Ս. Փեթերսպուրկ. Փութինը Լուծո՞ւմ Է Պարտադրելու

869

Յունիսի 20-ին Ս. Փեթերսպուրկում Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ նախատեսուած է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպում: Ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ սա Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ երկրորդ հանդիպումն է եւ առաջինը` Փութինի նախաձեռնութեամբ: Մայիսի 16-ին Վիեննայում Սարգսեանը եւ Ալիեւը հանդիպել էին ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարների մասնակցութեամբ:

Ուշագրաւ է, որ Փութինը նախագահների հանդիպում կազմակերպում է ԵԱՀԿ-ից անկախ: ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատուներից Նաթաշա Ռաճաքովիչը յայտարարել է. «ԵԱՀԿ»-ն ներգրաւուած չէ Ղարաբաղի հարցով Ս. Փեթերսպուրկում կազմակերպուող հանդիպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով մենք տեղեակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնութեամբ: Դուք պէտք է ձեր հարցերը ռուսաստանեան իշխանութիւններին ուղղէք»:

Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ մայիսի կէսերին Վիեննայում կայացած հանդիպումից յետոյ Հայաստանի արտաքին գործերի նախարարը յայտարարեց, որ ղարաբաղեան կարգաւորումը ենթադրում է «փաթեթային կարգաւորում` փուլային իրականացմամբ»:

Աւելի պարզ` Հայաստանը դէմ չէ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման փուլային տարբերակին:

«Փուլային տարբերակ» կամ «փուլային իրականացում» նշանակում է հակամարտութեան կարգաւորման մեթոտաբանութիւն եւ ոչ` բովանդակութիւն, այսինքն` ամենավիճելի հարցերի լուծում փուլային եղանակով` փուլ առ փուլ` որոշակի յաջորդականութեամբ, ինչպէս օրինակ` 1997-ի աշնանը ԵԱՀԿ Մինսքի խմբի ներկայացրած առաջարկութիւնը:

Ղարաբաղեան կարգաւորման քազանեան փաստաթղթում, որն անուանւում է նաեւ Լաւրովի առաջարկութիւն, եւ որն այսօր փաստացի սեղանի վրայ է, ամենավիճելի հարցերը երկուսն են. տարածքների վերադարձ եւ հանրաքուէի անցկացում, աւելի ճիշդ` ինչպէ՞ս ներդաշնակեցնել տարածքների վերադարձը Լեռնային Ղարաբաղում ապագայում կայանալիք հանրաքուէի հետ:

Քազանի փաստաթղթում առանցքային կէտերն են.

Ա.- Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին յարակից բոլոր շրջաններից, բացառութեամբ Քարվաճառի եւ Լաչինի,

Բ.- Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի միջեւ տեղակայւում են խաղաղապահ ուժեր,

Գ.- Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ կարգավիճակ, այն է` տէ-ժիւրէ ամրագրւում է այսօրուայ տէ-ֆաքթօ իրավիճակը,

Դ.- Լեռնային Ղարաբաղը որոշակի պահի ստանում է կամարտայայտութեան, այն է` հանրաքուէ անցկացնելու իրաւունք, որի արդիւնքներն Ազրպէյճանն ընդունում է:

Հինգ տարի առաջ` 2011-ի յունիսին, Ռուսաստանի նախկին նախագահ Տմիթրի Մետվետեւի միջնորդութեամբ Քազանում կայացած բանակցութիւններում Ազրպէյճանը քննարկուող փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ ներկայացրեց, որի պատճառով բանակցութիւնները մտան խորը փակուղի:

Անցնող աշնանը Պաքու, ապա Երեւան այցելեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերկէյ Լաւրովի այցից յետոյ Քրեմլինի մօտ կանգնած ռուսական լրատուամիջոցները գրեցին, որ քննարկւում է կարգաւորման մի տարբերակ, ըստ որի` հայկական կողմը պէտք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին յարակից շրջանները, բացառութեամբ Լաչինի եւ գուցէ` մէկ այլ շրջանի, որից յետոյ շրջանում կը տեղակայուեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ:

Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացում խփել վերջին մեխը` առաջարկել կամ պարտադրել լուծում, մի լուծում, որը կը լինի ռուսական, եւ որից յետոյ Մոսկուայի դիրքերը Կովկասի տարածաշրջանում առնուազն չեն թուլանայ:

1994-1997 թթ. Ռուսաստանը առաջարկել է կարգաւորման մի քանի սեւագրեր, որոնցում յստակ են հետեւեալ հիմնական կէտերը` Լեռնային Ղարաբաղին յարակից մի քանի շրջաններ վերադարձւում են Ազրպէյճանին, տարածաշրջան են մտնում ռուս խաղաղապահներ` ԱՊՀ լիազօրութեամբ (ինչպէս եղաւ Աբխազիայում 1994-ին), իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի յստակեցւում:

Այսօր ղարաբաղեան բանակցութիւններում Ռուսաստանի աշխուժութիւնը ուղեկցւում է Երեւան-Մոսկուա նահանջ եւ Մոսկուա-Պաքու վերելք ապրող յարաբերութիւններով: Ռուսաստանը փորձում է Եւրասիական տնտեսական միութիւն բերել նաեւ Ազրպէյճանին, եւ դրա համար Պաքուին հրապուրում է Լեռնային Ղարաբաղին յարակից մի քանի շրջանների վերադարձի խոստումով:

Ընդհանրապէս, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ամէնից վտանգաւորը Մոսկուա-Պաքու մերձեցումն է, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:

Այսօր Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է Ազրպէյճանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի յարակից շրջանների մեծ մասը: Մոսկուա-Պաքու մերձեցումին եւ Ազրպէյճանի` ԵՏՄ-ին անդամակցելու խոստումներին զուգահեռ Ռուսաստանը կարող է Հայաստանին համոզել, ապա ճնշել եւ ինչու ոչ` պարտադրել:

Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի ողջ պատմութեան ընթացքում, որպէս չորս (կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, անվտանգութեան երաշխիքներ) հիմնական կէտերից մէկը միշտ էլ քննարկուել է տարածքների վերադարձի տարբերակը: Երեւանն ու Ստեփանակերտը այդ զիջմանը պատրաստ են եղել գնալու կամ հրապարակաւ յայտարարել են այդ մասին` պայմանով, որ նախ ամրագրուի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այն է` նուազագոյնը նրա վերադարձի անհնարինութիւնը Ազրպէյճանի կազմ:

Եթէ կարգաւորման ռուսական ծրագիրը ենթադրում է տարածքների վերադարձ` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման, ապա դա կարելի է որակել ղարաբաղեան կարգաւորման ռուսական վտանգ: Բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այն է` ինքնորոշման իրաւունքի ամրագրման, անթոյլատրելի է խօսել Ազրպէյճանին անգամ մէկ գիւղ զիջելու մասին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 20 Յունիսի, 2016թ.