Անգամ ամենաազնիվ նպատակը չի կարող արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը. ԲՀԿ

1055

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը տարածել է հաղորդագրություն․

«Ես և իմ գործընկերները կոչ ենք անում այս պահին բարիկադի երկու կողմերում կանգնած մեր հայրենակիցներին՝ բռնությամբ որևէ հարց չլուծել։ Իրենցից ամեն մեկը ինչ-որ մեկի որդին, ինչ-որ մեկի հայրն ու ամուսինն են, եղբայրը, սիրելին։

Ամենաարմատական ընդդիմախոսի հետ միշտ կա երկխոսությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն։ Չկորցնենք այդ հնարավորությունը։

Մենք ներքին թշնամիներ չպիտի ունենանք՝ մենք արտաքին այնպիսի թշնամի ունենք, որ ամեն պահի զգոն պիտի լինենք՝ հանուն մեր հայրենիքի ու հանուն սահմանին կանգնած մեր երեխաների։

Մեր երկրում կա՞ արդարության լրջագույն ճգնաժամ։ Այո՛։

Մեր երկրում, այո, լրջագույն համակարգային արատներ կան, որոնք այլևս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պե՞տք է օր առաջ փոխել այս ամենը։ Այո՛։

Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Չկա որևէ նպատակ, որը արդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որևէ, անգամ ամենաազնիվ նպատակը արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը։

Միանում ենք մեր բոլոր հայրենակիցների սթափ կոչերին՝ կանգ առնել ու սկսել երկխոսել։ Այլ ճանապարհ չկա»։