Ավազակապետական համակարգի հանգուցային օղակները՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան

2061
Opposition leader Levon Ter-Petrosian gestures as he speaks during a rally in Yerevan, Wednesday, Feb. 20, 2008. Thousands of opposition supporters marched through Armenia's capital Wednesday, chanting and thrusting fists into the air in protest after election officials said complete results showed Prime Minister Serge Sarkisian won the presidency. (AP Photo/George Abdaladze)

ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հատված

Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով: Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր:

Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ:

Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն Գեւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը: Այսինքն՝ նրանք օժտված էին իրենց իրավասություններից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից:

Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի: Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան: Թեեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից:

Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին:

Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի՝ առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը: Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված հսկայական գումարների օրինականացման գործը:

Եվ վերջապես հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը: Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ: