Թալիշում կորուստների իրական չափերը

10289

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հյուսիսային ուղղությամբ 2016-ի ապրիլին

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախյան հյուսիսային ուղղությամբ գրաված դիրքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի  Թալիշ և Ադրբեջանի Թափ Կարակոյունլու գյուղերի միջև ընկած տարածքի բլրաշատ վայրում՝ Մռավջուր կամ Ինջա գետի երկայնքով և ջրի հունից դեպի հարավ-արևելք ընկած հարթավայրային հատվածում:

Նախ ադրբեջանական դիվերսիոն խմբերը՝ կրելով Արցախի պաշտպանական բանակի համազգեստ, ներթափանցել են Թալիշ (գյուղի ծայրամասի տներից մեկում նրանք դաժանաբար սպանեցին երեք տարեց մարդու): Խումբը դեռևս չէր հասցրել դուրս գալ Թալիշից, երբ սկսվել է ուժգին հրետակոծությունը: Միաժամանակ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրոհով վերցնել այդ հատվածի դիրքերը:

Դիրքապահները կռվել են մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին նռնակը և չեն նահանջել՝ ակնկալելով օգնություն և մատակարարում, ինչը տեղի չի ունեցել, քանի որ աննախադեպ հրետակոծությունը պարզապես թույլ չի տվել զենք-զինամթերք հասցնել դիրքեր և օգնության հասնել:

Ադրբեջանական կողմին հաջողվել է տիրել առաջնագծի այդ հատվածին, սակայն կարճ ժամանակ անց Արցախյան ուժերը հակագրոհով հետ են վերցրել կորցրած դիրքերի մի մասը, իսկ մյուս մասը՝ թվով 14 դիրք, որոնք կախված էին Թափ Կարակոյունլու գյուղի վրա, հնարավոր չի եղել հետ վերցնել, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց կրակի դադարեցում:

Այսպիսով, եթե հարավային ուղղությամբ՝ Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն, ապա Թալիշում և՛ դիրքային, և՛ տարածքային կորուստները ավելի մեծ են:

Այսօրվա դրությամբ, Արցախյան բանակը Թալիշի հատվածում ունի 14 կորցված դիրք, իսկ տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4-5 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ, ինչպես և Լելե թեփե-ում, ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Սկզբնական շրջանում փորձ էր արվում հնարավորինս անորոշ պահել իրականությունը Թալիշում դիրքային և տարածքային կորուստների մասին:

Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Իրականում, ինչպես Լելե թեփե-ի, այնպես էլ Թալիշի կորցված դիրքերը ունեն ռազմավարական կարևորություն (այլ հարց է՝ պետք է՞ր և հնարավոր է՞ր մեծ զոհերի գնով վերականգնել ստատուս-քվոն): Մասնավորապես, ինչպես նշեցինք, Թալիշի մի հատված ուղղակի հակառակորդի նշանառության տակ է, մինչդեռ մինչև Ապրիլ 1-2-ի շփման գիծը այնպես էր անցնում, որ հնարավորություն էր տալիս համեմատաբար անվտանգ քաղաքացիական կյանք Թալիշում և ավելին՝ Արցախյան դիրքերն էին իշխում Թափ Կարակոյունլու ադրբեջանական գյուղի վրա:

Չափազանց բարդ է ասել, թե որքան է կազմում Արցախյան կողմի տարածքային կորուստը Թալիշի և Լելե թեփեի շրջանում միասին: Մեր մոտավոր հաշվումներով, որոնք ճշգրտման կարիք կունենան, այն կկազմի 7-ից 9 քառակուսի կիլոմետր, որը կազմում է ԼՂՀ ամբողջ տարածքի մոտ 0.06 տոկոսը:

Location_Nagorno-Karabakh_en
Այս քարտեզը ներկայացնում է ստատուս-քվոն մինչև Ապրիլ 1-2-ի գիշերը

Շփման գծի այս հատվածը միշտ եղել է խոցելի

Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե ամեն տուն: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:

Երբ 1994-ի մայիսին հաստատվեց զինադադար, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ կամ հենց շփման գծի տարածքում: Այդ գյուղերն են՝ Հացավան, Սեյսուլան, Կարմիրավան, Մարաղա, Այգեստան (Չայլու), Հայկաջուր, Մարալյան Սարով, Լևոնարխ:

Թաթուլ Հակոբյան