ քվեարկել նշանակում էր մարտահրավեր նետել, դա, կարելի է անգամ ասել, դավաճանության նման մի բան էր ընկալվում:

25 տարիներին ունցանք նվաճումներ ու կորուստներ: Ու քանի որ այս օրը բոլորը կամ գրեթե բոլորը գրում են նվաճումների մասին, ես պիտի գրեմ կորուստների ու ձախողումների մասին, որովհետև ամեն սեպտեմբերի այս օրը հերթում կանգնած ծերունին իմ աչքի առաջ է:

25 տարիների ամենամեծ կորուստը Հայաստանից շուրջ 1.5 միլիոն հայերի արտագաղթելու իրողությունն է: Խորհրդանշական թիվ է, համաձայնե՛ք: Ճիշտ այդպես՝ մեկուկես միլիոն պանդուխտներ: Գուցե ինձանից առաջ կանգնած ու դեմ քվեարկած ծերունին էլ է այս կյանքից հեռացել պանդխտության ճանապարհին: Մաթեմատիկական ինչ հաշվարկ էլ կատարենք, ստացվելու է, որ ավելի քան 99 տոկոս կողմ քվեարկածների կեսը Հայաստանի անկախությունը նշում է, չի նշում, հիշում է կամ չի հիշում հայրենիքից դուրս՝ պանդխտության ճանապարհին:

Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրները պետականության հիմքում դրեցին համամարդկային գաղափարներ՝ ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցում, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատում, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականություն, ազատ և անկախ մամուլ: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց 1990-ական թվականներին՝ հղկվելով ու կատարելագործվելով «մթի ու ցրտի» տարիներին հաջորդած «լուսավոր ու ջերմ» ժամանակներում:

25 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար արժեք: Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշվում է պետականորեն, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տոնը չի վերածվում համաժողովրդականի: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ՝ ոչ իշխանական հատվածի հաշվին:

Այսօր էլ, անկախության հաստատումից 25 տարի անց բնակչության մի հատված դեռ երանի է տալիս խորհրդային ժամանակներին: Դրա պատճառը այն հոռի բարքերն են, որոնք եկան անկախության հենց առաջին օրերից և դարձան մեր կյանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա և’ կոռուպցիան է, և’ համատարած մարդու իրավունքների ոտնահարումը, և’ պարբերաբար կեղծվող ընտրությունները, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը, որոշ դեպքերում` թշվառությունը:

Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք և կշարունակվի նշվել պաշտոնապես միայն, քանի դեռ ընտրությունները չեն անցնում արդար, քանի դեռ երկրում իշխում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ` իշխանական, չինովնիկական կամայականությունը, քանի դեռ ամեն քայլափոխի ոտնահարվում են անկախության իրական տերերի` շարքային քաղաքացիների իրավունքները: Քանի դեռ այս երկրում կա արդարության, վաղվա օրվա նկատմամբ հավատի պակաս, Անկախության տոնը չի գալու մեր տուն և Անկախության օրով տոնական  սեղաններ չենք բացի, միմյանց չենք շնորհավորի:

Թաթուլ Հակոբյան