Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս վեցերորդ)

1252

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը: Այսօր ներկայացնում ենք աշխատության վեցերորդ մասը (մասերի բաժանումը պայմանական է):

Kadjaznuni Azgcover

Ե.

I

Ցեղը ազգ չէ, դա պարզ է, բայց ցեղը՝ ազգ կազմող հիմնական տարրերից մէկն է: Ցեղային կապակցութիւնը՝ ինքնըստինքեան ու անջատօրէն վերցրած՝ չի կարող բնորոշել այն բարդ հաւաքականութիւնը, որ ազգ է անուանւում, բայց, գումարուելով ուրիշ ազգային տարրերի, ուրիշ կարգի կապակցութիւնների հետ միասին՝ նա կազմում է ազգ:

Տեսանք, թէ ցեղայնօրէն որքա՛ն բարդ է անգլիացու արիւնը. նոյնը եւ հայինը. նոյնը եւ ամէն ազգի առհասարակ: Բայց հարկ է նկատել, որ անգլիական ազգը կազմուել է այն ժամանակ, երբ ցեղերի խառնուրդը, խոշոր չափերով, արդէն կատարուած փաստ է եղել, այսինքն՝ եղել է արդէն մի ցեղային միութիւն, թէեւ բարդ ու բազմարիւն, որը ծնունդ է տուել ազգային միութեան: Ծագման բարդութիւնը չի բացասում միութեան գոյութիւնը: Երբ խառնուրդը կատարուած է ու հաստատուած, նա ինքը արդէն ներկայացնում է մի նոր միութիւն: Անգլիական ձին խառնուրդ է արաբականի եւ (եթէ չեմ մոռացել) նորմանդականի, բայց, խառնուրդ լինելով հանդերձ, նա ներկայացնում է լաւ ձուլուած, ուրոյն ցեղային տիպ, մի շարք առանձնայատկութիւններով, որ բնորոշ են իրեն համար եւ որ տարբերում են իրեն ուրիշ ցեղային տիպերից:

Ուրարդացիները հայ չէին, ինչպէս հայ չէին նաեւ այն արիական ժողովուրդները, որ եկան Ուրարդու՝ հիւսիս-արեւմուտքից: Բայց սրանց խառնուրդից ստացուեց մի նոր ցեղային միութիւն, որը եւ հիմք դրեց ապագայ հայ ազգին:

Ի հարկէ, ազգերը կազմուելուց յետոյ էլ շարունակուել է (ու շարունակւում է) խառնման պրոցեսը: Բայց որովհետեւ ազգերը կազմուել են շատ աւելի ուշ, քան տեղի են ունեցել ժողովուրդների մեծ տեղափոխութիւնները եւ ցեղերի զանգուածային կուտակումները իրար վրայ եւ որովհետեւ միւս կողմից ամուսնութիւնները հետագայում կատարուել են ընդհանրապէս ազգակիցների մէջ, ցեղային կապակցութիւնը շարունակել է (ու շարունակում է) պահպանուել ազգերի ներսը:

Չի կարելի ասել, թէ ազգին պատկանող ամէն մի անհատ ունի անպատճառ ցեղակցական կապեր իր ազգակիցների հետ: Լորդ Բիքօնսուիլդի երակների մէջ չկար թերեւս ոչ մի կաթիլ անգլիական արիւն, ինչպէս չկար թերեւս եւ ոչ մի կաթիլ ֆրանսիական արիւն Տիկ. Սառա Բերնարի երակների մէջ: Եւ սա պատճառ չէ, որ մենք ժխտէինք Բիքօնսուլիդի անգլիացի լինելը ու Տիկ. Բերնարի Ֆրանսուի լինելը (հետագայում կը տեսնենք, թէ ի՞նչն է որ՝ հակառակ ցեղին, մէկին անում է անգլիացի, միւսին՝ ֆրանսուհի): Բայց, ընդհանուր առմամբ ու զանգուածօրէն, անգլիացին՝ միջին անգլիացին, կապուած է ցեղային կապերով անգլիացիների հետ, ֆրանսիացին՝ ֆրանսիացիների հետ, հայը՝ հայերի հետ:

Ապացոյց՝ ազգային տիպերի գոյութիւնը, որ անհերքելի փաստ է:

