«Սասնա Ծռեր»-ից Պավել Մանուկյանի անցյալից. 2005-ին նա դաժանաբար ծեծվել է Արցախում

3797

«ԵԹԵ ՀՅԴ-Ն ՆԵՐԻ՝ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԿԱ». Պավել Մանուկյանի հարցազրույցը Աննա Իսրայելյանի հետ, 28 հունիս, 2005 թվական

ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ նրա տեղակալի կողմից հունիսի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Պավել Մանուկյանի աչքի տակ պահպանվել են կապտուկի հետքերը: Նա այժմ Երեւանում է եւ մանրամասներ հաղորդեց կատարվածի շուրջ:

– Ի՞նչ էր նախորդել տեղի ունեցածին: Լուրեր կային, որ Արցախի բանակի ղեկավարությունը վիրավորված էր քարոզարշավի ընթացքում Ձեր որոշ ելույթներից: Ի՞նչ էիք ասել, որ կարող էր այդպես վրդովեցնել նրանց:

– Պարզ ճշմարտությունը: Երկու հեռուստաելույթ եմ ունեցել ու նաեւ՝ Վիտալի Բալասանյանի հետ Ասկերանում հանդիպումներին եմ ելույթներով հանդես եկել՝ իբրեւ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի համամասնական թեկնածու: Քանի որ նրանք սկսել էին քարկոծել Դաշնակցությանը, ես նժդեհյան մի կարգախոս մեջբերեցի՝ «Հակադաշնակցականը հայի կտրված ձեռքն է, որով թշնամին ապտակում է հային»: Իսկ ես ասում էի՝ բնածին ստրուկը հայրենիք չունի, դեմքին տառապանք չունի, թե վեր բարձրանա՝ կամակատար է, աշխույժ ծափահարող ցանկացած հիմար մտքի, թե պատահաբար զորավար դառնա՝ անգլուխ ձիավոր է: Սահմանափակում էի Թալեաթի խոսքերով՝ «Դաշնակցությունը հայ ժողովրդի սրտի վրա մի խոց է: Եթե մեզ հաջողվի բուժել այդ խոցը՝ այդ ժողովուրդը կմեռնի»: Ինչպե՞ս է լինում, որ ե՛ւ թշնամին էլ է սարսափում Դաշնակցությունից, ե՛ւ մեր իշխանությունները: Կամ՝ երեկ մենք դեռ բարեկամ էինք, այսօր դարձանք թշնամի՞:

– Սակայն ավելի վաղ հայտնել էիք, թե պատասխան էին պահանջել Ձեր այն արտահայտության համար, թե «որոշ գեներալներից կավի հոտ է գալիս»:

– Այո՛, դա էլ եմ ասել: Պաշտպանության բանակի շտաբում էլ եմ ասել: Հարցրին, թե ո՞ր գեներալներին նկատի ունես՝ անուններով ասացի, որ գեներալ Վարդան Բալայանին, գեներալ Մովսես Հակոբյանին: Եվ պատճառաբանեցի, թե ինչի՛ համար: Մովսես Հակոբյանի մասին այդպես եմ ասել, քանի որ նա որպես բանակի շտաբի պետ հայտարարել է տարածքներ զիջելու մասին, որի իրավունքը չուներ: Մինչ ծեծկռտուքը նա ինձ պատճառաբանություններ ներկայացրեց, թե՝ «ասել եմ, որ եթե իշխանությունները հրահանգ տան՝ ես պարտավոր եմ կատարել»: Ես էլ ասել եմ, որ եթե իշխանությունները նման հրաման տան, ուրեմն նրանք մերը չեն: Եվ եթե շտաբի պետը նման հայտարարություն է անում՝ դա թիկունքից հարված է բանակի բարոյահոգեբանական ոգուն, շարքերին: Չի՛ կարելի զինվորին սարքել նապաստակ, հետո փորձել փոխել առյուծի: Այնպես որ, պարոն գեներալը պիտի համաձայնի այն մտքին, թե կավից է պատրաստված: Թեեւ հարգում եմ նրա հերոսական անցյալը: Բայց հերոսից մինչեւ դավաճան ընդամենը մեկ քայլ է՝ նապոլեոնյան դարձվածք է: Զարմանալին այն է, որ Մովսեսն ինձ մատով չի կպել, եւ ոչ էլ Վարդան Բալայանը:

– ԼՂՀ պաշտպանության նախարարին ուղղված որեւէ վիրավորանք եղե՞լ է Ձեր ելույթներում, ասենք՝ նրան անվանե՞լ եք «ասֆալտի ֆիդայի»:

– Ո՛չ: Եթե մի բառ անգամ ասած լինեի՝ տեր կկանգնեի խոսքերիս: Ես մինչ այդ հարգում էի նրան: Եվ ճիշտն ասած՝ ինձ համար շատ զարմանալի է Սեյրան Օհանյանի վերաբերմունքը: Նա ինձ համար եզակի ինտելեկտ ունեցող գեներալներից մեկն էր (ավելի վաղ Պավել Մանուկյանը հայտնել էր, որ ՊՆ նախարարի աշխատասենյակ մտնելուն պես՝ նա անմիջապես հարձակվել էր իր վրա եւ հայհոյել. «Ես քու դաշնակ ծնողը, Վիտո ե՞ք պաշտպանում: Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանություն էի՞նք ձեզ տալու».- Ա. Ի.): Բայց այսօր նա ինձ համար իջավ… չեմ կարող ասել, թե ինչ աստիճանի:

– Նախարարի առանձնասենյակում վիճաբանություն եղավ, դրան նո՞ր հաջորդեց ծեծը, թե՞ հարվածները եղել են անմիջապես:

– Սեյրան Օհանյանը երեւի նախօրոք հեռախոսով տեղեկացվել էր, որ Պավլիկն իր խոսքից հետ չի կանգնում, պնդում է, թե ասել եւ ասելու է: Մարդու մոտ պայթյունավտանգ իրավիճակ էր՝ միանգամից եկավ ու… Դե, ես էլ՝ ի՞նչ… մի քանի հարվածից «լոշ-փռոշ» եղա: Կերած-խմած գեներալներ են, իսկ ես՝ հաշմանդամ թոշակառու զինվորական: Եվ ինձ իրավունք էլ չէի վերապահի ձեռք բարձրացնել այդ համազգեստի վրա, քանի որ այն մեր պապերը 7 դար են երազել: Յաթաղանը մեր բարուրների միջով անցել է այդ համազգեստի բացակայության հետեւանքով: Այդ համազգեստի մի թելն էլ գործված է իմ եւ ընկերներիս արյունով: Այնպես որ՝ չէի կարող. այ, եթե Սեյրան Օհանյանը լիներ սպորտային համազգեստով եւ ոչ ՊՆ նախարարի առանձնասենյակում… Իսկ այս պարագայում պետք է խոսի գերագույն իշխանությունը, այն է՝ օրենքը:

– Կատարվածից հետո որեւէ կերպ նրանք չե՞ն փորձել ներողամտություն հայցել:

– Կնոջս, կնոջս քրոջն են ինչ-որ բաներ ասել: Անձամբ ինձնից՝ ո՛չ: Նաեւ ճանաչելով իմ բնավորությունը՝ նրանք գիտեն, որ մի գիծ կա, որը Պավլիկը չի հատում երբե՛ք: Իսկ եթե հատում է՝ չունի հետդարձի ճանապարհ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչի ձեռք տվեցին ու ինչ կկատարվի: Նրանց բոլոր փնտրած մարդկանց մեջ չի ճարվելու մեկը՝ բացի ՀՅԴ-ից, որ կարող է ազդել ինձ վրա: Եվ ոչ անհատները, ասենք՝ Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը կամ «ախպերությունը»: Ինձ համար կա պապիկը, որ կոչվում է ՀՅԴ: Եթե պապին ներեց՝ թոռնիկի համար խնդիր չկա: Իսկ այդ կուսակցությանը նրանք անպատվել ու հայհոյել են: Դաշնակցությունն այդքան փափուկ կտանի՞ այդ կոշտ վիրավորանքը: Գիտեմ, որ կլինի՛ արժանի պատիժ:

– Ծեծի կապակցությամբ հարուցվել է քրգործ: Ենթարկվե՞լ եք դատաբժշկական փորձաքննության:

– Փորձաքննություն չի արվել: Տարածում էին, թե հոսպիտալի ընդունարանում ասել եմ, որ ծառից եմ ընկել: Ճիշտ է, գիտակցությունս լրիվ տեղը չէր, բայց դժվար թե ես նման բան ասեի: Ասել եմ, թե ընկել եմ՝ չեմ ուզեցել ասել: Բայց ծառ… Եվ առաջին դեպքն է, որ ծառից ընկնողին անմիջապես այցելում է հանրապետության նախագահը, որ տեսնի, թե ինչ վիճակում է:

– Արկադի Ղուկասյանն այցելության ժամանակ Ձեզ չի՞ խոստացել, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

– Ո՛չ: Նա որեւէ խոստում չի տվել եւ ոչ մի բան չի ասել: Շատ սովորական բարեւել ենք
եւ անթարգման հայացքներ փոխանակել:

– Ստեփանակերտի հոսպիտալից Երեւան տեղափոխվելը դրակա՞ն անդրադարձավ Ձեր բուժման վրա:

– Երեք օր է՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում եմ. տեսնում եք այս սենյակի վիճակը: Տպավորությունն այն է, որ Պետրոս 1-ի ձիանոցում եմ: Մահճակալների մաշվածությունը, օգտագործվածությունը ցույց են տալիս Եկատերինա 2-րդի հետագիծը: Իսկ լուրջ բուժում առայժմ չի սկսվել: Մանավանդ էլ՝ ասում են, թե այս հիվանդանոցն Արկադի Ղուկասյանինն է: Այսօր նո՜ր ասացին, թե առողջապահության նախարարի հրամանով ինձ տեղափոխում են 2-րդ հիվանդանոց՝ բուժման համար:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Առավոտ օրաթերթ, 28 հունիս, 2005 թվական