Ռուսաստանը դատապարտել է Երևանում ոստիկանության շենքի գրավումը և աջակցություն հայտնել Հայաստանի իշխանությունների կատարած քայլերին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ազատությունը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին պարեկապահակային ծառայության գնդի շենքի գրավումը: Դա հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան: Մենք անընդունելի ենք համարում նման քրեական դրսևորումները, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը»,- ասել է Զախարովան:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը թույլ կտան ամենակարճ ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, միջադեպի բազմակողմանի քննություն իրականացնել և պատժել մեղավորներին:
Հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ն՝ նշելով, որ անընդունելի է ուժի կիրառումը քաղաքական փոփոխության հասնելու համար: ԵՄ-ն ցավակցություն է հայտնել գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելու կապակցությամբ։
«Մտահոգ ենք զանգվածային ցույցերը ցրելիս անհամաչափ ուժ կիրառելու հաղորդումների կապակցությամբ։ Այդ առումով, մենք իշխանություններին կոչ ենք անում պահպանել համաչափությունը զանգվածային ցույցերի հարցում, որը վերաբերում է ինչպես խաղաղ ցույցերին, այնպես էլ բռնի հավաքներին։ Նմանապես, ցուցարարները պետք է ձեռնպահ մնան բռնութունից իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելիս»,- ԵՄ հայտարարությունը մեջբերում է ՍիվիլՆեթը: