«Ռոբերտ Քո­չար­յանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և ձեր վզին փաթաթելու համար ներողություն եմ խնդրում»

1614
Opposition leader Levon Ter-Petrosian gestures as he speaks during a rally in Yerevan, Wednesday, Feb. 20, 2008. Thousands of opposition supporters marched through Armenia's capital Wednesday, chanting and thrusting fists into the air in protest after election officials said complete results showed Prime Minister Serge Sarkisian won the presidency. (AP Photo/George Abdaladze)

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է վերահրատարակել  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները, որոնցում անդրադարձ կա գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը: Այդ շարքը մենք դնում ենք «Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներում» խորագրի տակ՝ զերծ մնալով մեկնաբանություններից: 

ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները: Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննադատները: Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթակում, դա նշանակում է, որ նրանց միավորել է ոչ թե իմ անձի նկատմամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը:

Իսկ այժմ դիմելով այս խորհրդանշական հրապարակում հավաքված ազատ քաղաքացիներիդ եւ ողջունելով պայքարի ձեր կամքն ու երկրի ապագան սեփական ձեռքերով կերտելու ձեր վճռականությունը՝ կցանկանայի ձեզ հետ բարեկամաբար զրուցել բոլորիդ հուզող որոշ հարցերի շուրջ: Նախորդ ելույթում ես խոստացել էի առաջիկա ընտրարշավի ընթացքում մեկ առ մեկ բացատրություններ տալ այն բոլոր մեղադրանքների վերաբերյալ, որոնք վերջին տասնհինգ տարիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին եւ ավելի հաճախակիացել ու սաստկացել ներկա նախընտրական շրջանում: Այս հանրահավաքում ես հանգամանորեն կանդրադառնամ դրանցից մի քանիսին՝ մնացյալը թողնելով այլ առիթների:

Ցրտի ու մթի տարիներ

Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառ­նում, որ վերը թվարկ­ված մեղա­դրանքները նպատակ են հետա­պնդում սոսկ քողարկելու Հայաս­տանին բա­ժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է՝ Արցախյան պատերազմն ու շրջա­փակումները: 1992-1994 թվա­կաններին Հայաստանի իշխանու­թյունները, մեծ զրկանք­ների ենթարկելով հանրապետության քա­ղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամ­բողջովին ներդրե­ցին Արցախի գոյությունն ու ան­վտանգությունն ապահովե­լու գոր­ծում՝ մեր երկրի տնտե­սա­կան գլխա­վոր խնդիրը դիտելով պա­տերազմի կարիքների բավա­րա­րումը, զենքի, զինամթերքի, դիզ­վառելիքի, դեղորայքի հայ­թայ­թումը, հակաօդային պաշտպա­նու­թյան համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը: Թեեւ բոլորի մոտ տպավոր­ված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռ­նային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես ան­միջականորեն ներքաշված էր չհայ­տարարված պատերազմի մեջ: Հայ-ադրբեջանական եւ հայ-նա­խիջեւանյան ողջ սահմանային գո­տին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամեն­օր­յա ռմբակոծությունների, հրա­ձգու­թյունների եւ ավերումների: Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրա­վորներ տված չլինի: Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատե­րազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունի­կա­ցիաներին: 1992-1995 թթ. ըն­թաց­քում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական եր­կաթ­գիծը: Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրա­ցուցիչ ծախսեր են պահանջ­վել կոմունիկացիաների վերականգն­ման աշխատանքների համար:

Ես առայժմ չեմ կարող պետա­կան գաղտնիքներ հրապարակել, բայց հավա­տացնում եմ, որ պա­տերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բա­նա­կի մատակարարման, Հայաս­տա­նի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խա­փանված կո­մունիկացիաների վերականգն­ման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիու­լի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար: 1993-1995 թվականներին Հայաս­տանի Հանրապետության Պաշտ­պանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբող­ջու­թյամբ տիրապետում է այդ գաղտ­նիքներին, եւ որը չի կարող չհաս­տատել այս ամենը: Դիմելով այս հրապարակում գտնվող լրա­գրող­ներին, խորհուրդ եմ տալիս՝ առի­թի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատաս­խա­նելու:

Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-1994 թվա­կանները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները: Մինչ­դեռ Արցախ մեկնած հազա­րավոր հայաստանցի կամա­վոր­նե­րի ու նրանց ընտանիքների, սահ­մանամերձ շրջանների բնակ­չու­թյան համար դրանք եղել են ար­յան, դիերի, վիրավորների, ռմբա­կոծումների եւ ավերում­նե­րի տա­րի­ներ՝ զոհողություններ, որոնց գի­նը ազատագրված Ար­ցախն է: Որ Արցախի ազատա­գրման գոր­ծին Հայաստանի իշ­խա­նություն­ների եւ ժողովրդի ան­մնացորդ նվիր­վածության, ինչպես նաեւ կրած զրկանքների ու տա­ռա­պանքների մասին ասվածը սոսկ մերկա­պա­րանոց հայտա­րա­րություն չէ, հաստատվում է Ղարաբաղի ղե­կա­վարության՝ ժա­մանակին տված անկեղծ գնահա­տականներով:

Այսպես, ԼՂՀ նախագահ Ռո­բերտ Քոչարյանը, 1995 թ. հուն­վարի 9-ին, դիմելով ինձ, գրել է. «Արցախի երախտագետ ժողո­վուր­դը երբեք չի մոռանա Ձեր անձ­նական ներդրումը մեր հերո­սա­կան գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության զորակցու­թյու­նը» (ՀՀ առաջին նախագահի ար­խիվ, 09.01.1995):

1996 թվականին, մի այլ առիթով, Ռոբերտ Քոչար­յանը դա արտահայտել է ավելի պերճախոս կերպով. «Այսօր ԼՂՀ‑ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսու­թյուն, մարտունակ բանակ, ներ­քին կայուն իրավիճակ եւ հար­գանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաս­տա­նի Հանրապետությունը… Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկա­նում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես» (“Հայաստանի Հանրապետություն”, 19.09.1996 թ.):

Որպեսզի չթվա, թե սա ընդամենը մեկ մարդու տեսակետ է, բերենք նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի երբեմնի նախագահ Արթուր Թովմասյանի գնահատականը. “Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ եւ հավասարակշռված քաղաքականությամբ: Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը” (“Հայաստանի Հանրապետություն”, 19.09.1996 թ.):

Իսկ Լեռ­նային Ղարաբաղի Հան­րա­պետու­թյան վարչապետ Լեո­նարդ Պետ­րոս­յանը 1996 թվա­կա­նին հայ­տարարել է հետեւյալը. «Եթե այսօր ար­ցա­խահայությունը մաս­նակ­ցեր Հայաստանի Հան­րա­պե­տության նախագահի ընտ­րու­թյուն­ներին, ապա բացարձակ մե­ծա­մասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին» («Հայաս­տա­նի Հանրապետություն», 19.09.1996 թ.):

Համոզված եմ, որ սերունդ­նե­րը «ցրտի ու մթի» տարիները գնա­հատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատե­րազմի տարիներ: Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրու­թյունները, միեւնույն է, չեն փա­րա­տելու շատերի կասկածները: Ուստի ինձ մնում է միայն նե­րողամտություն հայցել մեր ժո­ղովրդից՝ հանուն Արցախի փրկու­թյան նրան պատճառած տառա­պանքների համար: Խորապես ցավում եմ, որ հար­կադրված եղա այսքան բացա­հայտ խոսել Հա­յաս­տանի էներ­գետիկ ճգնաժամի եւ հաղթական պատե­րազմի փոխկապակց­վա­ծության մա­սին: Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրա­վորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար:

Ներկա արատավոր ռեժիմի «արմատները»

Կցանկանայի համառոտակի անդրադառնալ նաեւ նախկին իշ­խանությունների դեմ ուղղված մի այլ հայտնի ամբաստանության: Խոսքը վերաբերում է վերջերս հա­ճախակի հնչող այն տեսա­կե­տին, որ ներկա վարչախմբի արատ­ները բխում են նախկին իշխա­նությունների ժամանակից: Սա, ինձ թվում է, քաղաքական բանավեճում կիրառվող ամենապրի­միտիվ հնարքն է, որի նպա­տակն է խուսափել պատաս­խա­նատվությունից եւ սեփական օրի­նազանցություններն արդա­րաց­նել պատմական նախադե­պե­րով: Ակամա­յից հիշում ես Շվար­ցի պիեսի չարագործ թա­գա­վորին, ով իր արարքները բա­ցատ­րում էր մորաքրոջից ժա­ռան­գած վատ գեներով:

Նման տրամաբանությամբ առաջ­նորդվելու պարագայում կա­րե­լի է արդարացնել ցանկացած հան­ցագործություն, քանի որ ան­հնար է պատկերացնել որեւէ օրի­նազան­ցություն, որն իր նախա­դեպը չունենա անցյալում: Նման տրամաբանությամբ առաջ­նորդ­վելու պարագայում մարդ­կության պատմության մեջ ոչ մի գող չպի­տի դատվեր, որով­հետեւ առաջին գողերը դրախտի արգելված պտու­ղը ճաշակած Ադամն ու Եւան էին: Չպիտի դատվեր ոչ մի մար­դասպան՝ Կա­յե­նի ոճրագործու­թյունից հետո: Եւ վերջապես, չպի­տի դատվեր ոչ մի կաշառակեր կամ կաշառատու՝ Եսավից ու Հակոբից հետո:

Յուրաքանչյուր մարդ, յուրա­քանչյուր իշխանություն, յուրա­քանչյուր պաշտոնյա պատաս­խա­նատու է իր արատների ու հանցանքների համար, եւ դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով: Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի: Հետեւաբար, Հայաստա­նի նախկին իշխա­նու­թյունները պա­տասխանատու են իրենց արարք­ների համար, իսկ ներ­կա­ներն՝ իրենց: Համենայն դեպս, մենք՝ նախկիններս, երբեւէ չենք փորձել մեր արատները բացատ­րել Խորհրդային համակարգից ժա­ռանգած ավանդույթներով, առա­վել եւս՝ Սերժ Սարգսյանի կարծած մեր ազգային մենթալիտետով: Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնար­քը) ոչ միայն անհեթեթ, այլեւ ծի­ծաղելի կհնչեր, որովհետեւ եթե քո նա­խորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել: Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թա­փան­ցում են պետա­կա­նության բարձ­րագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը:

Ոմանք, չբավարարվելով ներ­կա վարչախմբի արատները նախ­կինների ժամա­նա­կից բխեցնելով, նույնիսկ հայտարարում են, որ նախկին եւ ներկա իշխա­նու­թյուն­ների միջեւ ոչ մի տար­բե­րու­թյուն չկա: Դա կարելի է բացատ­րել կա՛մ վերը ներկայացված պարզու­նակ մտայնությամբ, կա՛մ էլ երեւույթների խորքը չթափան­ցելու ցանկությամբ: Նախկին եւ ներկա իշխանությունները չեն կա­րող նույնական լինել մեկ պարզ պատճա­ռով: Նախկինները քաղաքական իշխանություն էին, իսկ ներկաներն՝ ավազակապե­տա­կան:

1995 թվականից այսկողմ Հա­յաստանում անցկացված բոլոր ընտրությունները, մեղմ ասած, վիճելի եւ աղմկոտ են եղել: Բացի սուբյեկտիվ պահերից՝ իշխանու­թյունների կա­մա­յա­կանու­թյուն­նե­րից, ընտրակեղծիքներից եւ այլն, դա ունի նաեւ մի օբյեկտիվ պատ­ճառ, որը չհաղթահարելու դեպքում մեր երկրում երբեւէ անաղմուկ եւ վստահու­թյուն ներ­շնչող ընտրություններ չեն լինի: Խոսքը վերաբերում է ընտրական հանձնա­ժո­ղով­նե­րի ձեւավորման սկզբունքին: Թեւ արտաքուստ թվում է, թե բազմակուսակցական հանձ­նաժողովները համապա­տաս­խանում են ժողովրդավա­րու­թյան պահանջներին, բայց իրա­կանում դրանք չեն նպաս­տում ազատ եւ արդար ընտրու­թյունների անցկաց­մանը: Պարտ­ված կուսակցությունները ներկա­յացնող հանձնաժողովի անդամ­ները, սո­վո­րա­բար, չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ չեն ստորագրում ամփոփիչ արձա­նա­գրությունները: Չլինելով պետական պաշտոնյաներ, ընտ­րական հանձնաժո­ղով­ների ան­դամ­ները փաստորեն որեւէ պա­տասխանատվություն չեն կրում՝ ընտրու­թյունների ըն­թացքում եւ ձայների հաշվառման փուլում թույլ տված օրինախախ­տում­ների համար:

Մինչդեռ աշխարհի համարյա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընտրություններն անցկացնում է պետությունը՝ իհարկե, ապահո­վե­լով դրանց լիակատար վերա­հսկո­ղու­թյունը թեկնածուների վս­տահ­ված անձանց, կուսակցու­թյունների եւ հասարակական կազ­մակերպությունների կողմից: Շատ երկրներում ընտրական գոր­ծառույթը սովորա­բար դրվում է ներքին գործերի նախարա­րու­թյան վրա: Այսինքն՝ առկա է հս­տակ հաս­ցեատեր, որին, ընտրա­խախ­տումների դեպքում կարելի է պատասխանատվության կան­չել: Թեկուզ աշխատանքը կորց­նե­լու վախից՝ պետական պաշ­տոնյա­ները, որպես կանոն, ընտ­րական հանձնաժողովներում ավե­լի ազնիվ եւ բարեխիղճ են աշխա­տում, քան ընտ­րությունների ար­դյունքների հարցում բնական շա­հախնդրություն ունեցող կուսակ­ցա­կան ներկայացուցիչները (փաստ՝ 1990 թվականի խորհր­դա­րա­նական ընտրու­թյուն­ները): Հետեւաբար, եթե նույնիսկ առա­ջիկա նախագահական ընտրու­թյուններն անց­կացնի Հայկ Հա­րությունյանի գլխավորած համա­կարգը, ապա այդ ընտրու­թյուն­ներն ավե­լի մա­քուր եւ օրինական կլինեն, քան բազմակուսակ­ցա­կան հանձնաժողովների պարա­գա­յում:

Մեր իշխանության օրոք ես նման առաջարկ չէի կարող անել, որովհետեւ դա սվիններով կըն­դունվեր իմ ընդդիմախոսների կող­մից: Հարցը ժամանակին քննարկվել է մեր կողմնակիցների շրջանակում, եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրու­թյուն­ների նախօրյակին Դավիթ Շահնա­զար­յանը «Հանրա­պետու­թյուն» խմբակցության անու­նից այն հն­չեց­րել է Ազգային ժողո­վում: Ի դեպ, ՀՅԴ ղեկավարու­թյան հետ իմ ունեցած վերջին հանդիպման ընթացքում պարզ­վեց, որ Դաշ­նակցությունը նույն­պես կիսում է այս տեսակետը: Այս ամենը նշե­լով հանդերձ, հաս­կանալի է, որ մինչեւ առաջիկա նախա­գահա­կան ընտ­րու­թյունները տվյալ փո­փո­խու­թյունը հնարավոր չէ իրա­կա­նացնել, ուս­տի առայժմ այն մնում է որպես տեսական հար­ցա­դրում, որին իմ խորին հա­մոզմամբ, վաղ թե ուշ անդրա­դառնալու են մեր օրենսդիրները:

Սակայն կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ լուծում: Թեեւ անցած խորհրդարանա­կան ընտրությունները բարձր գնա­հատվեցին միջազգային հան­րու­թյան կողմից, բայց դրանք, թերեւս, Հայաստանի պատմու­թյան ամենախայտառակ ընտրու­թյուններն էին, քանի որ ընտ­րակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք: Ընտրությունների ընթաց­քում իշխա­նու­թյուն­ների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները.

Առաջին. տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են հա­մայն­քապետարանների աշ­խա­տա­կիցներին, հավատարիմ գոր­ծարարներին, թա­ղային հե­ղի­նա­կություններին եւ նույնիսկ քրեա­կան տարրերին: Ընտ­րու­թյուն­ների օրը վերջիններս ավ­տո­բուս­ներով ու միկրոավտո­բուս­ներով քաղաքացիներին բե­րել են ընտ­րատեղամաս, ավտո­բուսում բա­ժա­նել արդեն քվեար­կած թերթիկ­ները, եւ ձեւական քվեար­կու­թյու­նից ու տեղամա­սում տրված դա­տարկ քվեաթեր­թիկները ստանա­լուց հե­տո միայն վճարել նրանց:

Երկրորդ. տասնյակ հազարա­վոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձ­նագրեր կամ համապատասխան կնիքնե­րով վավերացված գրանց­ման տե­ղեկանք­ներ, որոնց շնոր­հիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեար­կել տարբեր տեղամասերում: Նշված հանճարեղ ընտրա­կեղ­ծիքները, որոնք արժանի են տեղ գրավելու արդի քա­ղաքագիտու­թյան դասագրքերում, ինչպես ասա­ցի, չէին կարող նկատվել դի­տորդների կամ վստահված ան­ձանց կողմից: Սակայն, որքան էլ հանճարեղ, գոյություն ունեն չա­փազանց պարզ մեխանիզմներ, որոնցով կարելի է իսպառ վե­րացնել այդ տիպի կեղծիք­ները: Ձեր թույլտվությամբ, այս հան­րահավաքի անունից, ես պատ­րաս­տվում եմ պաշ­տոնապես դի­մել միջազգային դիտորդական կազ­մակերպություններին՝ «Ժո­ղո­վրդա­վարական հաստատու­թյուն­ների եւ մարդու իրա­վունք­ների գրասենյակին (ODIHR), «Եվ­րո­խորհրդի խորհրդարանական վեհաժողովին» (PACE), «Ազգային դեմոկրատական ինստիտուտին» (NDI), ինչպես նաեւ Եվրոխորհր­դի գլխավոր քարտուղարին՝ հե­տեւ­յալ խնդրանքով կամ առա­ջար­կով.

Հորդորել կամ պարտադրել Հա­յաստանի Հանրապետության Ազ­գային ժողովին՝ կարճ ժամկետներում մեր երկրի «Ընտրական օրենքում» կատարել երկու փոփոխություն.

ա) Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրություն­ների քվեա­թեր­թիկ­ները, միջազ­գա­յին կազմակերպությունների վե­րա­հսկողությամբ, տպագրել ար­տասահ­մա­նում՝ բացառելու համար հավելյալ քվեա­թեր­թիկ­ների տպագրման հնարա­վորու­թյունը.

բ) Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ըն­դունված՝ ցուցամատի թանաքոտ­ման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեար­կություն թույլ չտալու.

Բացի այդ, իմ կարծիքով, դիտորդական կազմակերպու­թյուն­ները պարտավոր են ընտ­րությունների որակն ու ար­դյունք­ները գնահատել ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օր­վա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործ­ընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձա­նա­գրե­լով եւ դատապարտելով այդ ընթաց­քում նկատված բոլոր խախտումները:

Եթե այս ամենը չի արվելու, ապա միջազգային դիտորդական կազմակեր­պություն­ների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաս­տում է աղա­ղակող կեղծիքներով ու խախ­տում­ներով անցկացված ընտրու­թյուն­ների լեգիտիմացմանը: Եթե նախագահի մյուս թեկնածուներն ու կուսակցությունները միա­նան այս առաջարկին, ապա ես պատ­րաստ եմ վերոհիշյալ կազմակեր­պու­թյուն­ներին դիմել համատեղ հայտարարությամբ:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ստեղծել ենք ընտրական գործըն­թացի վերահսկման եւ օրինա­խախ­տումների գրանցման մեր մեխա­նիզմ­ները: Մենք այսուհե­տեւ թողարկելու ենք շաբաթա­կան տեղեկանքներ՝ մեր կողմ­նա­կից­ների նկատմամբ կիրառ­ված վարչական, ոստիկանական եւ տնտեսական բռնություն­նե­րի, խոս­քի ազատության սահմանա­փա­կումների, իշխանությունների կողմից նոր ձեւա­վոր­վող շարժ­ման ակտիվիստներին ահաբե­կելու փորձերի մասին: Բացի այդ, արդեն իսկ առանձին տեղեկանք­ներ են պատրաստված մի քանի աղաղակող գործերի՝ մաս­նավո­րա­պես սույն թվականի հոկտեմ­բերի 23-ի պրովոկացիայի, Խա­չա­տուր Սուքիաս­յանի նկատ­մամբ ձեռնարկված տնտեսական տեռորի եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուս­տա­ընկերության կազ­մա­լուծման փորձի վերաբերյալ: Այդ տեղեկանքները մենք սիստե­մա­տիկաբար ներկայացնելու ենք Հա­յաստանում գործող բոլոր դես­պանատներին եւ միջ­ազ­գային ներ­կայացուցչություններին, ինչ­պես նաեւ՝ վերը նշված դիտոր­դական կազ­մա­կեր­պություն­նե­րին:

Ուստի, դիմելով ձեզ, խնդրում ենք՝ այս տիպի բոլոր բռնա­րարք­ների, ահաբե­կում­ների, վարչա­կան, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել ման­րամասն գրություններ եւ ուղար­կել կա՛մ «Արմատ» կենտրոն (Երե­ւան, Բյուզանդի 26), կա՛մ էլ՝ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռ­նու­թյան գրասենյակ» (Երե­ւան, Եկ­մալ­յան 16): Կրկնում եմ նախորդ ելույթում արած իմ զգուշացումը՝ թող ժո­ղովրդի կամքի վրա բռնա­ցող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշ­խա­տակից կամ թաղային հե­ղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է դա­տա­կան պատասխանա­տվու­թյու­նից: Նախորդ հանրահավաքում ես հրապարակեցի այդպիսի պաշ­տոնյաների մի փոքրիկ ցու­ցակ, որում առայժմ հարկ եմ համարում ավելացնել Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի, Անվտան­գության ծառայության պետ Գո­րիկ Հակոբյանի անուն­ները, ինչ­պես նաեւ հիշեցման կար­գով կրկնել Ոստիկանության Երեւա­նի վարչության պետ Ներսես Նա­զարյանի անու­նը, որը ոչ միայն դաս չի քաղել առաջին զգուշա­ցումից, այլեւ դրանից հետո նույն­իսկ ֆիզիկական ուժ է կիրառել թռուցիկ բաժանող երի­տա­սարդ­ների վրա: Եթե Ռոբերտ Քո­չարյանը եւ Սերժ Սարգսյանը հենց այսօր այդ ժանդարմին չհե­ռացնեն աշխատանքից նշա­նա­կում է՝ իրենք են կանգնած այդ բռնության ետեւում:

Իսկ այժմ` եւս մի կարեւոր հարցի մասին, եւ վերջ:

