Բեյրութից՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկոյից՝ Լաս Վեգաս. իմ հանդիպումները Լիբանանում և Միացյալ Նահանգներում

2097

Շուրջ երեք շաբաթ՝ մայիսի 17-ից հունիսի 6-ը, անցկացրի Լիբանանում և Միացյալ Նահանգներում՝ Արևմտյան ափին: Հինգ դասախոսություն-հանդիպում-քննարկում-զրույցների ընթացքում նկարագրեցի իրավիճակը Արցախում, խոսեցի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերների շուրջ, ինչպես նաև ներկայացրեցի իմ հեղինակած գրքերն ու Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի վերջին հրատարակությունները:

13281817_1018181694884249_895106594_n

Առաջին կանգառը Բեյրութն էր: Քանի որ Երևան-Բեյրութ օդանավի տոմսերը (թռիչքի տևողությունը երկու ժամից պակաս է, երկու ուղղությամբ տոմսի գինը՝ 500 դոլար և ավելի) չափազանց թանկ են, Լիբանանի մայրաքաղաք հասա Դոհայի ճանապարհով՝ Երևան-Դոհա-Բեյրութ (թռիչքի տևողությունը 6 ժամ, երկու ուղղությամբ տոմսի գինը՝ 380 դոլար)՝ վայելելով «Քաթար էյրվեյզի» թեթև թռիչքն ու բարձրորակ սպասարկումը:

27077265335_96bec7bc99_o

Բեյրութում

«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կազմակերպված միջոցառումը մարդաշատ էր: Նախ ցուցադրեցի ՍիվիլՆեթի նկարահանված կադրերով Արցախյան չորսօրյա պատերազմի մասին ռեժիսոր Հակոբ Մանուկյանի պատրաստած ժապավենը, կարճ պատմեցի ռազմական գործողությունների, պատերազմական առասպելների ու քաղված դասերի, Ռուսաստանի դերակատարության մասին, ապա պատասխանեցի ներկաների բազմաթիվ հարցերին:

Թալիշ 5

Հունիսի 18-ի երեկոյան կազմակերպված Բեյրութի այս դասախոսությունը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլինեին «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի, Նելլի Աբրահամյանի, Էթիի ու Վահեի և օրաթեթրի մյուս աշխատակիցների  օժանդակությունը:

«Ռաֆիկ Հարիրիի» անվան օդանավակայանում և մզկիթում

Հանդիպումից անմիջապես հետո ուղևորվեցի «Ռաֆիկ Հարիրիի» անվան օդանավակայան, որպեսզի Ֆրանկֆուրտով հասնեմ Լոս Անջելես: Հոգնածությունը հաշվի առնելով, որոշեցի մեկ ժամ աչք կպցնել Բեյրութի օդանավակայանի փայտյա, չոր նստարաններից մեկին, մանավանդ, որ թռիչքից դեռ չորս ժամ կար: Տագնապած՝ աչքերս բացեցի օդանավակայանում հնչող Թաթուլ Հակոբյան ազգանունը լսելիս: Իմ աչք կպցնելը մոտ երեք ժամ էր տևել: Շփոթված և վազելով գտա իմ դարպասը (Gate): Սա իմ երեքշաբաթյա ճամփորդության ամենից տհաճ պահն էր, քանի որ ես կարող էի ավելի երկար քնած մնալ «Ռաֆիկ Հարիրիի» անվան օդանավակայանի փայտյա, չոր նստարանին:

3_n

Բեյրութից Ֆրանկֆուրտով Լոս Անջելես ճանապարհը անցա «Լուվթանզա»-ի հետ միասին՝ մոտ 15 ժամում: Գերմանական ավիաընկերության օդանավում ինձ անդադար հետապնդում էր օդանավակայանի չոր, փայտյա նստարանի քունը: Ես վերհիշեցի Բեյրութ իմ բազմաթիվ այցելություններից մի դեպք, որի մասին որևէ տեղ չեմ գրել: Ուրեմն, ամառային մի շոգ օր չափից շատ քայլել էի Բեյրութի կենտրոնական հատվածներում և իմ սիրելի Համրա փողոցում: Քաղաքի հենց սրտում գտնվող սուննի մզկիթի մոտակայքում էի, երբ զգացի, որ ոտքերս այլևս անզոր են տեղաշարժել իմ 70 կիլոգրամանոց մարմինը:

8

Առանց տատանվելու մտա մզկիթ: Ահռելի չափերով այս սրբավայրի հատակին փռված հաստ ու փափուկ գորգերը ուղղակի ձգում են հոգնած մարդուն՝ մի պահ մոռացնել տալով իր հավատը: Կոշիկներս հանել էի մինչև մզկիթ մտնելը, որովհետև մզկիթ պարտավոր ես ոտաբոբիկ մտնել: Հարյուրավոր Ղուրաններ էին շարված: Վերցրեցի մեկը, փռվեցի մզկիթի մի անկյունում, սկսեցի թերթել: Մի քանի հավատացյալ մահմեդականներ չոքել էին Ղուրանի առաջ: Ես էլ էի չոքել, քանի որ հոգնածության պատճառով այլևս անկարող էի ոտքի վրա կանգնել: Հոգնածությունն ու քունը շուտ հաղթեցին ինձ: Շատ անուշ էի քնել և, ի տարբերություն օդանավակայանի փայտյա չոր նստարանի, այս մզկիթում իմ տակ գորգ էր, փափուկ գորգ: Ես որևէ տեղ չէի շտապում, որևէ օդանավից չէի ուշանում: Ամեն անգամ այս մզկիթի մոտով անցնելիս միանգամից հիշում եմ իմ անուշ քունը, ինչպես կհիշեմ չոր նստարանի քունը, երբ լինեմ Բեյրութի օդանավակայանում:

13220016_1018180188217733_243348213_n

Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում իմ առաջին դասախոություն-հանդիպում-զրույցը տեղի ունեցավ մայիսի 26-ի երեկոյան՝ Ազգային Առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում՝ Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսյանի հովանավորությամբ և ներկայությամբ, կազմակերպությամբ Համազգայինի Շրջանային վարչության և «Ասպարեզ» օրաթերթի:

1

Այս հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլինեին ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր Աբո Պողիկյանի ջանքերը: Իմ այս դասախոսությանը շուրջ 150 մարդ էր ներկա, այդ թվում՝ Հարութ Սասունյանը, Վաչե Բրուտյանը, Վիգեն Հովսեփյանը, Միրո Խանզադյանը և ինձ ծանոթ ու հարազատ բազմաթիվ ամերիկահայեր: Դասախոսության ավարտին Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսյանը ինձ Հայոց ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող հուշանվեր նվիրեց:

0

Հաջորդ օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, ինձ հյուրընկալեց «Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակ»-ը: Հանդիպումը նախաձեռնել ու կազմակերպել էր գրասենյակի տնօրեն Էդգար Մարտիրոսյանը։ Այստեղ ես ծանոթացա հաջողակ և պայծառ հայ երիտասարդության՝ նաև Հայաստանից: Զրույց-քննարկումը նախատեսվածից երկար շարունակվեց: Այս, այնպես էլ իմ մյուս հանդիպումներում, Արցախից բացի քննարկման թեմա էին դառնում նաև Հայաստանի ներքին խնդիրները՝ կոռուպցիան, անարդարությունները, ընտրություններ կեղծելը:

«Հորիզոն»-ում. Բալաբեկ Բարսամյանի եւ Թաթուլ Հակոբյանի զրույցը

Լոս Անջելեսում անցկացրած շուրջ երկու շաբաթվա ընթացքում ես ունեցա մի շարք այլ հանդիպումներ: «Հորիզոն» հեռուստաընկերությունում հարցազրույց ունեցա Բալաբեկ Բարսամյանի հետ:

Հետաքրքրական հանդիպում-զրույց ունեցա Աբո Պողիկյանի հետ առանձին, ապա ևս մեկ անգամ՝ նրա ու ՀՅԴ նշանավոր գործիչներից Վիգեն Հովսեփյանի հետ միասին:

5

Երկու հաճելի երեկոներ անցկացրի Ռիչարդ Օհանյանի և Մուշեղ Մուրադյանի հյուրընկալ ընտանիքներում:

Ինձ համար չափազանց հաճելի էին այն օրերը, որ ես անցկացրի Արտյոմ Խաչիկյանի ընտանիքի՝ Ալլայի, Սյուզիի, Թոմմիի, Դանիի և Լյուսիի հետ:

Լոս Անջելեսում ինձ օգտակար եղան լուսանկարիչ Արսեն Հովհաննիսյանը և բազմաթիվ այլ ընկերներ ու բարեկամներ:

13342140_10156977884120504_1335427214_n

Սան Ֆրանցիսկոյում

13310630_1144614212235789_8993079769830158283_n

Մայիսի 30-ի երեկոյան կայացած Սան Ֆրանցիսկոյի հանդիպումը կազմակերպել էին The Armenian Unconference – Northern California-ն և Google-ի աշխատակիցներից Հովիկ Մանուչարյանը: Այդ զրույց-քննարկումը կազմակերպելուն օժանդակել էին Եղիսաբեթ Չուլջյանն ու Էմիլ Սանամյանը Վաշինգտոնից: Թեև ժամանակը կարճ էր, սակայն դասախոսությունից բացի ես հնարավորություն ունեցա ծանոթանալ Սան Ֆրանցիսկոյի հետ, այցելել մի քանի տեսարժան վայրեր:

unnamed-1

Լաս Վեգասում

Միացյալ Նահանգներում գտնվելու վերջին օրերին ինձ Լաս Վեգաս հրավիրեց այդ քաղաքում Հայաստանի Պատվո հյուպատոս Ատրուշան Արմենյանը: Եթե անգամ խաղամոլ չես, ապա առիթը չպետք է բաց թողնես այցելեու կազինոների մայրաքաղաք՝ կառուցված անապատում:

Բըրբենքի օդանավակայանից թռիչքը Լաս Վեգաս մեկ ժամից պակաս է: Օդանավակայանում դիմավորեց, քաղաքին ծանոթացրեց և հյուրընկալեց պարոն Արմենյանը:

Հունիսի 2-ի երեկոյան Լաս Վեգասի St. Garabed Armenian Church & Cultural Center-ում կայացավ իմ վերջին դասախոսությունը:

unnamed

Չիկագոն՝ հաջորդ անգամ

Լոս Անջելեսում գտնվելու օրերին ինձ հետ կապվեց «Բարև» ամսագրի խմբագիր Միսակ Գալյանը և դասախոսություն կարդալու համար հրավիրեց Չիկագո: Պայմանավորվեցինք, որ Չիկագոյում նման հանդիպում տեղի կունենա իմ՝ Միացյալ Նահանգների Արևելյան ափ դասախոսությունների շրջանակում՝ առաջիկա սեպտեմբերին:

Կրկին՝ Բեյրութ

Միացյալ Նահանգներից Ֆրանկֆուրտով կրկին վերադարձա Բեյրութ՝ իմ սիրելի քաղաքում անցկացնելով երկու գիշեր: Ինչպես միշտ, Բեյրութի իմ կեցավայրը Անթիլիասի մայրավանքն էր, որի համար շնորհակալություն պիտի հայտնեմ իմ բարեկամ Խաչիկ Դեդեյանին: Երևան վերադարձա Դոհայի ճանապարհով:

 

Թաթուլ Հակոբյան