Ի հարկէ, հայերի մէջ պատահում են (բաւականին յաճախ) միմեանցից տարբերուող տիպեր (գլխաւորապէս՝ ըստ ծննդավայրերի) եւ չի կարելի ասել, թէ ամէն մի հայի ազգային պատկանելիութիւնը դրոշմուած է արդէն իր ճակատի վրայ: Բայց ընդհանուր առմամբ հայ մարդը ներկայացնում է այնքան բնորոշ տիպ, որ դժուար չէ ճանաչել նրան՝ առանց ծննդականը քննելու: Մի քիչ դիտող ու մի քիչ վարժուած աչքի համար դժուար չէ տարբերել, առանց մեծ սխալնների, հային՝ թուրքից, անգլիացուն՝ ֆրանսիացիից, գերմանացուն՝ սպանացիից, ռուսին՝ չէրքեզից:

Պատահում է, որ դուք զարմանում էք, երբ տեղեկանում էք, թէ այսինչ անհատը հայ է. ամենեւին նման չէ, ասում էք: Մի ուրիշ անգամ, հանդիպելով մի սպանացու, մտածում էք՝ որքա՜ն այս մարդը նման է հայի:

Ինչի՞ն էք զարմանում, ինչի՞ն է նման այս մէկը ու նման չէ այն միւսը:

Պատասխանը պարզ է. դուք գիտէք, որ գոյութիւն ունի մի ուրոյն հայ ազգային տիպ, գիտէք, թէ ո՛րն է այն (թէկուզ չկարողանանք նկարագրել), սպասում էք, թէ ամէն մի հայ մարդ՝ աւելի կամ պակաս չափերով, պիտի համապատասխանի (նման լինի) ձեր գիտցածին, եւ բնականօրէն զարմանում էք, երբ չէք գտնում սպասուած նմանութիւնը: Ինչպէս զարմանում էք նաեւ այն դէպքում, երբ գտնում էք նմանութիւն այնտեղ, ուր չէիք սպասում, չպիտի գտնէիք (սպանացու եւ հայի միջեւ):

Իսկ տիպը ստեղծւում է ու փոխանցւում ժառանգօրէն, նմանութիւնը պայմանաւորւում է գլխաւորապէս արիւնակցական կապերով (կան եւ ուրիշ գործօններ, բայց գլխաւորը՝ արիւնակցութիւնն է):

Արիւնակցական կապերը, ցեղային միութիւնը մէկն է այն տարրերից, որոնցից կազմւում է ազգը:

II

Պետական միութիւնը ազգային միութիւն չէ. պետութիւնն ու ազգութիւնը տարբեր էութիւններ են: Ազգը կարող է գոյութիւն ունենալ (գոնէ ժամանակաւորապէս) առանց պետութեան, կարող է բաժանուած լինել տարբեր պետութիւնների մէջ, ինչպէս եւ պետութիւնը կարող է կազմուած լինել տարբեր ազգերից: Ազգը աւելի հիմնական, աւելի տեւողական ու աւելի արժէքաւոր երեւոյթ է, քան պետութիւնը: Պետութիւնները յաճախ կազմւում են ու լուծւում յանկարծակի, քաղաքական պատահարնների հետեւանքով ու արհեստական միջոցներով. մինչդեռ ազգը կազմելու կամ լուծելու համար հարկաւոր է դարերի ու սերունդների աշխատանք:

Ճի՛շդ է այս ամէնը:

Բայց պետութիւնը այն անհրաժեշտ միջոցներից մէկն է, որոնք հնարաւորութիւն են տալիս ազգերին կազմակերպուելու, սնունդ առնելու, զարգանալու եւ զօրեղանալու: Մինչ այն աստիճան, որ թոյլատրելի է հարց դնել, թէ կարո՞ղ էին արդեօք ծնունդ առնել ազգերը պետական շրջանակներից դուրս ու անկախ:

Փաստը այն է, որ ամէն մի ազգ ունի այսօր կամ ունեցել է անցեալում (իր կազմակերպման շրջանում) ինքնուրոյն պետական կեանք եւ այդտեղ է գտել իր ինքնահաստատման ամենազօրեղ նեցուկներից մէկը:

Եթէ այս կամ այն ազգային հատուած (գերմանական գաղութները Ռուսիայում եւ Ամերիկայում, իտալացիները Աւստրիայում, յոյները Թիւրքիայում) անջատուած է իր պետութիւնից, նա շարունակում է սնուել արմատից՝ բուն ազգից, մայր ազգից, որ մնում է ամրացած՝ պետական հողի վրայ:

