Կարգավորման բանակցային գործընթացը. Թաթուլ Հակոբյանի հոդվածը «Անալիտիկոն» հանդեսում

6201

54a6922deca67_medium
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրող
Երևան

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը Խորհրդային Միության մաս էին կազմում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցով նրանք դիմում էին Կրեմլ: 1992-ին, երբ արդեն աշխարհի քարտեզի վրա չկար Խորհրդային Միությունը, Արցախյան հարցը միջազգայնացվեց: Առաջինը ԵԱՀԿ-ն էր, որ 1992-ի մարտի 24-ին ընդունեց փաստաթուղթ, որում ասվում էր, որ կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի “ընտրված և այլ ներկայացուցիչները”: “Ընտրված” անվան տակ նկատի էր առնվում 1991-ի դեկտեմբերի վերջերին Արցախում ընտրությունների ճանապարհով ձևավորված խորհրդարանը: “Այլ”-ը, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն էին, որոնք հանդես էին գալիս ի դեմս Շուշի քաղաքի իշխանությունների: 1991-ի աշնանը խաղաղարար նախաձեռնություն էին սկսել Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները: Սեպտեմբերի 24-ին ռուսական Ժելեզնովոդսկ քաղաքում ստորագրվեց համատեղ հուշագիր: Նոր-նոր սկսվող ռազմական առճակատումից խուսափելու այդ փորձը ձախողվեց:

1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Եվ՛ ԵԱՀԿ-ի ու նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի, և՛ Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը, ինչը հաջողվեց 1994-ի մայիսին`Մոսկվայի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում ԼՂ-ն հրաժարվում էր բանակցություններին մասնակցելուց, քանի որ նախ՝ չէր հստակեցվում նրա կարգավիճակը, երկրորդ` “ղարաբաղյան կողմ” անվան տակ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը համարում էին “ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքները”: Երևանի հորդորներից հետո Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում:

Մայիսյան հրադադարից հետո մինչև Լիսաբոն բանակցությունները եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի պատվիրակության կազմում բանակցություններին մշտապես ներկա էր լինում նաև Շուշիի նախկին քաղաքապետը: Այդ բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվում էին հակամարտության հետևանքների վերացման հարցերը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ: Արցախի իրավական կարգավիճակի հարցը, որ հակամարտության անկյունաքարն է, խորությամբ չէր քննարկվում:

Բանակցությունների սեղանի շուրջ վիճում էին մի կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` Ադրբեջանը: Երբեմն միմյանց հետ վիճում էին միջնորդ կազմակերպություններն ու պետությունները: Հիմնական հակասությունը Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջև էր: Ռուսաստանը ոչ միայն Մինսկի խմբի կազմում էր մասնակցում բանակցություններին, այլ իրականացնում էր առանձին նախաձեռնություններ, ընդ որում՝ երկու ուղղություններով (արտգործնախարարության և պաշտպանության նախարարության), առաջ բերելով Արևմուտքի դժգոհությունը:

1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, Ռուսաստանը և Արևմուտքը միասնական դիրքորոշում որդեգրեցին և պաշտպանեցին կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: ԼՂ կարգավորման հարցում ներկայացվեց երեք կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Արցախի բարձր ինքնավարությունը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում օգտվեց վետոյի իրավունքից՝ իր ելույթում ընդգծելով. “Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է”։

1997թ. գարնանը Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը: Հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի Լիսաբոնյան սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություններ տեղի չեն ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:

1997-ի ամռանը և աշնանը Մինսկի խումբը հակամարտության երեք կողմերին պաշտոնապես, գրավոր ներկայացրեց երկու առաջարկներ, որոնցից առաջինը ընդունված է անվանել փաթեթային, երկրորդը` փուլային: Փաթեթային առաջարկը, որը մերժեց Ստեփանակերտը, հիմնված էր Լիսաբոնյան սկզբունքների վրա: Միջնորդների կազմած փաստաթուղթը ենթադրում էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա բարձր ինքնավարություն, իսկ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները, բացի Լաչինից, վերադարձվեն Ադրբեջանին:

Ստեփանակերտը մերժեց նաև երկրորդ առաջարկը` փուլայինը, որը ԼՂ կարգավիճակի հարցը թողնում էր ապագային, իսկ առաջին փուլում վերացվում են պատերազմի հետևանքները: Ադրբեջանն ընդունելի համարեց այդ տարբերակը ևս: Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմի մի մասը հակված էին որպես բանակցությունների հիմք ընդունել փուլայինը, որի իրականացման դեպքում Ադրբեջանը հետ էր ստանում վեց շրջան, բացի Լաչինից:

1998-ի վերջերին Մինսկի խումբը ներկայացրեց պաշտոնական, գրավոր նոր առաջարկներ, որոնք ընդունված է անվանել “Ընդհանուր պետություն”: Այս անգամ Երևանը որոշ, Ստեփանակերտը` լուրջ վերապահումներով ընդունեցին այն որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Բաքուն մերժեց:

Ընդհանուր պետության առաջարկությունը հակամարտության հետևանքների վերացման հարցում գրեթե չէր տարբերվում նախորդ երկու փաստաթղթերից: Հիմնական տարբերությունը վերաբերում էր ԼՂ կարգավիճակին: Ներկայացված առաջարկության հենց սկզբում ասվում էր, որ “Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում”: Հեյդար Ալիևը հայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ, փաստացի, Ադրբեջանի կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, և Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա:

1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններին: Նախագահների մակարդակով երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել նաև անցյալում. Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Այազ Մութալիբովի, Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ` Հեյդար Ալիևի հետ:

Քոչարյան-Ալիև բազմաթիվ հանդիպումների արդյունքում 2001-ի գարնանը ծնվեց ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որը կրում էր “Քիվեսթյան” անունը: Ինչպես 1998-ի ընդհանուր պետությունը, Քիվեսթյանը ևս մերժեց Ադրբեջանը: Այդ փաստաթուղթը, ի տարբերություն նախորդ երեքի, չի հրապարակվել: Հայտնի է, որ այն մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման փլիսոփայության վրա: Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը, որպես փոխհատուցում, ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն` “սուվերեն անցում” Մեղրիի շրջանով:

2004-ից սկսվեց բանակցությունների նոր փուլ, որն ընդունված է անվանել Պրահյան գործընթաց: Թվում էր, թե կողմերը 2006-ին Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները փակուղի մտան Քարվաճառը վերադարձնելու և ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու ժամկետների համաձայնեցման անհնարինության պատճառով: Պրահյան գործընթացի հիմնական նորամուծությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, որը ենթադրում էր հետևյալը. ղարաբաղյան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից, իսկ Քարվաճառի վերադարձը կապվում էր ԼՂ-ում սպասվելիք հանրաքվեի ժամկետների հետ: Քանի դեռ հանրաքվե չի կայացել ԼՂ-ում՝ Քարվաճառը մնալու էր հայկական ու միջազգային համատեղ հսկողության տակ: Վիճելի էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:

2007-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մադրիդի նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի եռանախագահությունը ներկայացնող ավագ դիվանագետները Երևանին ու Բաքվին փոխանցեցին 14 կետանոց շրջանակային մի փաստաթուղթ, որը ևս հիմնված էր հետաձգված հանրաքվեի (պլեբեսցիտ) փիլիսոփայության վրա: Այդ փաստաթուղթը Հայաստանը և Ադրբեջանը ոչ մերժեցին, ոչ էլ ընդունեցին:

Հայաստանում 2008-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր իշխանությունը որպես հիմք ընդունելի համարեց բանակցությունները շարունակել հենց Մադրիդյան սկզբունքների հենքով: Նույն տարվա նոյեմբերի 2-ին Ռուսաստանի միջնորդությամբ և նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Մայենդորֆյան 5-կետանոց հռչակագիրը: Հակամարտության կարգավորման պատմության ընթացքում` սկսած 1994-ի մայիսյան հրադադարից, սա առաջին փաստաթուղթն է, որտեղ բացակայում էր հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

2008-ից մինչև այսօր միջնորդները Մադրիդյան փաստաթուղթը պահել են սեղանին, սակայն կողմերից մեկի, մյուսի կամ երրորդի համար անընդունելի է եղել այդ փաթեթը՝ կախված նրանից, թե “նորացված, թարմացված” տարբերակում ինչպիսի դետալ է փոխվել: Մադրիդյան փաստաթղթում սատանան հենց մանրամասների մեջ է:

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի «Ազդակ» օրաթերթի Երևանի թղթակիցն է, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դասախոս և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող: Նա հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ եւ սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի

Լուսանկարում՝ ձախից աջ. Լեոնարդ Պետրոսյան, Բորիս Ելցին, Նուրսուլթան Նազարբաև, 22 սեպտեմբեր, 1991թ., Ստեփանակերտ