Նահանջի տեղ չկա՝ Դովեղի սահմանագիծ. տեսանյութ և տեքստ

1369

ՍիվիլՆեթի բացառիկ կադրերը սահմանագծից, որոնք արվել են 2014-ի օգոստոսին, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյանի հատվածում փաստացի պատերազմական իրավիճակ էր. լրագրող Թաթուլ Հակոբյանի ու օպերատոր Սարգիս Խարազյանի ռեպորտաժը Տավուշի սահմանային Դովեղ գյուղից է: Դովեղից այն կողմ ադրբեջանական Քեմերլի գյուղն է, որտեղ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի հենակետերն ու գումարտակը:

Դովեղ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

Այսօրվա Դովեղ գյուղի (Նոյեմբերյանի շրջան, Տավուշի մարզ)  բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 201 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Դովեղը հարևան ադրբեջանցիները անվանել են Բալաքենդ, այսինքն՝ փոքր շեն:

Դովեղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 201 հոգի

1897 թվական – 351 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 458 հոգի

1919 թվական – 380 հոգի

1922 թվական – 319 հոգի

1926 թվական – 370 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 438 հոգի

Բնակչության աճը շարունակվել է խորհրդային տարիներին.

1939 թվական – 506 հոգի

1959 թվական – 514 հոգի

1970 թվական – 525 հոգի

1979 թվական – 576 հոգի

1989 թվական – 642 հոգի

2001 թվականի մարդահամարի տվյալներով Դովեղի բնակչությունը եղել է 602 հոգի: Իրականում այսօր գյուղում բնակվում է 500-ից պակաս մարդ:

         Պատմական

Դովեղը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Դովեղը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Դովեղը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան/Ղոշղոթան, Կոթի, Բարեկամավան/Դոստլու և Ոսկեպար գյուղերը Իջևանի, իսկ մյուս գյուղերը՝ այդ թվում Դովեղը, Ալավերդու շրջանին էին պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան: