Լոս Անջելեսում մայիսի 27-ի երեկոյան լրագրող Թաթուլ Հակոբյանը «Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակ»-ում Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի եւ բանակցությունների, Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների, Հայաստան-Սփյուռք համագործակցության ու հնարավորությունների մասին դասախոսություն-զրույց է ունեցել Լոս Անջելեսի հայ երիտասարդության հետ՝ իրավաբաններ, գործարարներ, քաղաքագետներ, գրականագետներ։
Հանդիպումը նախաձեռնել ու կազմակերպել էին «Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակը» եւ գրասենյակի տնօրեն Էդգար Մարտիրոսյանը։
Շուրջ երկու ժամ տեւած ելույթից, հարց ու պատասխանից եւ քննարկումից հետո տեղի է ունեցել Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդես-վաճառք։ Ներկաներին ներկայացվել են Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները:
Թաթուլ Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):
Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ։
Հակոբյանի հաջորդ հանդիպումները սպասվում են մայիսի 30-ին Սան Ֆրանցիսկոյում եւ հունիսի 2-ին Լաս Վեգասում։