Ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը Ապրիլյան պատերազմից հետո. Թբիլիսի

2015

Հունիսի 10-12-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Արցախյան հակամարտության հարցում մասնագիտացած հայ և ադրբեջանցի մասնակիցների հանդիպում, որը կազմակերպել էր բրիտանական “Հաշտեցման պաշարներ” (Conciliation Resourses) կազմակերպությունը:

Ադրբեջանական մասնակիցները, ինչպես նախկին հանդիպումների դեպքում, այս անգամ ևս  չցանկացան իրենց անունների հրապարակումը: Կազմակերպիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց թբիլիսյան հանդիպման մասին լրատվամիջոցներում հրապարակում ունենալու դեպքում չնշել մասնակիցների անունները:

Հարգելով այդ պայմանավորվածությունը, պետք է նշեմ, որ այդ քննարկումների մասնակիցներից մեկը եղել է տողերիս հեղինակը՝ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Նման քննարկումների ես մասնակցում եմ տարիներ ի վեր ինչպես EPNK-ի (The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh), այնպես էլ KCG-ի (Karabakh Contact Group) շրջանակներում: Բացի այդ, ես ներգրավված եմ Արցախյան շարժման, պատերազմի և բանակցային գործընթացի մասին երեք մասից կազմված փաստագրական ֆիլմի ստեղծման  աշխատանքներում, որն իրականացվում է EPNK-ի շրջանակներում:

Թբիլիսյան այս հանդիպումը նպատակ ուներ քննարկել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ապրիլի 2-5-ն ընկած օրերին, ինչպե՞ս են քառօրյա այդ պատերազմը ընկալել արցախյան, հայաստանյան և ադրբեջանական կողմերը, ինչպե՞ս են ընկալել երրորդ կողմի՝ միջազգային հանրության խաղացողները, ի՞նչ է սպասվում առաջիկայում, ի՞նչ է հնարավոր անել խաղաղարարության ոլորտում՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը:

Քննարկումների մի բաժինը նվիրվեց Վրաստանի և Հարավային Օսիայի/Ռուսաստանի միջև 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմին: Այդ նպատակով քննարկմանը հրավիրվեցին երկու վրացի փորձագետներ, ովքեր ունեն համապատասխան փորձ:

Երկօրյա հանդիպումը օգտակար էր, քանի որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին հնարավոր եղավ տեղեկատվություն և կարծիք ստանալ ինչպես ադրբեջանական մասնակիցներից, այնպես էլ միջազգային համայնքի ներկայացուցիչներից:

Քննարկումները ընթանում էին բաց օրակարգով: Մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց տեսակետները, մտահոգությունները և վերլուծությունները: Մասնավորապես, իմ մի քանի կարճ խոսքերում անդրադարձա Ապրիլյան պատերազմի հիմնական պատճառներին, թե ի՞նչ հիմնական զսպիչ գործոններ կային, որոնք խոչընդոտում էին ռազմական գործողությունների վերսկսմանը: Անդրադարձա այն միֆերին, որոնք կային մինչև Ապրիլյան պատերազմը, ինչպես նաև այն դասերին, որ պետք է քաղել:

Քննարկումներին անդրադարձ եղավ Ռուսաստանի դերակատարությանը Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Հանդիպմանը ներկա էին մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ադրբեջանից, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայից և Միացյալ Նահանգներից: Մասնավորապես, այս հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահներից մեկը:

Թաթուլ Հակոբյան

Թբիլիսի