Անհապաղ դադարեցնել ուժի ապօրինի գործադրմամբ անձանց անհիմն բերման ենթարկելը. ՔՀԻ

980

Սույն թվականի հուլիսի 17-ի առավոտյան տեղեկատվություն տարածվեց, որ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, հսկողություն են սահմանել տարածքի նկատմամբ և բռնության սպառնալիքով պահում  են այնտեղ գտնվող ոստիկաններին:

Հուլիսի 18-ի ժամը 13:00-ի դրությամբ դեռևս 6 ոստիկան պատանդ է պահվում: Սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, երկու կողմերից կան վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող: Ներկայումս բանակցություններ են ընթանում իշխանությունների և զինված խմբի ներկայացուցիչների միջև:

Միաժամանակ, հուլիսի 17-ի առավոտվանից տասնյակ մարդիկ, առանց պատշաճ հիմնավորումների, բերման են ենթարակվել ՀՀ ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրանց մեջ են եղել նաև անչափահասներ:

Ազատությունից փաստացի զրկված անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հարազատներին, ստանալու իրավական աջակցություն, այդ թվում՝ խոչընդոտվել է փաստաբանների մուտքը բաժին: Նրանք ազատությունից զրկված են եղել օրենքով սահմանված ժամկետից շատ ավելի երկար՝ առանց կարգավիճակի: Տասնյակ մարդիկ ժամեր շարունակ պահվել են ոստիկանության զորքերի սպորտային դահլիճում, նրանց չի տրամադրվել սնունդ: Բերման ենթարկվածներից ոմանք ոստիկանների կողմից ենթարկվել են բռնության:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) պահանջում է ՀՀ իշխանություններից նույնիսկ ամենալարված իրավիճակներում պահպանել մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, այդ թվում՝

-անհապաղ դադարեցնել ուժի ապօրինի գործադրմամբ անձանց անհիմն բերման ենթարկելը և ազատությունից զրկելը,

-չխոչընդոտնել խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը,

-իրականացնել պատշաճ քննություն իրավապահ մարմինների կողմից վերը նշված խախտումների հայտնաբերման ուղղությամբ, մեղավորներին անհապաղ բացահայտել և պատասխանատվության ենթարկել, իսկ բռնություններից և ապօրինի ազատազրկումից տուժածներինն օրենքով սահմանված կարգով տրամադրել փոխհատուցում:

Միաժամանակ, ՔՀԻ-ն դատապարտում է ցանկացած տիպի բռնություն և հույս է հայտնում, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի խաղաղ ճանապարհով՝ առանց նոր զոհերի: Ցավակցություն ենք հայտնում գնդապետ Վանոյանի հարազատներին և ընկերներին: