Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս առաջին)

1331

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը: Այն ընթերցողների սեղանին կդրվի սեպտեմբերի կեսերին: Այսօրվանից աշխատությունը մաս-մաս ներկայացնում ենք ԱՆԻ-ի ընթերցողներին: Այն արևելահայերեն է՝ դասական ուղղագրությամբ:

Kadjaznuni Azgcover             

 

Ի՞նչ է ազգը:

Բառը շատ սովորական է արդի (ինչպէս եւ հին) հայրերէնի մէջ, միշտ մեր շրթունքների վրայ: Գրքերում ու լրագրներում շարունակ կարդում ենք «ազգի» մասին, շարունակ լսում ենք ուրիշներից եւ ինքներս շարունակ գործածում «ազգ», «ազգութիւն» ու «ազգային» բառերը:

Եւ շատ կը զարմանանք, եթէ մէկը հարցնի՝ ի՞նչ ասել է «ազգ»:

Մեզ թւում է, թէ շատ լաւ հասկանում ենք այդ ամենասովորական բառը: Եւ թւում է այդպէս հե՛նց այն պատճառով, որ սովորական է այն: Մեր ականջը մանկութիւնից վարժուել է բառին, այնքան է վարժուել, որ նա այլեւս չի գրաւում մեր ուշադրութիւնը, չի արթնացնում կասկածող, որոնող ու քննող միտքը:

Մեզ թւում է, որ երբ ասում ենք «ազգ», գիտենք, թէ ինչի՞ մասին ենք խօսում եւ թէ մեզ լսողն էլ ճիշդ մեզ պէս է հասկանում բառը:

Բայց, եթէ մի օր նեղն ընկնենք, հարկադրուած լինենք հաշիւ տալու մեզ, լրջօրէն վերլուծելու ու ստուգելու մեր ունեցած հասկացողութիւնը, կը տեսնենք, թերեւս մեծ զարմանքով, որ այդ հասկացողութիւնը շատ էլ յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի ու վիճելի:

Զարմանալու բան չկայ սակայն. «ազգ» կոչուած հաւաքականութիւնը այն բարդ միութիւնն է ու «ազգ» գաղափարը այն բարդ գաղափարներից, որոնք շատ դժուար է բնորոշել եւ մանաւանդ դժուար է ամփոփել մի ֆորմիւլի մէջ:

Եւ այս դժուարութեան առաջ կանգնած են ոչ միայն սովորական մարդիկ, այլեւ գիտնականները, որոնք տարիներ ու տարիներ նուիրել են հարցի ուսումնասիրութեան:

Երեւոյթի ու գաղափարի բարդութեան պատճառով, տարբեր մարդիկ (նոյնիսկ գիտնական մարդիկ) տեսել են ու ըմբռնել նրանց տարբեր տարրերը միայն, անգիտակցելով կամ հարկաւոր արժէքը չտալով միւս տարրերին: Այսպիսով ծնունդ են առել միակողմանի, միմեանցից տարբերուող, նոյնիսկ միմեանց հակասող եւ յամենայն դէպս ոչ լրիւ մեկնութիւններ: Առաջ է եկել մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն այնտեղ, ուր թւում էր՝ ամէն բան պարզ է ու հասկանալի:

Շփոթը այնքան մեծ է, որ նոյնիսկ առիթ է տուել կասկածելու, թէ կա՞յ արդեօք այն հավաքական իրը կամ այն երեւոյթը, որ «ազգ» ենք անուանում:

Եղել են հետազօտողներ (այսօր էլ կան), որոնք՝ ուղղակի կամ անուղղակի, աւելի կամ պակաս վճռականօրէն՝ հերքել են ազգերի գոյութիւնը. կամ, առնուազն, յայտարարել են այն շատ վիճելի: Israel Zangwillը, օրինակ կարծում է, որ «ազգ» կամ «ազգութիւն» բառերը չեն արտայայտում որեւէ իրականութիւն: Պրոֆեսոր Santayannaն համարում է ազգը մի տեսակ պատահականութիւն, անցողակի ու աննշան երեւոյթ: Իսկ M. T. M. Robertsonը ուղղակի ասում է, որ «ազգ» անուանուած բանը ցնորք է …:

Ազգեր, ազգային բաժանումներ, ազգային հավաքականութիւններ չկան իրականութեան մէջ, ասում են այս կարգի մտածողները: Իսկ եթէ կան, արտայայտուած են այնքան անորոշակի, սահմանուած են այնպիսի երերուն, անկայուն ու փոփոխակի սահմաններով, որ պատահական ու միանգամայն անարժէք երեւոյթներ են մարդկային համակենակցության մէջ: Ազգը մասամբ ֆիկցիա է, ցնորք, մասամբ էլ (եւ խոշոր չափերով) խաբէութիւն, արհեստականօրէն շինուած ու ներշնչուած գաղափար:

Մի կողմից, ասում են՝ տգէտ մարդիկ, չկարողանալով ըմբռնել երեւոյթների իսկական էութիւնը, «ազգ» են անուանել տարբեր բնոյթ ունեցող մարդկային խմբակցութիւնները: Իսկ միւս կողմից՝ ճարպիկ մարդիկ, օրինակ, տիրող դասակարգերը (անցեալում՝ ազնուականութիւնն ու հոգեւորականութիւնը, ներկայում՝ բուրժուազիան), օգտուելով ժողովրդային զանգուածների տգիտութիւնից, գիտակցօրէն մեծ արժէք են տուել անարժէք գաղափարին, գոյութիւն չունեցող բաժանումներ են յօրինել ու արհեստականօրէն մտցրել մարդկային ընկերակցութիւնների մէջ, որպէսզի հակառակութիւններ առաջ բերեն եւ այդ հակառակութիւնների վրայ յենուած՝ ամրացնեն իրենց դասակարգային իշխանութիւնը:

Եթէ «ազգը» թիւրիմացութիւն կամ նախապաշարմունք չէ, եթէ ազգային միութիւնները իրօք գոյութիւն ունեն, ապա ուրեմն նրանք կապուած պիտի լինեն այնպիսի կապերով, որոնք յատուկ են միայն «ազգ» անուանուած հաւաքական մարմիններին եւ յատուկ չեն ուրիշ կարգի պատկանող, ուրիշ անուններ կրող միութիւններին:

Արդ, որո՞նք են այդ կապերը, որո՞նք են ազգային յատկանիշները: Ուրիշ խօսքով՝ ի՞նչ է ազգ կոչուած հաւաքականութիւնը:

Եւ դրութեան դժուարութիւնը հենց նրանումն է, որ եթէ քննութեան առնենք մի առ մի այն բոլոր յատկանիշները, որոնք վերագրուել են ու վերագրւում են «ազգ» երեւոյթին, կը տեսնենք, որ նրանք իրօք հեռու են գոհացուցիչ լինելուց: Յաճախ խառնում են իրար տարբեր գաղափարներ, մի բան աւելի են տալիս կամ մի բան պակաս, շատ լայնացնում են կամ շատ նեղացնում ազգային սահմանները եւ վերջի հաշուին չեն տալիս հարցին մի պարզ ու լրիւ, որոշակի ու անվիճելի պատասխան:

***

Փորձենք վերլուծել «ազգային» անուանուած տարրերն ու յատկանիշները, ստուգենք, թէ ո՞ր աստիճանի «ազգային» են նրանք եւ թէ ի՞նչ առարկութիւններ կարելի է ունենալ նրանց դէմ:

Բ

Ամէնից աւելի տարածուած հասկացողութիւնը հետեւեալն է.

Ազգը այնպիսի հաւաքական միութիւն է, որի անդամները՝ ազգը կազմող մարդիկ, կապուած են միմեանց հետ արիւնակցական, ազգակցական կապերով, սերունդ են ընդհանուր նախահայերի: Ուրիշ խօսքով՝ ազգը բազմացած ընտանիք է, աւելի կամ պակաս հեռաւոր ազգականների միութիւն:

Գիտնական մարդիկ վաղուց արդէն հրաժարուել են այս բացատրութիւնից, բայց լայն զանգուածների հասկացողութեան մէջ սա մինչեւ այսօր էլ մնում է գերիշխող:

Դժուար չէ նկատել, որ այստեղ «ազգ» գաղափարը պարզապէս շփոթվում է «ցեղ» կամ «տոհմ» գաղափարի հետ:

Բայց ազգային միութիւնը ցեղային միութիւն չէ եւ ազգը ցեղ չէ, հակառակ նրան որ մեր հրապարակախօսները ու բանաստեղծները (առաւելապէս արեւմտահայերը) շատ յաճախ «ազգ» եւ «ազգային» բառերի փոխարէն գործադրում են «ցեղ» ու «ցեղային» բառերը:

Եթէ ազգը ցեղ լինէր, իսկապէս որ ժամանակակից քաղաքակիրթ ազգերի գոյութիւնը շատ վիճելի կը դառնար:

Ո՞րն է այդ ազգի ցեղային միութիւնը, ո՞րն է անգլիական ազգային արիւնը:

Նախապատմական ժամանակներից բրիտանական կղզիների վրայ ապրել են զանազան կելտական ցեղեր՝ անգլեր, բրիտներ, սկոտներ, պիկտեր: Պատմութեան արշալոյսին եկել են հեռաւոր հարաւ-արեւելքից, Միջերկրականի աւազանից, հռովմէական աշխարհակալները, կռուել են տեղացիների հետ, տիրել են երկրի մի մասին, նստել են այստեղ, խառնուել բնիկների հետ: Ապա եկել են հիւսիսից՝ Սկանտինաւեան թերակղզիից ու Դանեմարքից, նոր ցեղեր, ապա եկել են սաքսոնները գերմանական անտառների խորքերից, ապա նորմանները՝ ֆրանսիական ափերից… Կելտական, գերմանական ու լատինական մեծ ցեղերին պատկանող զանազան հատուածներ՝ անգլեր, բրիտներ, սկոտներ, հռովմէացիներ, նորվեգիացիներ, դանեմարքցիներ, սաքսոններ, նորմաններ, շերտաւորուել են յաջորդաբար, դարերի ընթացքում, իրար վրայ խառնուել են միմիեանց եւ տուել են ցեղայնօրէն բազմապիսի մի սերունդ, որից կազմուել է այսօրուայ անգլիական ազգը:

Եւ այսօր էլ դեռ չի դադարել, դեռ այսօր էլ շարունակւում է ցեղերի խմորումը: Ճիշդ է, բրիտանական կղզիները դարերից ի վեր չեն ենթարկուած նոր նուաճումների, զանգուածային նոր տեղափոխութիւններ այլեւս չեն կատարուած այս երկրում: Բայց, շնորհիւ միջ-ժողովրդական յարաբերութիւնների զարգացման ու հաղորդակցութիւնների հեշտացման՝ մի կողմից, եւ անգլիական ազգի աշխարհակալութեան միւս կողմից, այսօր էլ բազմաթիւ անգլիացիներ կապւում են ամուսնական կապերով ոչ-անգլիացիների հետ եւ նոր բարդութիւններ են մտցնում իրանց «ազգային արեան» մէջ, որ առանց այն էլ շատ բարդ է արդէն:

Եթէ անգլիացու անգլիացի լինելը ուզենանք հիմնաւորել ու հաստատել նրա «անգլիական արիւնով» միայն, անյաղթելի դժուարութիւնների կը հանդիպենք:

Անգլիայում կայ այսօր ազգային մի շատ որոշ միութիւն, բայց ցեղային միութիւն չկայ: Կարելի է եւ պէտք է ընդունել իբրեւ փաստ անգլիական մեծ «ազգը», բայց խօսք չի կարող լինել անգլիական «ցեղի « մասին: Անգլիական ազգ կայ, բայց անգլիական ցեղ գոյութիւն չունի:

Մի ուրիշ օրինա՝ հայ ազգը:

Ո՞րն է մեր ցեղային կազմը: Հաւանականօրէն՝ հետեւեալը.

Շատ հին ժամանակներում (Ք.ից աւելի քան տասը դար առաջ) Ուրարդու կոչուած երկրի մէջ՝ Վանայ լճի աւազանից միջեւ միջին Արաքսի (գուցէ եւ Սեւանի) աւազանը, ապրել է մի խալդիական մեծ ժողովուրդ, թերեւս հատուած մի ուրոյն ցեղի, որ պրոֆ. Ն. Մառը «յաբէթական» է անուանում: Ուրարդացի խալդերը մշտական պատերազմների մէջ են եղել իրենցից հարաւ-արեւելք ապրող ասորացիների ու բաբելացիների հետ, յաճախ մեծաքանակ գերիներ են բերել այդ տաք տափարակներից կամ իրենք նուաճուել տափաստանների բնակիչներից եւ երկու դէպքումն էլ՝ խառնուել են նրանց հետ:

Ապա (Ք. Ծ. ից մօտ վեց դար առաջ) մի մեծ մարդկային հոսանք՝ այս անգամ արիական (հնդեւրոպական) ցեղի, եկել է Ուրարդու աշխարհը հեռու արեւմուտքից, Բալկանյան թերակղզիից Փրիւգիայից, նուաճել է երկիրը, նստել այստեղ ու խառնուել բնիկների հետ:

Ահա այս յաբէթական (քալդէական) ու արիական ցեղերի պատկանող ժողովուրդների խառնուրդն է, որ մեր պատմութեան նախօրեակին հիմն է դրել ապագայ հայ ազգին:

Հետագայում, արդէն պատմական շրջանում, մեր երկիրը մշտական կայան է եղել ցեղերի ու ժողովուրդների շարժման մեծ ճամբու վրայ: Ով ասես, որ չի տրորել իր ոտների տակ հայկական բարձրաւանդակը: Հայաստան մտել են, Հայաստանի վրայով անցնել, մասամբ նստել ու ձուլուել են տեղացիների հետ՝ յաջորդաբար, տարբեր ժամանակներում՝ շատ տարբեր ժողովուրդներ՝ պարսիկներ, պարթեւներ, միդիացիներ, ալաններ, քուրդեր, հրեաներ, հռովմէացիներ, բիւզանդական յոյներ, արաբներ, վրացիներ, թուրք-թաթարական ցեղեր…

Սրանք բոլորը խառնուել են իրար, խառնուել են ոչ թէ միակերպ ու հաւասար չափերով՝ միագոյն բարդ արիւն կազմելու համար, այլ տարբեր չափերով եւ կազմել են ցեղային շատ տարբեր, շատ բազմերանգ խառնուրդներ:

Եթէ որեւէ տեղ (եկեղեցիում, թատրոնի սրահում, շուկայում, ուխտատեղիում, հրապարակական միտինգում) հաւաքուած են մի քանի հարիւր հայ մարդ, ուշադիր դիտողը կը գտնի այդ բազմության մեջ մի քանի տարբեր ցեղային տիպեր, աւելի կամ պակաս շեշտուած (մանաւանդ եթէ հաւաքուածները զանազան վայրերից են). տարբեր դիմագծեր, գանկերի տարբեր ձեւեր, մորթու եւ մազերի տարբեր գոյներ, աչքերի ու շրթունքների տարբեր նկարներ: Մէկը յոյնի է նման, միւսը՝ վրացու, երրորդը՝ հրեայի, չորրորդը՝ ասորու, քուրդի… բայց եւ այնպէս՝ բոլորն էլ հայ են:

Ես ունէի մի շատ հետաքրքրական հաւաքածու՝ մի քանի տասնեակ լուսանկարներ իսկական հայ մարդկանց, որոնք ներկայացնում էին շատ տարբեր ցեղային տիպեր:

Եթէ հնարաւոր լինէր ենթարկել մարդկային արիւնը ցեղային վերլուծման, շատ հավանական է, որ ամէնից աւելի շեշտուած, իսկական ու անվիճելի «հայ-քրիստոնեայի» երակների մէջ հետազօտողը գտնէր աւելի քրդական կամ պարսկական արիւն, քան հայկական:

Ինչպէ՞ս որոշել ազգային պատկանելութիւնը այն մարդու, որի ծնողները տարբեր ազգերի զաւակներ են. ինչպէ՞ս անուանել մէկին, որի հայրը անգլիացի է, մայրը՝ ֆրանսուհի. արդեօք անգլօ-ֆրա՞նկ… բայց այդպիսի ազգութիւն չկայ: Իսկ, եթէ անգլօ-ֆրանկը անզգուշութիւն արաւ մի զաւակ ունենալու գերման-իտալուհի կնոջից, ի՞նչ անուն տալ այդ խեղճ փոքրիկին. արդեօք անգլօ-ֆրանկօ-իտալօ-գերմա՞ն անուանել. կամ ասել թէ նա ոչ մի ազգութեան չի պատկանում, ազգային միութիւններից դուրս է, ապազգային է… Իսկ եթէ բախտի կատակով այդ խառնուրդ արարածի անունն է Դերուլեդ կամ Տրեօչկէ, Մուսսոլինի կամ Մուստաֆա Քեմալ, Մկրտ. Խրիմեան կամ Ֆ. Դոստոեւսկի, դարձեա՞լ ասել, որ նա ապազգային է:

Ռուսական հանգուցեալ ցար Նիկոլայը, գերմանական նախկին կայսր Վիլհելմը եւ Անգլիայի Գէորգ Ե. Թագաւորը արիւնով շատ աւելի մօտ են իրար, քան իրենց ազգակից ռուսներին, գերմաններին եւ անգլիացիներին: Արդ, եթէ կարելի է կասկածի ենթարկել Նիկոլայի ազգային տիպը, նրա ռուս լինելու աստիճանի բարձրութիւնը, յամենայն դէպս ոչ ոք չի կասկածի, թէ Գէորգ Ե. թագաւորը իսկական անգլիացի է եւ թէ մանաւանդ Վիհլեմ Բ. իսկական, անվիճելի ու շատ գունաւորուած գերմանացի է:

Արիւնը չէ (աւելի ճիշդը՝ միայն արիւնը չէ), այլ մի ուրիշ՝ արիւնից աւելի զօրեղ բան կայ, որ անում է Վիլհելմին իսկական գերմանացի եւ սեմիթական շրթունքներ ունեցող մի հայ մարդու՝ իսկական հայ:

Իրականութիւնն այն է, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդկութեան մէջ արիւնակցական միութիւնների, ցեղային հաւաքականութիւնների մասին կարել է խօսել մեծ վերապահումներով միայն:

Շատ հին ժամանակներում, երբ բացակայում էին հաղորդակցութեան մատչելի միջոցներ եւ հաղորդակցուելու կարիքն էլ չնչին էր, երբ մարդկութիւնը ապրում էր միմեանցից կտրուած, անջատ հատուածներով (ինչպէս ապրում են այսօր վայրենի ժողովուրդները Ափրիկէի խորքերում կամ Մեծ Ովկիանոսի կղզիների վրայ), այն հին ժամանակները թերեւս գոյութիւն ունէին ցեղային ինքնատիպ, անխառն ու որոշակի սահմանուած ցեղային միութիւններ:

Բայց այն հին ժամանակներում (ինչպէս ներկայում վայրենիների մէջ) ազգեր չկային, ազգային հաւաքականութիւններ դեռ չէին կազմուած: Ազգերը ծնունդ են առել միայն պատմական շրջանում, քաղաքակրթութեան որոշ բարձրութեան վրայ, այսինքն՝ այն ժամանակ, երբ վաղուց արդէն խախտուած էին ցեղային միութիւնները:

Եւ այսօր, ցեղային կազմը ինքնըստինքեան չի կարող բացատրել «ազգի» էութիւնը եւ առաւել եւս չի կարող սահմանել «ազգ» գաղափարը:

Ցեղը ազգ չէ եւ ոչ էլ ազգը՝ ցեղ:

Շարունակելի