Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի՝ ՀՅԴ-ի դեմ «պատերազմի» անցյալից

10014

Հայաստանի առաջին և գործող նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին ճնշելու և (անհաջող) վարկաբեկելու համատեղ անցյալի փորձ ունեն:

1991-1997 թթ. Դաշնակցությունը Հայաստանի ամենից ազդեցիկ և ընդդիմադիր ուժերից էր, և մինչև 1994-ի դեկտեմբերյան կասեցումը կարողանում էր ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի քաղաքականության հրապարակ դուրս բերել տասնյակ հազարավոր մարդկանց:

1991-1993 թթ. ՀՅԴ-ն Արցախում իշխանություն էր կամ երկիշխանություն: Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ի իշխանությունը Արցախում սահմանափակելու նպատակով կուսակցության դեմ օգտագործում էր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնք երկուսն էլ ՀՀՇ անդամներ էին և ներկայացնում էին ՀՀՇ Արցախի տեղական ցանցը, թեև պաշտոնապես Արցախում ՀՀՇ գոյություն չուներ:

1992-ի հունիսին Տեր-Պետրոսյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին վտարեց Հայաստանից և վիժեցրեց ՀՅԴ Ընդհանուր ժողովի՝ Հայաստանում անցկացնելու Դաշնակցության ծրագիրը: Վերջին անգամ ՀՅԴ Ընդհանուր ժողով Հայաստանում տեղի էր ունեցել 1919-ի աշնանը:

1994-ի դեկտեմբերին (պաշտոնապես՝ 1995-ի հունվարին) ՀՅԴ կուսակցության գործունեությունը կասեցվեց Հայաստանում, իսկ նրա լրատվամիջոցները փակվեցին ու ջարդուփշուր արվեցին:

1990-ականներին Հայաստանում ՀՅԴ-ի դեմ իրականացվեց երկու դատավարություն՝ Դրոյի և Վահան Հովհաննիսյան+30-ի գործերը:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային անվտանգության նախարարության 1995 թվականի հուլիսի 29-ի հաղորդագրությունը: Միայն նշենք, որ Սերժ Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային անվտանգության նախարար էր նշանակել այդ հաղորդագրությունից երկու օր առաջ՝ հուլիսի 27-ին:

*****

Հայաստանի Ազգային անվտանգության նախարարությունը տարածել է հայտարարություն

հուլիսի 29, 1995 թվական

Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողության ընթացքում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին, Ազգային ժողովի կրկնական ընտրությունների օրը, իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ, որոնց անունները չեն հրապարակվում` ելնելով քննության շահերից:

Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն: Շուրջ տասը րոպես տևած փոխհրաձգության արդյունքում ներքին գործերի զինծառայողների շարքերում կան վիրավորներ:

Այժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Մանվել Եղիազարյանը և հանրապետության նախագահի պահակազորի ծառայող Տիգրան Ավետիսյանը: Խմբի մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Հարուցված է քրեական գործ:

Հայաստանի Հանրապետութիւն օրաթերթ, թիվ 187, 30 հուլիս, 1995թ.