Այսպէս Ծնուեց Հայաստանի Հանրապետութիւնը. 1918-ի Մայիս

1360

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1918-ի մայիսը, թուում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին ամիսն է: Oսմանեան զօրամասերը, անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմետականները` թուրքերը, թաթարները, քրտերը: 1918-ի մայիսին Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատուել էր թշնամիներով:

«Կարինի ու Սարիղամիշի, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր Երեւանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ», գրում է Սիմոն Վրացեանը: Դիմադրութիւնը շատերին թւում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհը դէպի Վրաստան փակ էր, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջեւանը մահմետականների ձեռքում էր: Բաց էին միայն արեւմուտքից ու հիւսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զօրքերը` գրաւելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին:

Հայկական կորպուսի հրամանատարութիւնը նախընտրում էր Երեւանը առանց կռուի թողնել թուրքերին եւ պաշտպանութիւն կազմակերպել Սեւանայ լճի ափին: Երեւանի նահանգի ղեկավարութիւնը Արամ Մանուկեանի ու զօրահրամանատար Դրաստամատ Կանայեանի` Դրոյի գլխաւորութեամբ, հայ ժողովրդի այս ամենատագնապալի պահին այլ որոշում կայացրին. թուրքերի առաջընթացը կանխել Արարատեան դաշտավայրում: Արամ Մանուկեանի դիմումը երեւանցիներին շատ կարճ էր, պարզ ու հասկանալի. «Մենակ ենք ու պիտի ապաւինենք միայն մեր ուժերին»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ Ե. Սուրէնեանցը դիմում է հայ ժողովրդին. «Թուրքը` մեր արնախում ոսոխը, նուաճել է Ալեքսանդրապոլը, շարժւում է դէպի սիրտը մեր երկրի, մեր հաւատի` մեր կենսագրութեան, գալիս է Էջմիածնի վրայ: Մեր զօրապետները Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը եւ ապաստանել Բիւրականում: Ո՛չ եւ ո՛չ, հազա՛ր անգամ ոչ, ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիների աւանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանայ Հայոց առաքելական օճախից: Եթէ հայոց զինուորութիւնն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանայ թշնամու յառաջխաղացումը կասեցնել, եթէ ի զօրու չեն փրկելու մեր սրբութիւնները, ապա թող ես նահատակուեմ հէնց այստեղ, շեմի վրայ Մայր Աթոռի, որի գահակալի պատիւը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխօսութեամբ եւ Աստծոյ ողորմածութեամբ»:

Երեւանեան զօրամասի հրամանատար, զօրավար Մովսէս Սիլիկեանը յատուկ կոչով յորդորում է ամէն մի հայ տղամարդու` յանուն հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, գործի դնել իր վերջին ճիգը` հարուածելու թշնամուն, որն ուզում է ստրկացնել ու ոչնչացնել բազմաչարչար հայ ազգը:

Թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր տեղի էր ունեցել հետեւեալ պայմաններում: Հայկական հողերը բաժանուած էին ցարական Ռուսաստանի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ, երբ 1917-ի փետրուարին Ռուսական կայսրութիւնում յեղափոխութիւնը գահընկէց էր արել Նիկոլայ Բ. ցարին եւ վերջ դրել Ռոմանովների 300-ամեայ հարստութեանը:

Պոլշեւիկեան կառավարութեան հրահանգով, մինչեւ 1917-ի վերջերը, պէտք էր ամբողջութեամբ դատարկուէր կովկասեան ռազմաճակատը: Ռուսական զօրքերը, թողնելով ռազմական գոյքի վիթխարի պահեստներ, սկսեցին լքել Արեւմտեան Հայաստանը եւ վերադառնալ տուն: Արդէն 1918-ի յունուարի վերջերին կովկասեան ճակատը հիմնականում դատարկուած էր ռուսական զօրքերից:

