Ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ` ոչ, այսօր այսպիսի հռետորական հարց է տվել քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։ «Ես կարծում եմ՝ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը։ Օրինակ, ինչի՞ բռնեցին Սեֆիլյանին, ի՞նչ էր արել։ Մի հատ ատրճանակ ուներ, էն էլ իրենք են տվել՝ որպես գնդի հրամանատարի»,- Թոքմաջյանի խոսքերը մեջբերում է «Ա1+»-ը:
Ըստ Թոքմաջյանի՝ տղաների արածը հոգու ճիչ էր, իրենց ձայնը լսելի դարձնելու փորձ. «Մտայնություն է այն, որ այս տղաները ահաբեկիչներ են, նրանք ուղղակի շատ հայրենասեր տղաներ են, և խաղաղություն և ազատություն են ուզում»:
Երգահան Լիլիթ Պիպոյանը ասել է, որ իշխանությունը պետք է խոսի արդարությունից, և ոչ՝ սիրուց. «Եթե տղաները մահապարտի նման կյանք են դրել զոհասեղանին, ապա պետք է ընդառաջ գնալ: Հասկանալի է, որ նախագահն այնքան ամուր է նստած, որ չի զիջի իր աթոռը: Իրենց կյանքի գնով հարց են բարձրացրել, ես գտնում եմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե իշխանությունները գնան բանակցությունների և ազատեն քաղբանտարկյալներին»:
Վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը ասել է. «Եթե արյունահեղություն լինի, ապա դա մնալու է մեր նախագահի խղճին»: