«Սեղանին կա փաստաթուղթ, և այն բավականին վատն է». Ազատություն

2090

Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում պաշտոնական Բաքուն հայտարարեց ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջընթացի մասին: Լավրովը, իր հերթին, հայտարարեց՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը խնդրի լուծման կոնկրետ քայլեր են քննարկում:

Եվ չնայած Հայաստանը հայտարարում է, որ բանակցությունները չեն վերսկսվի, մինչև հրադադարի դիտարկման մեխանիզմները չներդրվեն ու անվտանգության երաշխիքներ չլինեն, վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը պնդում է՝ խնդրի շուրջ ոչ միայն կոնկրետ քայլեր են քննարկվում, այլև բանակցային սեղանին հստակ փաստաթուղթ կա դրված: Նա հավելում է՝ փաստաթուղթը Հայաստանի համար շահեկան չէ, ուստի հայկական կողմը բանակցությունների այս փուլում որդեգրելու է Ադրբեջանի քաղաքականությունը՝ փորձելով տապալել գործընթացը:

«Սեղանին կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը ավելի վատն է, քան մայր մադրիդյան փաստաթուղթն է, որը 2007-ին ներկայացվեց Մադրիդում և որը փոխանցվեց ԵԱՀԿ դեպոզիտարիա, այն ավելի վատն է, քան կազանյան փաստաթուղթը կամ վերափոխված մադրիդյան տարբերակը, որովհետև տարբեր փոփոխություններ են եղել, և այսօր բանակցությունների սեղանին, անկախ նրանից՝ Հայաստանը ինչ է հայտարարում, տարբեր պաշտոնյաներ, դրված է մի փաստաթուղթ, որի հիմնական կետերը երկուսն են և որը կարող ենք մենք անվանել ռուսական պլան, Լավրովի պլան, Պուտինի պլան, ինչ ուզում եք ասեք․․․», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը՝ շարունակելով․ – «Բովանդակությունը հետևյալն է․ այդ փաստաթուղթը ենթադրում է երկու հիմնական բան՝ Լեռնային Ղարաբաղին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը ամրագրված է բավականին, էսպես ասեմ, կետերով, որը հնարավոր է շատ-շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցած է անկախությունից, բայց, իհարկե, շատ ավելի վերև է, քան ինքնավարությունը: Այսինքն՝ մի միջանկյալ կարգավիճակ է տրվում Լեռնային Ղարաբաղին, որը նրան հնարավորություն է տալիս անցկացնել ընտրություններ»

Հարցին՝ մինչև՞ հանրաքվեն, նա արձագանքեց․ – «Այո, դա մինչև հանրաքվեի անցկացումը, որը բոլորը մտածում են, որ այդ հանրաքվեն երբեք էլ չի լինելու, որովհետև հանրաքվեն մտցվել է, այսպես ասեմ, face saving-ի համար, երես փրկելու համար: Եվ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղին առաջարկում են, որպեսզի նրա ուժերը դուրս գան առնվազն հինգ շրջաններից»:

«Ես չեմ պնդում, իհարկե, որ հայկական կողմը ընդունել է այս փաստաթուղթը, ավելին՝ կարող եմ պնդել, որ հայկական կողմը փորձում է տապալել բանակցային գործընթացը՝ այն, ինչ ժամանակին արել է Ադրբեջանը, օրինակ՝ Կազանում, այն, ինչ արել է հայր Ալիևը Քի Ուեսթում, նույնը այսօր փորձում է անել պաշտոնական Երևանը, որովհետև փաստաթուղթը, որ դրված է սեղանին, բավականին վատն է»,- ընդգծեց Թաթուլ Հակոբյանն ու մանրամասնեց․- «Եվ եթե հարցնում եք՝ ինչո՞վ է վատ, օրինակ, մադրիդյան փաստաթղթից, մադրիդյան փաստաթղթի՝ 14-կետանոց, առաջին կետում հստակ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է նրա բնակչության կամարտահայտության՝ պլեբեսցիտի միջոցով, և ապա խոսք է գնում, իհարկե, մյուս կարևոր հինգ-վեց կետերի մասին: Ահա այստեղ է տեղի ունեցել փոփոխություն, այսինքն՝ հանրաքվեի հարցը, պլեբեսցիտի հարցը կամ կամարտահայտության հարցը՝ ինչ բառ ուզում եք օգտագործեք, մղվել է հետին պլան»:

Վերլուծաբանին զարմացնում է, որ «պաշտոնական Երևանն ասում է՝ ինչ-որ մեխանիզմներ են քննարկվում, երբ որ եթե մենք վերցնենք արտահոսքերը և կառուցենք էսպես էն, ինչ որ քննարկվում է, մենք անգամ կարող ենք դետալների մասին խոսել»:

Թե ինչո՞ւ է նման փոփոխություն տեղի ունեցել ի վնաս Հայաստանի՝ այս կապակցությամբ Հակոբյանը ասաց․ – «Որովհետև փաստաթուղթը մերժել էր Կազանում 2011 թվականին Իլհամ Ալիևը՝ դուռը շրխկացնելով դուրս էր եկել, վերադարձել Բաքու, և հիմա ռուսները ուզում են լուծում բերել կամ լուծում պարտադրել, և, բնականաբար, պետք է որոշակի փոփոխություններ արվեր ի վնաս արդեն հայկական կողմի կամ հայկական կողմերի»:

«Սա առաջին անգամ չի, երբ որ ռուսները լավություն են անում թուրքերին կամ ադրբեջանցիներին հայերի հաշվին», – շեշտեց վերլուծաբանը:

Ռուզաննա Ստեփանյան
Ազատություն ռադիոկայան, http://www.azatutyun.am/a/27855766.html