Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս երրորդ)

1107

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը: Այն ընթերցողների սեղանին կդրվի սեպտեմբերի կեսերին: Այսօր ներկայացնում ենք աշխատության երրորդ մասը (մասերի բաժանումը պայմանական է):

Kadjaznuni Azgcover

IV

Անդրկովկասի թուրքերը իրանց «մուսուլման» են անուանում: Չեն սիրում, նոյնիսկ վիրաւորական են համարում թուրք կամ թաթար անունները: Թուրքի, պարսիկի, քուրդի, դաղստանցի լեզգու եւ Ղազանի թաթարի միջեւ ոչ մի տարբերութիւն չեն ուզում դնել. բոլորն էլ հաւասարապէս «մուսուլման» են:

Ազգային գիտակցութիւնը բացակայում է կամ ամբողջովին կլանուած է, ծածկուած կրօնական գիտակցութիւնով: Այն աստիճանի, որ փոխարէն ասելու՝ թուրքական գրականութիւն, դպրոց, թատրոն եւայլն, ասում են՝ մուսուլմանական գրականութիւն, դպրոց, թատրոն: Աւելին եւս. ասում են «մուսուլմանական լեզու»: Եւ վերջապէս՝ «մուսուլմանական ազգ»: Այս տարօրինակ արտայայտութիւնը ինձ պատահել է լսել շատ հաճախ թուրք մտաւորականների բերանից եւ կարդալ Բագուի թուրքական թերթերի մէջ:

Անցեալներում (ինչպէս եւ մինչեւ հիմա ժողովրդական լայն զանգուածների մէջ) սա պարզապէս գիտակցութեան պակասութիւն է եղել. իսկ վերջի շրջանում, քաղաքակրթուած թուրքերի կողմից, արդէն քաղաքական խաղ է, էութիւնների գիտակցական ու միտումնաւոր քողարկում:

Բայց եւ այնպէս՝ գիտակցական թէ անգիտակցական՝ շփոթը տեղի ունի. ազգը նոյնացւում է կրօնի հետ, ազգը հասկացվում է իբրեւ դաւանական միութիւն:

Օսմանեան կայսրութեան մէջ հայ ազգը ճանաչւում էր իբրեւ կրօնական համայնք եւ տաճկահայերի «ազգային» անուանուած սահմանադրութիւնը իրօք ազգային չէ, այլ դաւանական, ինչպէս եւ «ազգային» անուանուած իշխանութիւնները իրօք ազգային չեն, այլ կրօնական-եկեղեցական (ապացոյց՝ լուսաւորչական ու ոչ լուսաւորչական հայերը ունեն տարբեր սահմանադրութիւններ ու տարբեր իշխանութիւններ):

Պարսկահպատակ հայերն ու ասորիները պարսկական պաշտօնական գրութիւնների մէջ անուանւում են հաւասարապէս «քրիստոնեայ»: Պարսկական անցագրից չէք կարող իմանալ. թէ ի՞նչ ազգութեան է պատկանում անցագրի տէրը (հա՞յ է թէ ասորի, պարսի՞կ է, թուրք թէ քուրդ): Իմանում էք միայն որ քրիստոնեայ է կամ իսլամ: Պարսկական օրէնքը չի տարբերում հայը ասորիից, պարսիկը քուրդից, չի ճանաչում ազգային բաժանումներ, փոխարինում է այն դաւանական բաժանումներով կամ նոյնացնում է երկուսն էլ: Մեջլիսի (պարլամենտի) ընտրութեան ժամանակ Ատրպատականի հայերն ու ասորիները կազմում են ընդհանուր ներկայացուցիչներ. իբրեւ քաղաքական գործօն ազգային բաժանումները Պարսկաստանում հաշուի չեն առնւում, փոխարինւում են կրօնական բաժանումներով:

Տաճկական պետական վիճակագրութիւնը կազմւում է նոյն կարգով: Տաճկական համարակալութիւններով չէք կարող պարզել՝ օրինակի համար՝ Մակեդոնիայի ազգային կազմը. բոլոր մահմեդականները (ալբանացիներն ու բուլգար «պոմակները» օսմանեան թուրքերի հետ անխտիր անուանուած են հաւասարապէս «մուսուլման» եւ կազմած են մի ընդհանուր խումբ. բոլոր «պատրիստքականները» (պատրիարքի վեհապետութիւնը ընդունողները), հակադրուելով «էքսարխիականներին», անուանւում են հաւասարապէս յոյն, թէեւ սրանց մէջ կան նաեւ սերբեր, վալախներ, բուլգարներ: «Յոյն» անունը, որ պիտի բնորոշէր անհատի ազգային պատկանելիութիւնը, գալիս է բնորոշելու պարզապէս նրա եկեղեցական պատկանելիութիւնը. ազգային միութիւնը շփոթւում է եկեղեցական միութեան հետ:

Չպէտք է կարծել, թէ գաղափարների այս շփոթը յատուկ է միայն մահմեդական երկիրներին, մահմեդական ըմբռնողութեան:

Իմ աշակերտութեան ժամանակ ռուսական դպրոցներում լեհ տղաները արձանագրւում էին իբրեւ «կաթոլիկ», հայ լուսաւորչականները՝ «գրիգորեան», իսկ վրացիները ռուսների հետ անխտիր՝ «ուղղափառ»: Ռուսական դպրոցը չէր ուզում ճանաչել լեհի, հայի կամ վրացու գոյութիւնը, չէր ուզում արձանագրել ու վաւերացնել ազգային բաժանումները եւ խառնում էր վրացուն ու յոյնին ռուսի հետ, լեհին՝ հայ կաթոլիկի հետ, հայ բողոքականին՝ գերմանացու հետ:

Նոյնը չէ՞ր եւ մեր մէջ շատ մօտ անցեալում (իսկ խուլ անկիւներում նաեւ այսօր):

Յիշում եմ, դատարանում, դատաւորի հարցին, թէ հա՞յ ես, վկայ գիւղացին պատասխանեց. ոչ, աղա, ֆրանկ եմ:

Այս գիւղացու հասկացութիւնով կաթոլիկ հայը հայ չէ, ֆրանկ (ֆրանսիացի) է: Եւ այս սխալը շատ է տարածուած մեր գիւղերի մէջ:

Հայը սիրում է անուանել իրեն «հայ-քրիստոնեայ»: Եւ «քրիստոնեայ» ասելով լուսաւորչական հայը բաժանում է իրեն ոչ միայն մահմեդականներից կամ հրեաներից, այլ նաեւ քրիստոնեայ կաթոլիկներից, քրիստոնեայ բողոքականներից:

Յաճախ կարող էք լսել, թէ այսինչ գիւղում այսքան տուն «հայ» կայ, այսքան տուն՝ «կաթոլիկ» եւ այսքան տուն՝ «բողոքական»: «Հայ» բառը, որ ազգութիւն պիտի ցոյց տար, հակադրւում է «կաթոլիկին» ու «բողոքականին», որ սոսկ դաւանական տերմիններ են:

Եթէ մի հայ ընդունում է մահմեդականութիւնը, ասում են՝ թուրքացաւ, այսինքն՝ թուրք դարձաւ: Որոշ ծիսակատարութեան ենթարկուելուց յետոյ, մարդը դադարում է «հայ» լինել, դառնում է «թուրք»:

Ազգը նոյնացւում է կրօնական դաւանանքի հետ: Բայց իրականութիւնը չի արդարացնում այդպիսի նոյնացում, իրականութիւնը ցոյց է տալիս, որ ազգն ու եկեղեցին տարբեր միութիւններ են:

Իրականութեան մէջ չկայ քրիստոնեայ ազգ (կան քրիստոնէութիւն դաւանող տարբեր ազգեր միայն), չկայ բուդդայական ազգ, մահմեդական ազգ, ինչպէս չկան նաեւ կաթոլիկ ազգ, բողոքական ազգ, օրթոդոքս ազգ…

Անգլիական ազգը կազմող մարդիկ պատկանում են մասամբ կաթոլիկ եկեղեցուն, մասամբ բողոքական (իր ճիւղաւորութիւններով): Նոյնը եւ գերման ազգը, նոյնը եւ ֆրանսիականը: Հայ մարդիկ ոչ միայն լուսաւորչական են, այլ նաեւ բողոքական, կաթոլիկ:

Միւս կողմից՝ միեւնոյն կաթոլիկ եկեղեցուն պատկանում են տարբեր ազգութիւնների մարդիկ՝ իտալացիներ, ֆրանսիացիներ, իրլանդացիներ, լեհեր: Օրթոդոքս եկեղեցուն՝ ռուսներ, յոյներ, բուլգարներ, վրացիներ: Մահմեդական կրօնը դաւանում են արաբներ, թուրքեր, պարսիկներ, քուրդեր, հնդիկներ:

Այսինքն, մի ազգ՝ տարբեր դաւանանքների բաժանուած, մի դաւանանք՝ տարբեր ազգեր միացրած:

Բոլոր հասկացողութիւնների կատարեալ յեղաշրջումը կը լինէր, եթէ Բաւարիայի գերմանացուն ազգայնօրէն անջատէինք Բրանդենբուրգի գերմանացիից ու միացնէինք Նորմանդիայի ֆրանսիացու հետ այն պատճառաբանութիւններով, որ երկուսն էլ կաթոլիկ են, իսկ բրանդենբուրգցին լութերական է: Կամ Մկրտիչ Խրիմեանին ազգայնօրէն անջատէինք Ղեւոնդ Ալիշանից ու միացնէինք ամբողջովին ռուսացած հանգուցեալ իշխան Աբամելիք Լազարեւի հետ այն պատճառաբանութիւնով, որ երկուսն էլ լուսաւորչական են, իսկ Ալիշանը կաթոլիկ է:

Ազգը կրօնական համայնք չէ եւ կրօնական համայնքը ազգ չէ:

V

Իմ մանկութեան ժամանակ (70ական եւ 80ական թուականներում) ազգասիրական երգերի մէջ շարունակ ու միշտ կողք-կողքի երգւում էին «ազգը, կրօնն ու լեզուն»: Այն շրջանում սա մի տեսակ անբաժանելի երրորդութիւն էր, արթնացնող ազգային գիտակցութեան «հաւատամք»ը: Հետագայում, երբ մի քիչ հասունացանք, ըմբոստացանք «կրօնի» դէմ, յայտարարեցինք այն յետադիմական տարր, վճռականօրէն դուրս ձգեցինք սրբազան երրորդութիւնից եւ աւելի եւս ծանրացանք «լեզուի» վրայ: Եւ լեզուն (ու նրա հետ կապուած դպրոցը, գրականութիւնը, թատրոնը, մամուլը) դարձաւ «ազգի» սիմբոլը, ազգային պաշտամունքի առարկան:

Մի նոր գիւտ չէր, որ արել էինք մենք: Գիտնական մարդիկ վաղուց արդէն գլխի էին ընկել ու մատնանիշ արել լեզուն, իբրեւ ամենէն էականը ազգային տարրերից: Ոչ միայն ամենէն էականը, այլ գուցէ եւ միակ էականը: Մինչ այն աստիճանի, որ եղել են մտածողներ, որոնք ամբողջովին նոյնացրել են «ազգը» «լեզուի» հետ:

Ազգը լեզու է, ազգային միութիւնը՝ լեզուային միութիւն: Միեւնոյն լեզուով խոսող մարդիկ են, որ կազմում են «ազգ» կոչուած հավաքականութիւնը:

Այս հասկացողութիւնը, որ մասնաւորապէս շեշտւում է նոր հետազօտողների կողմից, գոյութիւն ունէր դեռ շատ հին ժամանակներում:

Բաբիլոնեան աշտարակը, ըստ բիբլիական աւանդութեան, չկառուցուեց այն պատճառով միայն, որ մարդիկ բաժանուեցին զանազան «լեզուների» ու դադարեցրին հասկանալ միմեանց: Այս աւանդութիւնը թերեւս ուրիշ բան չէ, քան ազգերի ծագումը բացատրելու մի փորձ: Աւանդութեան հեղինակները ենթադրել են, թէ եղել է մի ժամանակ, երբ ամբողջ մարդկութիւնը խօսել է մէկ լեզուով (կազմել է մի ազգ՝ Նոյ Նահապետի սերունդը): Այս միութիւնը այնպիսի մի մեծ ոյժ է ներկայացրել եւ ոյժի գիտակցութիւնը այնքա՜ն բարձր է միալեզու-միատարր մարդկութեան մէջ, որ նա, ամբարտաւանացած, յանդգնել է հակադրել իր զօրութիւնը Երկնային Զօրութեան ու ձեռնարկել է Աշտարակի շինութեան: Եւ ահա՝ Աստուածային հրամանով (կամ անէծքով) ընդհանուր լեզուն բաժանւում է յանկարծ տարբեր լեզուների (մարդկութիւնը բաժանւում է միմեանց չհասկացող անջատ ազգերի), առաջ է գալիս շփոթ ու խռովութիւն եւ յանդուգն գործը (երկինք հասնելու փորձը) մնում է անկատար:

Լեզուն էր, որ միացնում էր մարդկանց: Լեզուներն էին, որ բաժանեցին մարդկութիւնը:

Ռուսական հին ժամանակագրողները յաճախ «ազգ» բառի փոխարէն գործ են ածել «լեզու» բառը: Այսպէս, օրինակ. «Եւ զինուեցան Սուրբ Ռուսիայի դէմ, եկան հրով ու սրով տասներկու լեզուներ»… Պարզ է որ լեզուները չէին, որ զինուեցան ու յարձակուեցան Ռուսիայի վրայ, այլ այդ տասներկու տարբեր լեզուններ խօսող տասներկու տարբեր ազգերը:

Լեզուն ընկերային կեանքի ամէնից հիմնական տարրն է, լեզուն ամենից պարզ, բացայայտ ու հեշտ ըմբռնելի նշանն է մարդկանց իրարից տարբերելու եւ իրար հետ կապելու համար: Եւ զարմանալի չէ, որ վաղուց արդէն մարդկային խմբակցութիւնները բնորոշուել ու ճանաչուել են իրենց լեզուներով:

Սրանից մօտ երեսուն տարի առաջ Ռուսաստանում կատարուեց ընդհանուր ու միօրեայ վիճակագրութիւն՝ ազգաբնակութեան թիւն ու կազմը ստուգելու համար: Անկետային թերթիկների մէջ չէր դրուած հարց, թէ ի՞նչ ազգութեան ես պատկանում, բայց կար մի ուրիշը. ո՞րն է քո մայրենի լեզուն: Եւ հետագայում՝ վիճակագրական գումարների ժամանակ՝ կայսրութեան ազգային կազմը բնորոշուեց նրա լեզուային կազմով. «լեզուն» նկատուեց իբրեւ հոմանիշ «ազգի»:

Թերեւս ռուս պետական վիճակագրողները ընտրել էին այս տեսակէտը զուտ քաղաքական (եւ ոչ գիտական) միտումներով: Բայց նոյնը անում են նաեւ գերմանական, աւստրիական, հունգարական ու բելգիական վիճակագրողները: Ի հարկէ, այստեղ եւս կարելի է ունենալ նոյն կասկածը (բացառութեամբ գուցէ միայն Բելգիայի, որը ճանաչուած է իբրեւ ամէնից բարեխիղճը՝ ազգագրական վիճակագրութիւններ կազմելու մէջ): Բայց անհավանական չէ ե՛ւ ուրիշ բացատրութիւն, այն, թէ ազգային պատկանելիութիւնը ճշդօրէն որոշելու համար ամէնից վստահելի միջոցը՝ լեզուային պատկանելիութիւնն որոշելն է: «Ազգութիւն» բառը ինքստինքեան այնքան անորոշ է, որ կարող է շփոթի մէջ ձգել հարցաքննուողին, մինչդեռ «լեզուն» շատ պարզ ու ամենքի համար մատչելի գաղափար է:

Բայց արդեօ՞ք այդպէս է, արդեօ՞ք ամէն մարդ կարող է առանց տատանումների ասել, թէ ո՞րն է իր իսկական լեզուն (ենթադրելով, ի հարկէ, թէ այդ մարդը գիտէ ու գործադրում է մէկից աւելի լեզուներ):

Նախ պէտք է նկատել, որ ամէն տեղ միակերպ չի դրւում լեզուի խնդիրը. մի տեղ հարցնում են քո մայրենի լեզուի մասին, միւս տեղ՝ գործածական լեզուի մասին: Բայց սրանք արդէն տարբեր են եւ վիճակագրական եզրակացութիւնները մեծապէս կախուած են նրանից, թէ ի՞նչպէս է դրուած հարցը:

Ինչպէ՞ս որոշել պոլսաբնակ հայի կամ յոյնի գործածական լեզուն, եթէ շուկայում ամբողջ օրը նա խօսում է թուրքերէն, իսկ երեկոյան, իր ընտանիքի մէջ, հայերէն կամ յունարէն:

Կարծես հենց այս դժվարութիւնը վերացնելու նպատակով բելգիական վիճակագրողները, 1910 թուականին, երկու լեզու (ֆրանսերէն եւ ֆլամանդերէն) խօսողների համար աւելացրել են մի լրացուցիչ հարց. ո՞ր լեզուն գործածում ես ամէնից շատ: Ենթադրենք, թէ Բրիւսսելում ապրող ֆլամանդացին (ինչպէս պոլսաբնակ հայը կամ յոյնը) կարողացաւ բարեխղճօրէն հաշուել ու ստուգել, որ նա շուկայում օրական աւելի ֆրանսերէն բառ է արտասանում, քան իր տան մէջ՝ ֆլամանդերէն: Կարո՞ղ է այս զուտ թուաբանական հաշիւը որոշել, թէ ուրեմն հարցաքննուողի լեզուն ֆրանսերէնն է եւ ոչ ֆլամանդերէնը: Շուկայում նա շարունակ գործածում է առեւտուրի վերաբերյալ միեւնոյն տեքնիկական բառերն ու դարձուածքները (ապրանքի տեսակը, գինը, քանակը, դրամի կուրսը, արտասահմանեան շուկաների դրութիւնը եւայլն), մինչդեռ իր տանը, իր ընտանիքի մէջ, սիրոյ խօսքեր է ասում կնոջն ու ծնողներին, կատակներ է անում երեխաների հետ, հեքիաթներ է պատմում նրանց, խօսում է իր ցաւերից ու հոգսերից, քաղաքական նորութիւններ է հաղորդում, վերյիշում է անցեալը, ծրագրեր է յօրինում ապագայի համար… Այսինքն՝ հոգեկան ամենախորը, ամենամտերիմ ու ամենաբարդ ապրումները նա արտայայտում է ֆլամանդերէն լեզուով: Կարելի՞ է ասել, թէ այս մարդու լեզուն՝ իսկական լեզուն, այն լեզուն, որով պիտի բնորոշուի իր ազգային պատկանելիութիւնը, ֆլամանդերէնը չէ, այլ ֆրանսերէնը, որովհետեւ նա աւելի շատ խօսում է ֆրանսերէն:

Դժուարութիւնները չեն վերանում, եթէ գործածական լեզուի փոխարէն դրուի մայրենի լեզուն:

Ի՞նչ ասել է «մայրենի լեզու»:

Հունգարական վիճակագրողները, 1890 թւականին, տուին հարցին հետեւեալ բացատրութիւնը. մայրենի լեզուն այն լեզուն է, որ երեխաները սովորում են մայրերից կամ խօսում են ամէնից լաւ կամ խօսում են գերադասօրէն:

Բայց այդ «կամ»երը արդէն շփոթ են մտցնում գաղափարի մէջ: Ես, օրինակ, ամէնից լաւ խօսում եմ ռուսերէն: Բայց իմ մայրենի լեզուն ռուսերէնը չէ, հայերէնն է: Մի բրետոնացի, որի մայրենի լեզուն բրետոներէնն է, կարող է գերադասել խօսել ֆրանսերէն լեզուով: Ի՞նչ պատասխան տանք տրուած հարցին, ես ու այդ բրետոնացին:

Դանեմարքի վիճակագրողները, Շլեզուիդ նահանգի ազգաբնակութեան ազգային կազմը մայրենի լեզուով սահմանելու համար, տուին «մայրենի» լեզուին այսպիսի մեկնութիւն. Ա) Լեզու, որ ամուսինները (ծնողները) խօսում են իրար մէջ, Բ) Լեզու, որ երեխաները խօսում են իրար մէջ:

Այս մեկնաբանութիւններով վերացա՞ն արդեօք դժուարութիւնները:

Լա՛ւ է, եթէ այս երեք կարգի խօսակցութիւնները կատարւում են միեւնոյն լեզուով, հարցի պատասխանը պարզ է ու հեշտ: Բայց եթէ այդպէս չէ, երեք կամ երկու լեզուից ո՞րը հաշուել «մայրենի»:

Չպիտի մոռանալ, որ հարցաքննութիւնը նպատակ ունի ստուգելու իրականութիւնը այն դէպքերում, երբ ազգաբնակութեան լեզուային (հետեւապէս եւ ազգային) կազմը դառնում է վէճի առարկայ: Ի հարկէ, Տամբովի նահանգի ռուսի համար կամ Տոսկանի իտալացու համար այս կարգի խնդիրները գոյութիւն չունեն. նա գիտի մէկ լեզու միայն եւ իր ազգային պատկանելիութիւնը ոչ մի կասկածի կամ վէճի չի ենթարկուած: Խնդիրը վերաբերւում է ազգայնօրէն այն խառն վայրերին, ուր լեզուները խաչաձեւում են, մրցում են իրար հետ, ծածկում են մէկը միւսին: Եւ այստեղ է ահա, որ առաջ են գալիս դժուարութիւնները:

1906 թուականին Էջմիածնում գումարուած ռուսահայերի ազգային «Կենտրոնական Ժողովի» մէջ, ուր ի միջի այլոց քննութեան էր դրուած նաեւ ծխական դպրոցների հիմնական ծրագիրը, երկարատեւ ու շատ բուռն վիճաբանութիւնների առարկայ դարձաւ լեզուի խնդիրը:

Ո՞րը պիտի լինի դասաւանդութեան լեզուն հայ ծխական դպրոցներում: Առաջին ու միաձայն պատասխանն էր՝ մայրենի լեզուն: Սա մի ընդհանուր ըմբոստացում էր ռուսերէն լեզուի դէմ (մայրենին հակադրւում էր ռուսերէնին), որը ցարական կառաւարութիւնը յամառօրէն պատուաստում էր մեր մանուկներին, եւ այս կէտում ոչ մի տարաձայնութիւն չկար ժողովականների մէջ:

Բայց ի՞նչ ասել է մայրենի լեզու: Ո՞րն է, օրինակ, Գորիաբնակ (Վրաստան) հայ երեխաների մայրենի լեզուն: Չ՞է որ հայ ծխական դպրոցները գոյութիւն ունեն նաեւ Հայաստանից դուրս, օրինակ՝ Վրաստանում, ուր հայերը վաղուց մոռացել են ազգային լեզուն եւ խօսում են համարեա բացառապէս վրացերէն: Ի՞նչ լեզուով պէտք է աւանդուեն դասերը այդպիսի դպրոցներում:

Եւ ահա այստեղ էր, որ կարծիքները արմատապէս բաժանուեցին: Զուտ մանկավարժական տեսակէտի վրայ կանգնածները պնդում էին, որ Կախեթիայի կամ Քարթալինիայի հայ երեխաների մայրենի լեզուն վրացերէնն է, ուրեմն եւ դպրոցի լեզուն էլ պէտք է լինի վրացերէնը. սա մանկաւարժութեան տարրական պահանջն է: Հակառակորդները մատնանիշ էին անում, որ դպրոցը ազգային ու քաղաքական ամենամեծ ազդակներից մէկն է եւ որ հայ դպրոցը նպատակ պիտի ունենայ ոչ միայն ընդհանուր կրթութիւն տալու հայ մանուկներին, այլ նաեւ ամրացնելու ու տարածելու հայերէն լեզուն եւ մասնաւորապէս սովորեցնելու հայերէն այն գաղութներին, որոնք կտրուած հայրենիքից կորցրել են դարերի ընթացքում իրանց իսկական մայրենի լեզուն եւ իւրացրել են օտար լեզու:

Մայրենի եւ ազգային լեզուի վէճն է սա, որ հեշտութեամբ չի լուծւում, երբ առաջ են գալիս լեզուի հետ կապուած ազգային ու քաղաքական հակումները:

Յիշում եմ մի դէպք, որ շատ հետաքրքրական է այս կարգի դէպքերը բնորոշելու համար:

Վերեւում յիշատակուած ռուսական ընդհանուր վիճակագրութեան ժամանակ, Թիֆլիսում երեք հարազատ եղբայրներ, երեքն էլ համալսարանաւարտ, լեզուի վերաբերուղ հարցին տուել էինք երեք տարբեր պատասխաններ: Աւագը (Գէորգը) պատասխանել էր թէ իր լեզուն ռուսերէնն է. միջնեկը (Կոստանդինը)՝ հայերէնը, կրտսերը (Վասիլին)՝ վրացերէնը: Եղբայրները ծագումով ու դաւանանքով հայ են, բայց ծնուել են Վրաստանում (Գորիի գաւառում) ու այնտեղ էլ անց են կացրել մանկութեան տարիները:

Հայերէնի մէջ շատ տկար են, հազիւ կարողանում են կապել մի-երկու պարզ նախադասութիւն: Իրենց առաջի լեզուն եղել է վրացերէնը, բայց հետագայում՝ ռուսական դպրոցի, գրականութեան, հասարակական կեանքի ու իրենց պարապմունքների ազդեցութեան տակ իւրացրել են լիովին ռուսերէնը, որը եւ դարձել է իրենց առօրեայ լեզուն:

Այս իսկ պատճառով Գէորգը ասում է, որ իր լեզուն ռուսերէնն է: Ճիշդ է, որ իր ծագումով նա հայ է, ճիշդ է նոյնպէս, որ իր մօտ խօսած լեզուն եղել է վրացերէնը: Բայց գիտակցութեան հասած շրջանից ի վեր նա խօսել է, մտածել, կարդացել ու գրել է համարեա բացառապէս ռուսերէն:

Կոստանդինը ուրիշ կերպ է դատում: Ճիշդ է, որ իր առաջի լեզուն եղել է վրացերէնը, ճիշդ է նաեւ, որ այսօր նա խօսում է առաւելապէս ռուսերէն ու հայերէնի մեջ շատ թոյլ է: Բայց եւ այպէս նա հայ է եւ, իբրեւ հայ, չի կարող ունենալ ուրիշ լեզու, քան հայերէնը:

Վասիլին համաձայն չէ ոչ մէկի եւ ոչ միւսի հետ: Նրա լեզուն վրացերէնն է, որովհետեւ այդ լեզուով նա թոթովել է առաջին բառերը եւ այդ լեզուով է սնուել մանկութեան հասակում: Իր ազգային լեզուն (հայերէնը) նա կորցրել է արդէն եւ այն մի քանի վայրիվերոյ նախադասութիւնները, որ կարող է արտասանել հայերէն, լեզու չէ: Իսկ ռուսերէնը օտար լեզու է իր համար, թէեւ այսօր նա ամէնից լաւ գիտէ այդ օտար լեզուն, շարունակ խօսում է, գրում ու կարդում ռուսերէն:

Այս երեք պատասխաններից ո՞րն է ամէնից ճիշդը: Եթէ հարցը վերաբերուէր միմիայն լեզուին եւ տակը թաքնուած չլինէր մի յետին միտք, պարզ է որ Կոստանդինի պատճառաբանութիւնը ամէնից թոյլն է եւ վէճի առարկայ կարող էր լինել միայն Գէորգի եւ Վասիլի տարաձայնութիւնը: Բայց եթէ հարցի յետին նպատակն է՝ որոշել հարցաքննուողի ազգային պատկանելոիութիւնը, Կոստանդինի տուած պատասխանն է միակ ճիշդը, որովհետեւ եթէ նոյն Գէորգին ու Վասիլին ուղղակի հարցրած լինէին թէ ի՞նչ ազգութեան ես պատկանում դու, երկուսն էլ առանց տատանուելու կը պատասխանէին՝ հայ եմ:

Ազգային կապակցութիւնը չի սահմանափակւում միմիայն լեզուային կապակցութիւնով:

Հետագայում կ’աշխատեմ ցոյց տալ, թէ ի՜նչ մեծ արժէք ու նշանակութիւն ունի լեզուն «ազգը» կազմելու եւ ապրեցնելու համար: Ակներեւ է սակայն, որ որքան էլ սերտ կապուած լինեն ազգն ու լեզուն, սրանք այնուամենայնիւ տարբեր կարգի երեւոյթներ են եւ որոշ չափով՝ անկախ մէկը միւսից:

Իրականութիւնն այն է, որ միեւնոյն ազգի պատկանող մարդիկ կարող են ունենալ տարբեր լեզուներ, ինչպէս էլ, դրան հակառակ, միւենոյն լեզուն խօսող մարդիկ կարող են պատկանել տարբեր ազգութիւնների:

Ամերիկայի հիւսիսային նահանգներում ապրող նեգրերը խօսում են բացառապէս անգլիերէն, ուրիշ լեզու չունին: Բայց այդ նեգրերը անգլիացիներ չեն: Մեքսիկացիք խօսում են սպաներէն, բրազիլիացիք՝ պորտուգալերէն, իրլանդացիք՝ անգլերէն, բայց ոչ մեքսիկացիք սպանացի են, ոչ բրազիլացիք՝ պորտուգալացի, ոչ իրլանդացիք՝ անգլիացի:

Վրաստանում (Կախեթիա, Քարթալինիա, Իմերեթիա) հայերը խօսում են վրացերէն, Խիզանի լեռներում՝ քրդերէն, Կեսարիայում եւ Անդանայում՝ թուրքերէն: Բայց եւ այնպէս հայ են՝ ոչ վրացի, ոչ քուրդ եւ ոչ թուրք:

Հրեաները զանգուածօրէն՝ դարերից ի վեր, կորցրել են իրանց ազգային լեզուն (եբրայերէնը) եւ ամէն մի երկրում խօսում են այդ երկրի լեզուով (լեհերէն, ռուսերէն, գերմաներէն, պարսկերէն, թուրքերէն, անգլիերէն, ֆրանսերէն…), բայց մնում են հրեայ:

Եթէ ազգը լեզու լինէր եւ լեզուն՝ ազգ, ազգագրական քարտեզնէրը ուրիշ կերպ պիտի գունաւորուած լինէին եւ այնպիսի ազգեր, ինչպիսի են իրլանդացիք, հրեաները կամ վալոնները, պէտք է բոլորովին դուրս ձգուէին քարտէզներից: Բայց դա չէր համապատասխանի գոյութիւն ունեցող հասկացողութիւններին: Մենք չենք տատանւում անգլիերէն խօսող նեգրին կամ իրլանդացուն՝ նեգր եւ իրլանդացի անուանել, գերմաներեն խօսող չեխին՝ չեխ, ռուսերէն խօսող հրեային՝ հրեայ, տաճկերէն խօսող վրացուն՝ վրացի, քրդերէն խօսող հային՝ հայ…

Շարունակելի