Արցախում Մարդկային Եւ Տարածքային Կորուստների Մասին Ճշմարտութիւնը

1434

Երբ Սերժ Սարգսեանը ապրիլի 2-ին խօսում էր Արցախում 18 զոհի եւ 35 վիրաւորի մասին, շատերը չհաւատացին: Ես էլ չհաւատացի: Սարգսեանի ելոյթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունէի տեղեկութիւն, որ հայկական կողմի կորուստները` զինուորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկութիւնը, համոզուած էի, որ ճշմարտութիւնն է կամ` շատ մօտ է ճշմարտութեանը: Սակայն դրա մասին չգրեցի իմ յօդուածներում, հեռարձակուած տեղեկագրութիւններում եւ հարցազրոյցներում:

Կամուկացի ու ինքս իմ հետ կռուի մէջ էի:

Լրագրող Թաթուլ Յակոբեանը պարտւում էր (ես ուղն ու ծուծով լրագրող եմ, անբուժելի հիւանդ` լրագրութեամբ) Հայաստանի քաղաքացի Թաթուլ Յակոբեանին, որի հայրական տունը սահմանի վրայ է, որի հարազատները ծառայում են հայկական բանակում, ով գիտակցում էր, որ իր տուած լուրը կարող է խուճապ առաջացնել հանրութեան շրջանում, անասելի տառապանք պատճառել բոլոր մայրերին, որոնց որդիները այդ պահին կանգնած էին առաջին գծում եւ նրանցից լուրեր չունէին, որի հաղորդած տեղեկատուութիւնը, ի վերջոյ, կարող էին անուղղակի օգտակար լինել ազրպէյճանական կողմի համար:

Հասկանում է՞ք հակասութիւնը. Սերժ Սարգսեանը խօսում է 18 զոհի մասին, իսկ ինչ-որ մի լրագրող` 104-ի:

Հետագայ օրերին հաղորդուեցին հայկական նորանոր զոհերի մասին: Բայց դրանք հիմնականում ապրիլ 1-2-ի գիշերուայ եւ դրան յաջորդած մարտերի զոհերն էին:

Իմ տեղեկութիւններով, որոնք պաշտօնական չեն եւ կարող է իրականութիւնն ամբողջովին չարտայայտել, ապրիլի 1-ից մինչեւ այսօր հայկական կողմի զոհերի թիւը` զինուորական եւ քաղաքացիական, 120-ի մօտ է:

Տարածքային Կամ Դիրքային Կորուստներ

Ապրիլեան պատերազմի օրերին արցախեան կողմը ունեցաւ նաեւ տարածքային կորուստներ: Քանի որ իշխանութիւնները շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմութիւնը կամ իշխանութիւնների հանդէպ հաւատը կորցրածները չեն վստահում եւ յաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատուութիւնը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:

Այդ տեղեկատուութիւնը ունեցել եմ ապրիլեան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել` հաշուի առնելով բազմաթիւ գործօններ, այդ թւում` անվտանգութիւնը:

Հարաւային ուղղութեամբ (Արա լեռ-Ղազախլար)` Լելէ թեփէ բարձունքի շրջանում, արցախեան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք:

Հիւսիսային ուղղութեամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու), արցախեան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնեակ ռազմական յենակէտեր, իսկ առաջին գիծը, ինչպէս հարաւային ուղղութեամբ, գրաւուեց հակառակորդի կողմից:

Հայ զինուորները` 18-20 տարեկան տղաները, սպաները` գլուխ խոնարհէք ընկածների ու ողջերի առաջ, կարողացան յետ գրաւել այդ յենակէտերի մեծ մասը` կռուելով մինչեւ վերջին փամփուշտը, պայթեցնելով վերջին նռնակը:

Իմ տեղեկութիւններով, հիւսիսային ուղղութեամբ, այսօրուայ դրութեամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչեւ ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր:

Արցախեան Բանակի Կորուստները Հարաւում`
Լելե Թեփեում

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ազրպէյճանական զինուժի կողմից գրաւուած Լելէ թեփէ բարձունքը կամ բլուրը գտնւում է Հորադիզ գիւղի եւ Հորադիզ կայարանի միջեւ` դէպի Արաքս գտնուող հատուածում` գետից դէպի հիւսիս:

