Ղարաբաղյան թեման լռության կարիք ունի․ Լավրովը հուլիսի 4-ին կժամանի Երևան

1196

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում, դրա շուրջ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները, հունիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին։

«Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարկային հռետորաբանությամբ, այն հարկ է պահպանել՝ իրացնելու հստակ քայլերի ընթացքում։ Կան թեմաներ, որոնք լռություն են պահանջում, քանի որ այստեղ պետք է գործեն դիվանագետներն ու փորձագետները»,- ըստ ՏԱՍՍ-ի ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ հասկանում է լրատվամիջոցների հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, սակայն նշել է, որ «տարբերություն կա տեղեկացնելու և հանրային տարածությունը ուժերը չափելու նպատակով օգտագործելու մեջ»։

«Կարևոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեղափոխվի կոնկրետ իրական հարթություն»,- ասել է Զախարովան։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, ասել է Զախարովան։

«Հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Այն տեղի կունենա Երևանում։ Արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ աշխարհում ստեղծվող իրադրության համատեքստում»,- ասել է նա։