Մինչ Պրեսթ-Լիթովսքում շարունակւում էին բանակցութիւնները ռուս պոլշեւիկների ու գերմանացիների միջեւ, թուրքական ուժերը, խախտելով 1917-ի դեկտեմբերի Երզնկայի համաձայնագիրը, գրոհի էին անցել: Վեհիպ փաշան իր յարձակումը արդարացրել էր նրանով, թէ ինքը այդ քայլին դիմում է մահմետականների կեանքը հայերի գրոհներից փրկելու նպատակով: Մի քանի օրուայ կատաղի կռիւներից յետոյ հայկական զօրքերը դատարկեցին Երզնկան եւ հայ բնակչութեան հետ նահանջեցին դէպի Կարին, որտեղ բերդի պաշտպանութեան հրամանատար նշանակուեց զօրավար Անդրանիկը:

Հայերն ու վրացիները պատրաստ չէին ընդունելու Պրեստ-Լիթովսքի պայմանագրի պայմանները, այսինքն` հրաժարուել Կարսից, Արտահանից ու Պաթումից, եւ նպատակայարմար գտան Տրապիզոնում առանձին բանակցութիւններ վարել թուրքերի հետ: Եւ ահա, երբ հայերն ու վրացիները նոր էին սկսել բանակցութիւնները, լուր ստացուեց, որ Պրեստ-Լիթովսքում ստորագրուել է պայմանագիրը, եւ պոլշեւիկները զիջել են երեք նահանգները: Բացի այդ, Տրապիզոնի բանակցութիւնների ողջ ընթացքում թուրքերը Վեհիպ փաշայի հրամանատարութեամբ յարձակւում էին դէպի Վրաստան եւ Հայաստան:

Թուրքերը ներկայացնում են վերջնագիր` անյապաղ ընդունել Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը, ապա բանակցութիւններին պաշտօնական բնոյթ տալու նպատակով պահանջում են Անդրկովկասն անկախ յայտարարել: Յովհաննէս Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսեանը Անդրկովկասեան Սեյմի դաշնակցական ֆրակցիային տեղեկացնում են, որ թուրքերի պայմաններն ընդունելը կը լինի չարեաց փոքրագոյնը: Այս կարծիքին էր նաեւ վրացի մենշեւիկ Ակակի Չխենկելին: Հասկանալով, որ պարտութիւնը ռազմաճակատում անխուսափելի է, Չխենկելին համաձայնեց Պրեսթ-Լիթովսքի պայմաններին եւ այդ մասին յայտնեց թուրք բանակցողին: Նա փորձեց համոզել վրաց քաղաքական ուժերին, որպէսզի նրանք էլ հաւանութիւն տան իր ինքնագլուխ քայլին` բացատրելով, որ միայն այդ դէպքում է հնարաւոր փրկել Պաթումը: Սակայն Սեյմում վրացիներն ու հայերը լսել անգամ չէին ուզում:

Դաշնակցութեան ներկայացուցիչ Մարտիրոս Յարութիւնեանը վճռականօրէն դէմ արտայայտուեց. «Մեզ համար զէնքից բացի ուրիշ փրկութիւն գոյութիւն չունի»: Սեյմը մերժեց թուրքերի վերջնագիրը եւ յետ կանչեց պատուիրակութեանը: Նրանք Չխենկելուն կարգադրեցին վերադառնալ Թիֆլիս: «Այսպիսով, հաշտութեան փոխարէն մենք Տրապիզոնից մեր երկրին տանում էինք պատերազմ», Հայաստանի Հանրապետութեան մասին իր գրքում գրել է Խատիսեանը:

Պատուիրակութեանը Տրապիզոնից յետ կանչելուց մի քանի ժամ անց թուրքերը գրաւեցին Պաթումը: Սեյմի վրացի անդամներն այլ ընտրութիւն չունեցան, քան կատարել օսմանեան պահանջներից եւս մէկը` Անդրկովկասը յայտարարել Ռուսաստանից անկախ:

Կարինից յետոյ արդէն ընկել էր Սարիղամիշը, երբ ՀՅԴ նախաձեռնութեամբ, ապրիլի 20-21-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցաւ խորհրդաժողով, որին մասնակցում էին հայ քաղաքական, կուսակցական, ռազմական ղեկավարները` զօրավար Թովմաս Նազարբէկեանը, Մովսէս Սիլիկեանը եւ Անդրանիկը, դաշնակցական առաջնորդներ Ռուբէնը, Նիկոլ Աղբալեանը, Աւետիս Ահարոնեանը, Դրոն, Սիմոն Վրացեանը, Վահան Փափազեանը, Յովհաննէս Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսեանը, ժողովրդական Միքայէլ Պապաջանեանը, անգամ պոլշեւիկ Պօղոս Մակինցեանը: Ի՞նչ անել: Որ՞ն է ընտրութիւնը: Կա՞յ ընտրութեան տարբերակ:

Մէկ օր անց արդէն Թիֆլիսում հայերն ու վրացիներն էին կանգնել անելանելի ընտրութեան առաջ: Քաջազնունին ներկայացնում է վիճակը եւ փորձում համոզել, որ ստեղծուած պայմաններում չարեաց փոքրագոյնն է Պրեսթ-Լիթովսքի հաշտութեան պայմաններն ընդունելը, այլապէս կը քայքայուի Անդրկովկասեան խախուտ դաշնութիւնը, եւ հայ ժողովուրդը կը յայտնուի թուրքերի դէմ մեն-մենակ: Սակայն ընդհանուր կարծիքն այն էր, որ պէտք է մերժել թուրքերի պայմանները եւ շարունակել պատերազմը:

1918թ. ապրիլի 22-ին վրաց մենշեւիկները, Սեյմի մահմետական խմբակցութիւնների աջակցութեամբ, առաջարկեցին հիմնադրել անկախ Անդրկովկասեան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետութիւն: Մէկ անգամ եւս հայերը կանգնեցին մղձաւանջային ընտրութիւն կատարելու անհրաժեշտութեան առջեւ:

Մեռելատան էր նմանւում այդ օրը Սեյմի դահլիճը, իր յուշերում գրում է Վրացեանը: Միայն հայերը չէին սգաւոր: Վրացիներն էլ լաւ չէին զգում իրենց: Տօնական տրամադրութիւն ունէին թաթարները: Մուսաւաթական խմբակցութիւնը իրեն զգում էր նոր փեսայի դերում: Իրական սգի մէջ էին հայերը: Սիրտ չկար խօսելու: Ի՞նչ խօսել. բոլոր խօսքերն արդէն ասուած էին:

Նրանց ապրումներն արտայայտեց Քաջազնունին: Յուզուած, մազերը ցրիւ, բարձրացաւ ամպիոն. «Պարոնա՛յք Սեյմի անդամներ, Դաշնակցութիւն խմբակցութիւնը, շատ պարզ գիտակցելով այն մեծ պատասխանատուութիւնը, որ առնում է իր վրայ այս պատմական վայրկեանին, միանում է ինքնուրոյն Անդրկովկասեան պետութեան յայտարարութեանը»:

Ակակի Չխենկելին պէտք էր ձեւաւորէր Անդրկովկասեան անկախ նոր կառավարութիւնը, սակայն դեռ վարչապետի պաշտօնում չհաստատուած եւ առանց Սեյմի կամ իր կառավարութեանը մաս կազմելուն հաւանութիւն տուած հայ գործիչների, ապրիլի 23-ի առաւօտեան հեռագրեց Վեհիպ փաշային, որում ընդունելի էր համարում Պրեսթ-Լիթովսկի պայմանագրի բոլոր կէտերը որպէս բանակցութիւնների հիմք, ինչպէս նաեւ հայկական կորպուսի հրամանատար Նազարբէկեանին կարգադրեց յանձնել Կարսը: Չխենկելին Վեհիպ փաշային առաջարկեց նաեւ բանակցութիւնները Տրապիզոնի փոխարէն անցկացնել Պաթումում, քանի որ իր համար, որպէս պետութեան ղեկավարի, ցանկալի է Թիֆլիսին հնարաւորին մօտ գտնուելը:

Երբ Չխենկելին Վեհիպ փաշային ուղարկած հեռագրում ընդունելի էր համարում Պրեսթ-Լիթովսկի պայմանագիրը, այսինքն` Կարսից, Արտահանից ու Պաթումից հրաժարումը, հայկական ուժերը կանգնած էին Կարս քաղաքից մի քանի տասնեակ քիլոմեթր դէպի արեւմուտք: Կարսի բերդի պաշտպանութեան համար մօտ վեց հազար հայազգի զինուոր կար, բացի այդ` բերդի  հրամանատար Տէեւի տրամադրութեան տակ կար մօտ հազար միաւոր հրանօթ եւ տարբեր տեսակի զէնքեր:

Վրացիները, առաջին հերթին Չխենկելին, համոզուած էր, որ պէտք է գնալ ամենամեծ զիջումների, որպէսզի հնարաւոր լինի շուտափոյթ խաղաղութիւնը: Անգամ պատերազմը շարունակելու կողմնակից վրաց մենշեւիկները յուսալքուեցին, երբ ապրիլի 14-ի երեկոյեան թուրքերը գրեթէ առանց դիմադրութեան մտան Պաթում եւ գերեցին երեք հազար զինուորների եւ վեց հարիւր սպաների:

Թուրքական ուժերի գործողութիւնները ռազմական զբօսանքի էին նմանւում նաեւ Կարսի ճակատում: Հազարաւոր հայեր խուճապահար փախչում էին դէպի Երեւանի նահանգ: Ապրիլի 25-ին օսմանեան երրորդ բանակը առանց կռուի մտաւ հայկական բերդաքաղաքը: Սակայն, հակառակ պայմանաւորուածութեան, թուրքական զօրքերը կանգ չառան, իսկ հայկական ուժերը կռուով նահանջեցին մինչեւ Ալեքսանդրապոլ: Ապրիլի 28-ին հայկական բանակը անցաւ Ախուրեանի ձախ ափը:

Ապրիլի 26-ին Սեյմը հաստատել էր կառավարութեան կազմը` Ակակի Չխենկելու գլխաւորութեամբ: Հէնց նա էլ Պաթումում շարունակեց Տրապիզոնում ընդհատուած բանակցութիւնները թուրքերի հետ: Նրա կառավարութիւնն արդէն պատրաստ էր ընդունել Պրեսթ-Լիթովսկի պայմանագրի բոլոր կէտերը:

Մայիսի 11-ին, խորհրդաժողովի բացման օրը, թուրք պատուիրակ Խալիլ պէյն ասաց, որ դա արդէն իրենց չի բաւարարում, քանի որ Տրապիզոնի խորհրդաժողովից յետոյ արիւն է թափուել: Այսպէս,  թուրքերը պահանջում էին նաեւ հայահոծ Ախալցխայի եւ Ախալքալաքի գաւառները, Երեւանի նահանգի արեւմտեան մասը, ներառեալ` Արաքս գետի հովիտը եւ երկաթուղին:

Պաթումի բանակցութիւնների ընթացքում թաթարները` այսօրուայ ազրպէյճանցիները, համագործակցում էին թուրքերի հետ: Բացի այդ, Պաթում էին գալիս մահմետական պատուիրակներ Պաքուից, Ելիզաւետպոլից, Ախալքալաքից, Ախալցխայից ու Կովկասի այլ վայրերից: Նրանք թուրքերին յորդորում եւ խնդրում էին իրենց փրկել կործանումից ու բնաջնջումից: Հայաշատ Ախալցխայից եւ Ախալքալաքից եկած մահմետական պատուիրակները յոյս ունէին, որ այդ շրջաններն եւս կը կցուեն Օսմանեան կայսրութեանը:

Հէնց Պաթումի բանակցութիւնների օրերին թուրքական զօրքերը ներխուժեցին Երեւանի նահանգ` մայիսի 15-ին գրաւելով Ալեքսանդրապոլը: Ինչպէս Կարսը, այնպէս էլ Ալեքսանդրապոլը, յանձնուեց գրեթէ առանց դիմադրութեան: Կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբէկեանը հայկական ուժերը Ալեքսանդրապոլից տեղափոխեց դէպի Ղարաքիլիսա:

Ալեքսանդրապոլի անկումից յետոյ հայկական զօրքերի մի մասը կռիւներով նահանջել էր Երեւանի ուղղութեամբ եւ մայիսի 19-ին հասել Սարդարապատ: 1917-ի դեկտեմբերին Երեւանի ազգային խորհուրդը Արամին ընտրել էր Երեւանի նահանգի ղեկավար: 1918 թ. վաղ գարնանը Երեւանի ազգաբնակչութիւնն ու զինուորականութիւնը Արամին յայտարարեցին դիկթաթոր եւ ամբողջ իշխանութիւնը կեդրոնացրին նրա ձեռքում: Ժամանակակիցները գրում են, որ  նրբանկատ Արամը կարողացաւ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամէնքին:

Արամի կազմակերպչական տաղանդի, Դրոյի անվեհերութեան, Գէորգ Ե. Սուրէնեանց Ամենայն Հայոց հայրապետի եւ զօրավար Մովսէս Սիլիկեանի կոչերի, բայց առաջին հերթին` Արարատեան դաշտավայրի գիւղացիութեան զոհողութեան շնորհիւ, հնարաւոր եղաւ թուրքական գրոհը կանգնեցնել Սարդարապատում, ապա Բաշապարանում: Թուրքերը ո՛չ միայն չկարողացան Սարդարապատից առաջ շարժուել, այլ տալով երեք հազարից աւելի զոհ, նահանջեց դէպի Ալեքսանդրապոլ:

Հայկական զօրքերը, ի տարբերութիւն Կարսի ու Ալեքսանդրապոլի, անձնազոհ կռիւ տուեցին Ղարաքիլիսայում: Արիւնահեղ կռիւներում ընկան շատ թուրքեր եւ հայեր: Նրանց մէջ էր նաեւ Հայաստանի Հանրապետութեան ապագայ վարչապետներից մէկի` Համօ Օհանջանեանի անդրանիկ որդին:

Մայիսի կէսերին թուրքերը գրաւել էին Ալեքսանդրապոլը եւ զօրքերի մի մասը ուղղել դէպի Ղարաքիլիսա: Այս ճակատում կռւում էին երկու նշանաւոր զօրահրամանատարներ` Անդրանիկն ու Նժդեհը: Ղարաքիլիսային ճակատամարտում հայերը պարտութիւնն են կրել` տալով հազարաւոր զոհեր, վիրաւորներ ու գերիներ: Վարանցովկան, Ջալալողլին, Ղարաքիլիսան ու շրջակայ բնակավայրերը գրաւելուց յետոյ թուրքական զօրքերը անցան Ղազախ: Այսպիսով, երեք ճակատներից` Ղարաքիլիսայ, Սարդարապատ եւ Բաշապարան, միակը Ղարաքիլիսան էր, որտեղ հայերը պարտութիւն կրեցին:

Նախապէս որոշուել էր թուրքերի առաջն առնել Երեւանի մօտակայքում` հաւանական է Աշտարակի մօտ, սակայն վերջին պահին Արամ Մանուկեանը որոշում է կռիւ տալ Բաշ Ապարանի մերձակայքում: Մայիսի 23-ին Դրոյին յաջողուեց կանգնեցնել թուրքերի յառաջխաղացումը: Երկկողմ կորուստներով կռիւները շարունակուեցին մի քանի օր եւս: Շուրջ հազար զոհեր տալուց յետոյ հակառակորդը դիմեց փախուստի:

Սարդարապատում ու Բաշապարանում յաղթանակներով ոգեւորուած` հայերն առաջ էին շարժւում դէպի Ալեքսանդրապոլ: Զօրավար Սիլիկեանը մտադիր էր թուրքական զօրքերին հետապնդել մինչեւ Ալեքսանդրապոլ եւ հաւատում էր, որ հայկական ուժերը կը կարողանան երկու օրում յետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկեանը նոր կոչն է ուղղում հայերին. «Մենք պէտք է թուրքերից յետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գաւառները մայր տաճարի հետ միասին, Երեւանի նահանգի մեծ մասն ու Նախիջեւանը: Կարո՞ղ ենք թոյլ տալ նման վիրաւորանք: Երբե՛ք, հա՛յ ժողովուրդ, դու պիտի թոյլ չտաս այդպիսի անարգանք: Եւ այդ անարգանքը տեղի չի ունենայ, եթէ մենք հասնենք մինչեւ Ալեքսանդրապոլ: Դէպի՛ զէնք բոլորդ, դէպի՛ Ալեքսանդրապոլ»:

Սակայն երբ հայկական զօրքերը մօտենում էին Ալեքսանդրապոլին, Նազարբէկեանը հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տուեց, քանի որ Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Պաթումում զինադադարի համաձայնութիւն է կայացուել, իսկ հաշտութեան բանակցութիւնները շարունակւում են: Եթէ նման լուր ստացուէր մի քանի օր առաջ, ապա կ՛ընդունուէր արտակարգ թեթեւութեամբ, սակայն այժմ այն տեղիք տուեց ե՛ւ զինուորների, ե՛ւ գիւղացիների հասկանալի զայրոյթին: Զինուորական եւ քաղաքական ղեկավարների որոշումը թելադրուած էր այն գիտակցութեամբ, որ զինապահեստները համարեա դատարկ են, թուրքական թարմ համալրումները` մօտ: Եթէ ճակատամարտի ընթացքը մէկ անգամ եւս շրջուէր յօգուտ թուրքերի, հայկական աղէտը կը լինէր կատարեալ, գրում է ամերիկահայ պատմաբան Ռիչըրտ Յովհաննէսեանը:

Թուրքական զօրքերի յարձակման պայմաններում հայերի, վրացիների եւ մահմետականների Անդրկովկասեան ժողովրդավարական դաշնային հանրապետութիւնը, մէկ ամսուայ ձեւական գոյութիւնից յետոյ կազմալուծուեց:

Մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախութիւնը: Մէկ օր անց` մայիսի 27-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արեւելեան եւ Հարաւային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նաւթարդիւնաբերող Միքայէլ Արամեանցի տանը Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Անդրկովկասեան երեք հանրապետութիւնները իրենց անկախութիւնը հռչակելուց անմիջապէս յետոյ շարունակեցին Պաթումում թուրքերի հետ ընդհատուած բանակցութիւնները: Հայ պատուիրակներին թւում էր, թէ այս անգամ աւելի հեշտ կը լինի թուրքերի հետ բանակցելը: Ընդամէնը շաբաթներ առաջ թուրքերն առաջարկում էին բաւարարուել Պրեսթ-Լիթովսկի պայմանագրով, մինչդեռ հայերն ու վրացիները լսել անգամ չէին ուզում:

Մայիսի 30-ին սկսուած բանակցութիւնները աւարտուեցին յունիսի 4-ին. Հայաստանի նորանկախ հանրապետութիւնը կնքեց առաջին միջազգային պայմանագիրը` Հաշտութեան եւ բարեկամութեան դաշնագիրը Օսմանեան կայսրութեան հետ:

Հայերից յետոյ թուրքերի հետ առանձին պայմանագրեր կնքեցին Վրաստանը, ապա Ազրպէյճանը: Հայկական պատուիրակութիւնը Պաթումում միայնակ էր մնացել, աւելին` թաթարները պաշտպանում էին թուրքերին: «Երբ մենք թուրքերից պահանջում էինք մեզ թողնել Ալեքսանդրապոլի գաւառի հայկական մասերը, թաթարները պնդում էին, թէ Հայաստանի մայրաքաղաքը պէտք է լինի Վաղարշապատը` պահանջելով Երեւանը կցել Ազրպէյճանին: Թաթարները պնդում էին, թէ Երեւանը թաթարական քաղաք է, ուստի մահմետականները չեն ների, եթէ Երեւանը զիջեն հայերին», դառնութեամբ գրում է Խատիսեանը:

Ապա եկաւ Անդրկովկասի երկաթուղին բաժանելու հարցը: Ինչպէս հողային, այնպէս էլ երկաթգծի հարցում ամէնից շատ կորցրեց Հայաստանը: Փաստացի, Հայաստանը ունեցաւ ընդամէնը 7 քիլոմեթր երկարութեամբ երկաթուղի` Նորագաւիթից մինչեւ Երեւան: Թուրքիայի վերահսկողութեան տակ անցաւ Սարիղամիշ-Ջուլֆա երկաթուղին, Վրաստանի վերահսկողութեան տակ  անցաւ  Թիֆլիսից Պաքու, Պաթում եւ Ղարաքիլիսա հատուածները, Ազրպէյճանին` Պաքու-Թիֆլիս եւ Պաքու-Փեթրովսք հատուածների մեծ մասը: Հայաստանին գրեթէ ոչինչ չմնաց: Ջաջուռից Ղարաքիլիսա  50 քիլոմեթրանոց հատուածը հայերի վերահսկողութեան տակ պիտի անցնէր, բայց դեռեւս գտնւում էր թուրքական գրաւման տակ:

Ծանր ու խռովայոյզ օրերն էին: Թիֆլիսի Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակել էր անկախ, եւ Արարատեան փոքրիկ Հայաստանը, Արամի հզօր ու արթուն հսկողութեան տակ ապրում էր անստոյգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նաւասարդեանը: Մի բացառիկ երկիր էր` օղակաձեւ շղթայով շրջապատուած իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապուելու, նրան լուր տալու եւ այնտեղից լուր առնելու գրեթէ բոլոր հնարաւորութիւններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միմիայն նրա համար, որովհետեւ դժուար է երեւակայել մի կառավարութիւն, ուր այդ կոչումը չկայ: Օղակուած ու շղթայուած թուրք զօրքերով ու թաթար ազգաբնակչութեամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ` մատնուած գալիքի օրհասի ահաւոր սարսափներին:

Սիմոն Վրացեանի բառերով` «անձեւ քաոսի ու աւերակների կոյտ» էր Հայաստանն այդ օրերին: «ցնծութեան աղաղակներով ու ծափերով չընդունուեց հանրապետութեան ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատւում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հաւատում նրան. անկախութիւն եւ հանրապետութիւն բառերը դնում էին չակերտի մէջ: Եւ այդպէս վարուելու հիմքերը շատ էին զօրաւոր. իրօք որ զարհուրելի էին պայմանները, եւ անկախութիւնն այդ պայմաններում թւում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ` հազիւ 12 հազար քառ. քմ. աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկուած ցամաք լեռների մէջ, աշխարհի խուլ անկիւնում, ծանրաբեռնուած գաղթականներով ու որբերով, շրջապատուած ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, աւար ու աւէր, լաց ու թշուառութիւն, կոտորած ու սարսափ:

Թիֆլիսում ձեւաւորուած Հայաստանի առաջին կառավարութիւնը յուլիսի 17-ին մեկնեց Երեւան: Սանահին կայարանից սկսած` երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգաւոր: Այդ պատճառով որոշուեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետութեան փոշոտ ու աղքատ մայրաքաղաք: Յուլիսի 19-ին պատուիրակութիւնը հասաւ Երեւան:

Երեւանի պարէտ Արշաւիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աստաֆեան պողոտայի սկզբից մինչեւ Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամ Մանուկեանը հասաւ ինքնաշարժով եւ հաղորդեց, թէ կառավարութիւնը գալիս է: Մի քանի րոպէից  գլխաւոր պողոտայի անկիւնից երեւաց կառավարական խումբը ինքնաշարժներով: Ես հրամայեցի. «Հանդիսաւոր տողանցք. պատրա՛ստ. հանդա՛րտ. պատուի ա՛ռ»: Եւ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեծելազօրից յիսուն հոգի` մօտեցայ կառավարութեան կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջեւ, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրայ: Ես ասացի. «Ձե՛րդ գերազանցութիւն, որպէս Հայաստանի մայրաքաղաքի զինուորական հրամանատար, ողջունում եմ ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանիս ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս կը հանեմ այն ժամանակ, երբ դուք հրամայէք պաշտպանել մեր աննման հայրենիքը»:

Քաջազնունին շատ յուզուած պատասխանեց պարէտ Արշաւիր Շահխաթունուն եւ մի կերպ էր զսպում արցունքները: Այսպէս եղաւ Հայաստանի կառավարութեան մուտքը Երեւան: Այսպէս ծնուեց Հայաստանի Հանրապետութիւնը:

ԱԶԴԱԿ 30 Մայիս, 2016