ՀԱԲ-ի զինաթափումը. ինչպես է դա եղել

3544

Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը

Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը

Վերջերս մի հարցազրույցում Վազգեն Մանուկյանն ասել է հետեւյալը.

«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար» ( Lragir.am, 16 հունիսի, 2013):

Նրա խոսքից նույն այս հատվածը մեջբերելով՝ 1990 թ. օգոստոսի 29-ին ՀԱԲ-ի չեզոքացման թեմային է անդրադարձել Թ. Հակոբյանը՝ այն ներկայացնելով այդ օրերի պատմական անցուդարձի համառոտ կոնտեքստում, մեջբերելով նաեւ նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի՝ ՀԱԲ-ի վնասազերծման մասին ընդունած հատուկ որոշումից մի հատված։ Սակայն ոչ մի կերպ չի հասկացվում, եւ ոչ էլ ակնարկում է, թե այդ բանն արված է՝ ցուցադրելու համար Վ. Մանուկյանի կատարած կեղծիքը։

Մինչդեռ Վ. Մանուկյանը կեղծում է հանրահայտ փաստերը, ինչն ստորեւ ցույց կտանք փաստաթղթերի լեզվով։

Ղարաբաղյան շարժման տարիներին, նախ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, ապա նաեւ՝ հենց Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, ստեղծվել էին կամավորական զինված ջոկատներ։ Դրանց մեծագույն մասը համակարգվում էր մի կենտրոնից, նախ՝ Շարժման ղեկավարության, ապա, 1990 թվականի ամռանից՝ Հայաստանի Գերագույն խորհրդի։ ՀԱԲ-ը այն մի քանի զինված ջոկատներից էր, որ գործում էր ինքնուրույն եւ չէր ենթարկվում իշխանությանը։

Ընտրությունների միջոցով կոմունիստներին հաղթած եւ ակնհայտորեն դեպի անկախություն գնացող Հայոց համազգային շարժման իշխանության դեմ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը, բնականաբար, պետք է փորձեր ամեն կարգի խոչընդոտներ հարուցել՝ չխորշելով նաեւ ռազմական մեթոդներից։

Նկատի ունենալով այդօրինակ փորձերը՝ դեռ հուլիսի 20-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց հետեւյալ հայտարարությունը.

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(20 հուլիսի, 1990թ.)

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարում է.

Խորհրդային բանակի եւ ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու պատժիչ որեւէ գործողություն՝ առանց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի թույլտվության»։

Հայկական ԽՍՀ  Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան

 ՀԽՍՀ ԳԽ-ի Տեղեկագիր, 1990, 14, հոդվ. 188:

Քիչ անց, հուլիսի 25-ին, ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը ստորագրեց «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» հրամանագիրը։

Դրան ի պատասխան՝ Հայաստանի Գերագույն խորհուրդն, իր հերթին, ընդունեց հետեւյալ որոշումը.

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

«ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» ԽՍՀՄ պրեզիդենտի 1990 թվականի հուլիսի 25-ի հրամանագրի վերաբերյալ

(30 հուլիսի, 1990թ.)

Ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 75 հոդվածով, ըստ որի՝ հանրապետության շահերին վերաբերող ԽՍՀՄ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը Հայկական ԽՍՀ տարածքում գործում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից վավերացվելուց հետո, եւ վկայակոչելով 1990 թվականի հուլիսի 20-ի՝  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հայտարարությունը, որի համաձայն՝ խորհրդային բանակի եւ ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու որեւէ պատժիչ գործողություն՝ առանց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի թուլտվության, հաշվի առնելով, որ «ԽՍՀՄ  օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների  ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» ԽՍՀՄ պրեզիդենտի հրամանագիրը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնական իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածում, նպատակ ունենալով կանխել ԽՍՀՄ զինված ուժերի եւ հայ ազգաբնակչության միջեւ հնարավոր ընդհարումներն ու երկուստեք արյունահեղությունը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության  Գերագույն խորհրդը որոշում  է.

  1. Կասեցնել հիշյալ հրամանագրի կիրարկումը Հայկական ԽՍՀ -ում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում:
  2. Հարցի կարգավորումը վերցնել հանրապետության  Գերագույն խորհրդի տնօրինության տակ՝ բացառելով որեւէ արտաքին միջամտություն:
  3. Հայտնել սույն հարցի շուրջ ԽՍՀՄ պրեզիդենտի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն:
  4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին՝ ապահովել սույն որոշման կատարումը:
  5. Սույն որոշման մասին տեղյակ պահել ԽՍՀՄ պրեզիդենտին եւ միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդներին:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան

ՀԽՍՀ ԳԽ-ի Տեղեկագիր, 1990, 14, հոդվ. 202 

Ապարդյուն անցան ՀԱԲ-ին պետական կառույցների մեջ ներգրավելու բոլոր ջանքերը։ Զինված այդ խմբի անվերահսկելիությունը ոչ միայն կարող էր պատրվակ հանդիսանել կենտրոնական իշխանությունների ռազմական միջամտության համար,

այլեւ չափազանց վտանգավոր էր ընդհանրապես։ Այդ վտանգավորությունը մի քանի փաստերով համառոտ ներկայացված է Հայաստանի Գերագույն խորհրդի հաջորդ որոշման սկբնամասում, որ արդեն վերաբերում է զինված այս կազմավորման չեզոքացմանը. 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀԴԻ

 ՈՐՈՇՈՒՄԸ 

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին

(29 օգոստոսի, 1990թ.)

Վերջին շրջանում Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության արկածախնդիր, հակաօրինական գործողությունների պատճառով խիստ սրվել է իրադրությունը հանրապետությունում, ինչը բնականաբար հանգեցրել է ադրբեջանական կողմի ակտիվացմանը: Նոյեմբերյանում, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում, իսկ այսօր արդեն Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ղազախ-Երևան գազամուղի և Ղազախ-Իջևան երկաթգծի փակումը ուղղակի հետևանք են այդ ազգադավ գործողությունների: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայոց Ազգային Բանակը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել իր վտանգավոր գործունեությունը, այլև գնալով դիմում է ավելի հանդուգն քայլերի:

1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են:

Ելնելով շարադրված փաստերից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը: /փոփ. 05.09.90 ՀԳԽ որոշում/

2. Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը:

3. Կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև 1990 թվականի օգոստոսի 29-ի ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակված ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:

4. Սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

5. Սույն որոշման իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև միլիցիայի կառուցվածքներում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա:

6. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի վրա:

7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան:

Հիմա նորից կարդանք Վ. Մանուկյանին. «Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան»: Ու վերջ. այսպես է լուծարվել ՀԱԲ-ը։

Ինչո՞ւ է Վ. Մանուկյանը կեղծում պատմությունը, հանրահայտ իրողությունները։ Մի բան է՝ երբ դա մի քանի կոպեկի դիմաց անում է պատվեր կատարող պատմաբանը, մի այլ բան՝ երբ դա անում է մի մարդ, որն իրադարձությունների խոհանոցում է եղել պաշտոնի բերմամբ։ Սովորական ստախոսությամբ կեղծում է պատմության մի դրվագ՝ դրանում իրեն կենտրոնական դեմք դարձնելով։

Վերեւում բերված մի քանի փաստաթղթերը ակնհայտ ցույց են տալիս, որ այդ ժամանակ Գերագույն խորհուրդն էր ետ մղում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության՝ երկրի ներքին կյանքին ռազմական միջամտության փորձերը։ Գերագույն խորհուրդն էր իր համապատասխան մշտական հանձնաժողովով վերահսկում ու համակարգում զինված ջոկատների գործունեությունը, նրանց ուժերով՝ Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանությունը։ Գերագույն խորհուրդն է իր 260 պատգամավորներով ընդունել հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու և ՀԱԲ-ը լուծարելու որոշումը։

Պարզ է, չէ՞, որ այդ բանը հիանալի հիշում են բոլոր պատգամավորները, հիշում են դրան որեւէ կերպ առնչված հազարավոր մարդիկ, եւ հիշում են հարյուր հազարավոր այլ մարդիկ, քանի որ այդ ժամանակ Գերագույն խորհրդի նիստերն ուղիղ հեռարձակվում էին։

Դժվար է պատկերացնել չբավարարվածության հիվանդագին այն զգացումը, չխամրող այն հավակնոտությունը, որը մարդուն կարող է դրդել, արհամարհելով այս ամենը, դիմել այսօրինակ ցինիկ կեղծիքի։

Աշոտ Սարգսյան, http://www.ilur.am/news/view/55175.html

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/08/02/hab-hhsh-1990-august/