Արցախ. բարդ ընտրություն

2045

Ծանոթ. – Այս տարվա ապրիլի 13-ին ԱՆԻ կենտրոնը ամբողջապես, առաջին անգամ գաղտնազերծեց Մադրիդյան փաստաթուղթը (հայերեն՝ https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/, ռուսերեն՝ https://www.aniarc.am/2016/04/12/madrid-document-full-russian/, անգլերեն՝ https://www.aniarc.am/2016/04/11/madrid-principles-full-text/ )

Հունիս 23-ին ԱՆԻ կենտրոնը հայերենով առաջին անգամ հրապարակեց Մադրիդյան փաստաթղթից ածանցյալ Կազանի առաջարկությունը (https://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/ )՝ աշխատանքային տարբերակը, որը 2011-ի հունիսին մերժել էր Իլհամ Ալիևը:

Tatul_62716

Կազանի փաստաթղթում Ադրբեջանի համար անընդունելի հիմնական կետերը

Այսօր ԱՆԻ-ն ներկայացնում է այն հիմնական առարկությունները (Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ Բաքուն ներկայացրել է միանգամից 10 առարկություն), որ ունեցել է Ադրբեջանը Կազանում 2011-ի հունիսին՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում:

Առաջին

Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձկարգավիճակի հստակեցում բանաձևին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է, թեկուզ ձևական, մնա Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրությունը: Եթե Ադրբեջանը համաձայնություն տա Կազանի առաջարկներին, ապա նախ պետք է փոխի երկրի սահմանադրությունը, քանի որ, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը նշանակում է Արցախի անկախություն: Ադրբեջանի այսօրվա սահմանադրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարվում:

Այսպիսով, Բաքվի համար անընդունելի է Մադրիդյան փաստաթղթի կամ դրանից ածանցյալ Կազանի առաջարկի այն ձևակերպմանը, ըստ որի հանրաքվեի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Մադրիդյան փաստաթղթում հանրաքվեի մասին կետը ձևակերպված է այսպես. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Երկրորդ

Ադրբեջանը համաձայն չէ միմյանց հետ կապել հանրաքվեի անցկացում/Քարվաճառի (Քելբաջարի) վերադարձ ժամանակացույցը, ավելի պարզ՝ Բաքուն չի ցանկանում  Լեռնային Ղարաբաղում ապագայում անցկացվելիք քվեարկության համար նշել հստակ ժամանակահատված: Մինչդեռ եթե չի նշվում քվեարկության ժամանակը, ապա Մադրիդյան և նրանից ածանցյալ Կազանի առաջարկությունը դառնում է փուլային լուծում, ընդ որում՝ շատ ավելի վատ Հայաստանի և Արցախի համար, քան 1997-ի փուլայինն էր:

Ո՛չ Մադրիդյան, ո՛չ Կազանի առաջարկներում, որոնք սկզբունքներ են, հանրաքվեի անցկացում/Քարվաճառի (Քելբաջարի վերադարձ) ժամանակացույցի մասին հիշատակություն չկա, սակայն բանակցությունների ընթացքում դա ամենից շատ քննարկվող և վիճելի կետերից է: Հայկական կողմը պատրաստ էր քննարկել Քելբաջարի վերադարձը Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեին զուգահեռ կամ դրանից հետո:

Մադրիդյան փաստաթղթում Քարվաճառի (Քելբաջարի) հատվածը ձևակերպված է այսպես. «Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը` մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շրջանը գտնվելու է  Միջազգային անցումային  հանձնաժողովի մշտադիտարկման տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է: Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց»:

Երրորդ

Ադրբեջանը համաձայն չէ, որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը ունենա իրավական նույն կարգավիճակը, ինչ ունենալու է Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի անցկացումից հետո: Բաքուն պատրաստ է այդ միջանցքը ժամանակավորապես, ասենք՝ 99 տարով, տրամադրել ԵԱՀԿ-ի տնօրինմանը:

Մադրիդյան փաստաթղթում Բերձորի (Լաչինի) միջանցքի մասին կետը ձևակերպված է այսպես. «Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Չորրորդ

Ադրբեջանի համար «Լաչինի միջանցք»-ը ավելի շատ նշանակում է ճանապարհ, մինչդեռ Հայաստանի և Արցախի համար դա պետք է լինի իրական միջանցք առնվազն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ: Բանակցությունների բոլոր փուլերում Բերձորի (Լաչինի) միջանցքի լայնության հարցը եղել է և մնում է վիճելի խնդիրներից:

Բացի վերոնշյալ չորս կետերը՝ Ադրբեջանը Կազանում ներկայացրել է այլ առարկություներ ևս, որոնց պատճառով բանակցությունները մտել են խորը փակուղի:

326928_original

Պուտինի պլանը՝ տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց

Այսօր՝ Կազանյան փակուղուց հինգ տարի և Ապրիլյան պատերազմից ամիսների անց, կրկին Ռուսաստանի միջնորդությամբ, ղարաբաղյան բանակցություններում նկատվում է զգալի ակտիվացում: Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներին զուգահեռ  իրականացնում են միջնորդական առաքելություն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը դիվանագիտական տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին:

Ղարաբաղյան կարգավորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.

առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,

երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:

Մեր տեղեկություններով՝ Մադրիդյան փաստաթղթում և նրանից ածանցյալ Կազանյան առաջարկներում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը դուրս չի մնացել փաթեթից, սակայն հանրաքվեի, պլեբեսցիտի կամ կամարտահայտություն անցկացումը թողնվում է անորոշ ապագայի:

Հայաստանը չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մոտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկյալ ավելի ամուր կարգավիճակ, քան ամրագրված է Մադրիդյան փաստաթղթում:

Բացի այդ, Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացության են տրվում Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձի մասին ձևակերպումները:

Թաթուլ Հակոբյան