Նախկին իշխանությունների ռեւանշիզմի մասին

Վերջերս մեր ընդդիմախոս­նե­րի, ընդհուպ մինչեւ Հանրապե­տու­թյան նախագահի եւ վարչա­պե­տի կողմից շրջանառվում է այն թեզը, թե իմ առաջադրումը պայմանա­վոր­ված է նախկին իշ­խա­նությունների, մասնա­վորա­պես ՀՀՇ-ի ռեւանշիստական նկրտում­ներով: Այս քաղաքական աբսուրդը կարող էր ծագել միայն Հայաստանի գործող վարչախմբի անդամների կամ նվիրյալների ուղեղ­ներում: Աշխարհի բոլոր նոր­մալ, ժո­ղովրդավարական պետություններում ոչ մեկի մտքով չէր անցնի պարտված քաղաքա­կան ուժի իշխանության ձգտումը ռեւանշիզմ անվանել: Եթե որեւէ մեկն այսօր ռեւանշիստ հայտա­րա­րի, ասենք, ամերիկյան դե­մոկրատներին, անգլիական պահ­պա­նողականներին կամ ֆրան­սիական ու գերմանական սոցիա­լիստներին, ապա նա կա՛մ կկանգ­նի դատարա­նի առաջ, կա՛մ էլ հրա­ժեշտ կտա քաղաքական կա­րիերային:

Քոչարյանա-սերժական քա­րոզ­չության այս թեզը պարու­նա­կում է նաեւ մի այլ աբսուրդ: Քա­րոզչամեքենան իրեն դնում է ծի­ծա­ղելի վիճակում՝ չգիտակցելով, որ նախկին իշխանական համա­կար­գին հասցեագրված որեւէ մե­ղադրանք ուղղակիորեն վերաբե­րում է նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նրա առանց­քա­յին պատաս­խա­նատուներից մեկն էր: Այս առումով ավելի քան տա­ր­օրինակ են Հանրապետական կու­սակցության վերջին համա­գու­մարում նախկին իշխանու­թյուն­ների եւ անձամբ իմ հաս­ցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ զրպար­տություն կամ ինքնախոստովանություն, առա­վել եւս, եթե նկատի ունե­նանք, որ մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը նրա շուրթերից ոչ ոք իմ դեմ ուղղված որեւէ քննադատական ակնարկ, կամ, ինչպես ասում են, «թթու խոսք» անգամ չի լսել: Թե ինչ­պիսի բարոյական նկարագրի տեր մարդ է հավակնում Հայաս­տանի նախագահի աթո­ռին, թող­նում եմ ձեր դատողությանը: Քա­նի գնում, ես ավելի ու ավելի հա­մոզվում եմ, որ իսկապես ապաշ­խարության եւ մեղքերի թողու­թյան խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղ­ծու­թյամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քո­չար­յանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոս­տովա­նում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից:

Այս ամենն արձանագրելով հան­դերձ՝ վերջնականապես հանգստաց­նելու համար մեր վե­րա­դարձից կամ ռեւանշիզմից սար­սափողներին, այս բարձր ամ­բիոնից պաշ­տո­նա­պես հայ­տա­րարում եմ.

Հայոց Համազգային Շարժման հայտնի դեմքերից ոչ մեկը իշխա­նության մեջ տեղ զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրե­լու հավակնություն չունի: Ես առա­ջա­դրվելու եմ ոչ թե որպես ՀՀՇ-ի կամ մի այլ կուսակցության թեկնածու, այլ քաղաքա­ցիական նախաձեռնության հիմունքով: Իմ եւ ինձ սատարող բոլոր քաղա­քա­կան ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ միայնումիայն Հայաստանի նե­րկա հանցավոր վարչախմբի վեր­արտադրության խափանումը: Մեր ուզածն ընդամենը նորմալ, քա­ղաքակիրթ, իրավական պետու­թյուն ունենալն է, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների ան­վտանգության, ազատության եւ բար­օրության ապահովումը:

Ուստի, որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետա­պն­դում ենք այլ նպա­տակներ, պաշ­տոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի Հանրա­պե­տու­թյան նախագահի պաշ­տոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքակա­նությունից՝ ձեզ հնարավորու­թյուն տալով լիովին ազատ եւ օրի­նական ընտրությունների միջո­ցով երկրի նոր Նախագահ ընտ­րել: Ընդ որում՝ այդ ընտրու­թյուն­ներին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախա­գահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ Ավգյան ախոռ­նե­րը մաքրելու եւ պետությունը նոր­մալ հիմքերի վրա դնելու համար: Իսկ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելը ես հասկանում եմ որպես միջոցառումների մի լայն ծրագիր, որը ձեզ կներկայացնեմ իմ հետագա ելույթներում եւ հրապարակումներում:

Ինչպես ասում են, ես խաղում եմ բաց քարտերով՝ առանց կոնս­պիրացիայի եւ գաղտ­նի պայ­մա­նա­վորվածությունների: Քաղա­քա­կան ուժերի հետ իմ ունե­ցած բո­լոր հանդի­պումնե­րում ես որեւէ սակարկության չեմ գնացել: Պար­զա­պես շարադրել եմ իմ տե­սա­կետները՝ ներկա իրա­վի­ճակից դուրս գալու անհրա­ժեշ­տության եւ քոչարյանական ռե­ժի­մի վեր­արտադրման վտանգը կան­խելու մասին: Թե՛ Ստեփան Դե­միրճյանի, թե՛ Հրանտ Մար­գար­յանի, Վազ­գեն Մանուկյանի, Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանի, Ար­տա­շես Գեղամյանի, Ար­թուր Բաղդա­սարյանի, Լյուդ­մի­լա Սարգսյանի հետ հանդի­պում­ներում ես նշել եմ, որ առա­ջիկա ընտրարշավում իմ միակ թի­րախը լինելու է ներկա իշխա­նությունների ներ­կայացուցիչը: Մյուս թեկնածուների հետ ես բանավեճի մեջ չեմ մտնելու, չեմ պա­տասխանելու նրանց քննա­դա­տու­թյուններին եւ հարձա­կում­ներին:

Իսկ այժմ, անվանապես դիմե­լով վերը թվարկված քաղաքա­կան գործիչներին (բացի Ստե­փան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արդեն ար­տահայտել են իրենց դիրքորո­շումը), դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկ­նա­ծուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազա­կա­պետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Մենք, այսինքն՝ անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջո­վին դնում ենք ձեր տրամա­դրու­թյան տակ: Մեզ պարզապես օգ­տա­գործեք որպես գործիք՝ հան­ցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրի­նական իրավունքն իրացնելու նպատա­կով, ինչի համար ձեզա­նից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ:

Եթե այս կոչն էլ մնա «ձայն բար­բառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունն ընտրություն­նե­րին մասնակցի տրոհված շար­քերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին: Կո­չին չարձագանքելու պարագա­յում, ձեր տված ոչ մի հիմնա­վո­րում ու բացատրություն երբեւէ հասկա­ցո­ղություն չի գտնի ժո­ղովրդի սրտերում: Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը: Իմ հաստա­տա­կա­մու­թյունն ամենեւին կախ­ված չէ ձեր դրա­կան կամ բացա­սական պա­տաս­խա­նից: Ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախե­նում, ար­դեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ նայելու, գնալու եմ մին­չեւ վերջ: Ուստի՝

Պայքա՛ր, պայ­քա՛ր մինչեւ վերջ:

Իսկ այժմ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հան­րահավաքը վարող Նիկոլ Փաշին­յանին եւ հանրահավաքի անց­կաց­ման ժամանակ ոստիկա­նու­թյան ներկա­յացուցիչ նշանակ­ված, Երեւանի փոխոստիկա­նա­պետ Ալեք­սանդր Աֆյանին՝ իր պար­տականությունները բարեխիղճ կերպով կատարելու համար:

Բարի գիշեր:

2007-11-16

http://www.levonpresident.am/?catID=20&contID=86