Եթէ որեւէ ազգութիւն չունի այսօր իր սեփական պետութիւնը (ինչպէս չեն ունեցել՝ Մեծ Պատերազմից առաջ՝ լեհերը, լիթուինները, չեխերը, հայերը…), ունեցել է այն աւելի կամ պակաս հեռաւոր անցեալում, պահել է կենդանի  յիշողութիւններ անցեալի մասին եւ շարունակում է ապրել, կենդանի մնալ պատմութիւնից ժառանգած պաշարով:

Կայ մի ազգ միայն՝ բոշան, որի պետութիւն կազմելը, երբեւիցէ ու որեւէ տեղ, մնում է տակաւին անյայտ: Բայց այս միակ ու բացառիկ օրինակը չի կարող նսեմացնել ընդհանուր երեւոյթի ոյժը, մանաւանդ որ բոշաների «ազգ» լինելը լուրջ կասկածներ է յարուցանում:

Իսկ ընդհանուր երեւոյթն այն է, որ ազգերը պետութեան մէջ են որոնել ու գտել իրենց ապաստանը, կազմել են պետութիւններ ու զէնքի ոյժով պաշտպանել այն. եւ, եթէ դժբախտութիւն են ունեցել կորցնելու, տառապել են կորուստից, յամառօրէն ձգտել են վերահաստատելու եւ ապրել են ապագայի յոյսերով: Ամբողջ 19րդ դարի պատմութիւնը եւ մանաւանդ մեր ապրած շրջանը՝ 20րդ (դարի առաջին քառորդը), բազմաթիւ ապացոյցներ են տալիս ազգերի այս բուռն, այս անխորտակելի տենչին:

Ինքնապահպանման բնազդը մղում է ազգերը դէպի ինքնուրոյն պետական կեանք:

Ինչո՞ւ:

Որովհետեւ պետական կեանքը ազգային կեանքի գոյութեան (կամ՝ առնուազն՝ նրա ապահովութեան) անհրաժեշտ պայմաններից մէկն է: Պէտք է գիտնալ տարբերել ազգը պետութիւնից (ազգը nation չէ): Բայց չի կարելի չտեսնել, որ սրանք խիստ սերտ կապուած ու միմեանց լրացնող միութիւններ են:

III

Ցեղն ու պետութիւնը կապուած են աշխարհագրական վայրի, որոշ հողամասի հետ:

Պետութեան վերաբերմամբ սա հասկանալի է ինքնըստինքեան. տերիտորիան պետութիւն կազմող երեք հիմնական տարրերից մէկն է (տերիտորիա, ժողովուրդ, կառավարութիւն): Ինչ վերաբերւում է ցեղին՝ սրա սերտ կապակցութիւնը երկրի հետ հասկանալի կը լինի, եթէ նկատի առնենք, որ ցեղային տիպը կարող է պահպանուել միայն անխառն ամուսնութիւնների շնորհիւ ու այն էլ՝ որոշ ֆիզիքական միջավայրում (կլիմայ ու մի շարք ուրիշ գործօններ): Խառն ամուսնութիւնները (որ անխուսափելի են օտար երկիրների մէջ) ու տարբեր միջավայրը քանդում են ցեղային ամբողջութիւնը, այլասերում են նրա դէմքը:

Երկիրը բացարձակապէս անհրաժեշտ է պետութիւն կազմելու համար եւ մեծապէս կարեւոր՝ ցեղային միութիւնը պահպանելու համար:

Եւ որովհետեւ ցեղն ու պետութիւնը՝ ազգային տարրեր են, հետեւապէս տարր է հանդիսանում նաեւ երկիրը:

Տեսանք, որ միեւնոյն վայրում ապրում են տարբեր ազգեր եւ որ միեւնոյն ազգի հատուածները ապրում են տարբեր վայրերում: Բայց այս միջանկեալ երեւոյթը չի կարող քողարկել այն հիմնական փաստը, որ ամէն մի ազգ (բացի բոշաներից) ունի այնու ամենայնիւ մի հողամաս, որ իրն է յատկապէս, որի հետ կապուած է պատմականօրէն, ուր ապրել է դարերով եւ ուր շարունակում է ապրել զանգուածօրէն:

Սպանական, իտալական ու հոլանդական բազմամարդ գաղութներ գոյութիւն ունեն Հիւսիսային ու Հարաւային Ամերիկայում, Հարաւային Ափրիկէում ու ասիական մեծ կղզիներում. բայց սպանական, իտալական ու հոլանդական ազգերի հիմնական զանգուածները մնում են մայր երկրում, կապուած այն հողի հետ, ուր ծագել են ու ձեւաւորուել իրանց ազգային միութիւնները:

Իբրեւ դասական օրինակ հայրենազուրկ, ապերկրային ազգութեան՝ մատնանշւում է յաճախ հրէական ազգը, որ ցրուած է աշխարհիս չորս կողմը: Մոռացութեան է տրւում կամ պատշաճ չափով հաշուի չի առնւում այն հանգամանքը, որ իրենց պատմական հայրենիքում՝ Պաղեստինի մէջ՝ հրեաները պահել են մի փոքրիկ, բայց շատ կենսունակ կորիզ եւ որ Միջին Եւրոպայում Լեհաստանի, Ուկրայինայի ու Գալիցիայի սահմաններում կայ մի երկիր, ուր հրեաները ապրում են հոծ բազմութիւններով, մշտական ու անմիջական շփման մէջ իրար հետ, անջատուած հարեւաններից կրօնական եւ ուրիշ կարգի պատնէշներով: Եթէ չլինէին այս կենտրոնները եւ այն կենդանի կապը, որ կապում է ամենահեռաւոր գաղութները սրանց հետ, հարց է թէ պիտի կարողանայի՞ն արդեօք Նիւ Եորքի, Փարիզի եւ Վիեննայի հրեաները պահպանել իրենց ազգային դէմքն ու ազգային գիտակցութիւնը:

Ապա՝ երկրի ու միջավայրի մեծ արժէքը հասկանալու համար, հարկ է հաշուի առնել այն, որ ազգային տիպը մի անշարժ, ընդմիշտ հաստատուած ու անփոփոխ բան չէ: Հակառակը, նա ենթակայ է բնաշրջման (évolution) ընդհանուր օրէնքին, շարունակ անկայուն հաւասարակշռութեան վիճակի մէջ է, շարունակ կերպարանափոխւում է, ստանում է նոր ձեւեր ու արտայայտութիւններ: Բայց իր հարազատ շրջապատի մէջ ազգութիւնը զարգանում է բնականօրէն, համաձայն իր ներքին էութեան ու հաւատարիմ իր անցեալին. ամէն նոր փոփոխութիւն գալիս է լրացնելու, զօրեղացնելու եւ խորացնելու հիմնական տիպը: Մինչդեռ անհարազատ շրջապատի մէջ, օտար ու խորթ ազդեցութիւնների տակ, ոչ միայն ցեղը, այլեւ ազգը՝ իբրեւ այդպիսին, այլասերւում է անխուսափելիօրէն, կորցնում է ինքնայատուկ գծերը, իւրացնում է յատկութիւններ, որ իրeնը չեն: Առաջ են գալիս գաղութային խառն տիպեր, որ միայն կէս տիպեր են ու դատապարտուած են կորուստի, եթէ կորցնում են կապերը մայր երկրի հետ:

Հնդկաստանի, Միջագետքի ու Ռումանիայի հայերը հայ են, ի հարկէ (աւելի ճիշդ կը լինէր ասել՝ դեռ եւս հայ են): Բայց նրանք պակաս չափով հայ են, քան Տարօնի կամ Արարատեան դաշտի հայրը: Եւ վաղուց արդէն դադարած կը լինէին հայ լինելուց, եթէ Տարօնում ու Արարատեան դաշտում գոյութիւն չունենային ազգային մեծ զանգուածներ կամ եթէ կտրուէր ամէն կապ այդ զանգուածների ու գաղութների միջեւ:

Ոչ միայն ցեղային, այլեւ ազգային միութիւնը պահպանելու համար անհարժեշտ է, որ միութեան անդամները՝ ազգը կազմող մարդիկ, մշտական ու ամենասերտ շփման մէջ լինեն իրար հետ, ենթակայ լինեն փոխադարձ ազդեցութեան, մասնակից լինեն այն հաւաքական աշխատանքին, որ ստեղծագործում է ազգային արժէքներ, բնորոշում է ու հաստատում ազգը: Իսկ սրա համար հարկաւոր է ամէնից առաջ ֆիզիքական մօտիկութիւն, այսինքն՝ երկրային միութիւն:

Շարունակելի