1994-ի մայիսեան անժամկէտ զինադադարով եւ հաստատուած շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գիւղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը` Ազրպէյճանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտօնապէս առաջինը խօսեց Արցախի պաշտպանութեան նախարարութեան օպերատիւ բաժնի պետ Վիկտոր Առստամեանը ապրիլեան ասուլիսներից մէկում. «Լելե թեփեն չի կարող համարուել ռազմավարական նշանակութիւն ունեցող, որովհետեւ լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մեթր: Ընդհանուր տեղանքի համեմատութեամբ նրա բարձրութիւնը կազմում է 20 մեթր: Դիրքերի համակարգի մէջ այն էական, թէկուզ մարտավարական նշանակութիւն չունի: Խօսք չկայ ռազմավարական նշանակութիւն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսեանը «Պլումպերկ»-ին տուած հարցազրոյցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատուած» շփման գծի հիւսիսում եւ հարաւում, որոնք չունէին «ռազմավարական կարեւորութիւն» հայկական զինուած ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք` «նոր զոհերից խուսափելու համար»:

Մենք, բնականաբար, հնարաւորութիւն չունենք 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թէ որքան է արցախեան կողմի դիրքային եւ տարածքային կորուստը հարաւային` Լելե թեփեի ուղղութեամբ, սակայն ծանօթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտէզներ, համեմատելով հայկական եւ ազրպէյճանական դիրքերը մինչեւ 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարող ենք իրականութեանը մօտ պատկեր ունենալ:

Այսպիսով, Լելե թեփեում արցախեան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1,5-ից մինչեւ 2 քիլոմեթր երկարութիւն եւ 500 մեթրից մինչեւ 1 քիլոմեթր խորութիւն:

Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացուած չէ: Բայց չի կարելի նաեւ անդադար յայտարարել, թէ Լելէ թեփեն կարեւոր նշանակութիւն չունի: Շփման գծի այս հատուածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման տարածքի պայմաններում ամէն մի բարձունք ունի կարեւոր նշանակութիւն:

Ամէնից ցաւալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում արցախեան բանակը տուեց մի քանի տասնեակ զոհ եւ վիրաւոր:

1994-ի Յունուարեան Ողբերգութիւնը

Նախքան 1994-ի մայիսեան զինադադարը, արցախեան ուժերը գրոհով հասել էին Հորադիզ երկաթուղային կայարան: Այն հայկական ուժերի վերահսկողութեան տակ էր որոշ ժամանակ: 1994-ի յունուարի առաջին օրերին ազրպէյճանական բանակը յարձակում սկսեց երեք ուղղութիւններով` Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի եւ Հորադիզի հատուածներում: Հակառակորդը յետ բերեց Հորադիզ երկաթուղային կայարանը: Յունուարի առաջին շաբաթուայ ընթացքում ադրբեջանական ուժերին յաջողուեց ճեղքել եւ մօտ 15 քմ խորութեամբ եւ 5 քմ լայնութեամբ առաջանալ հարաւարեւելեան` Հադրութի ուղղութեամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ազրպէյճանական խափանարարական խմբաւորման անցումը արցախեան ուժերի թիկունք:

Այս յօդուածը պատրաստելու ընթացքում ես, ըստ իմ տրամադրութեան տակ գտնուող 1991-1994 թթ. պատերազմի զոհերի ցուցակի, հաշուեցի, թէ որքան է եղել հայկական զոհերի թիւը Լելէ թեփեի կամ Հորադիզի հատուածում 1994-ի արիւնալի ձմռան ամիսներին: Հորադիզ կայարանը յետ գրաւելու համար կատաղի մարտեր էին ընթանում: Այդ ամիսներին հայկական կողմը տուել է շուրջ 400 զոհ: Արցախեան երկուսուկէս տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը` զինուորական եւ քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000:

Վարանդա Ֆիզուլիի Շրջանն Այսօր

Ֆիզուլիի շրջանը եւ համանուն քաղաքը նախկինում կոչուել է Կարեագինօ: 1930-ին նախկին Ռուսական կայսրութեան Ելիզավետպոլի նահանգի Կարեագինօ շրջանի մի մասի վրայ ձեւաւորուեց նոր վարչական միաւոր, որը 1959-ին` ի պատիւ բանաստեղծ Մոհամետ Ֆիզուլիի, վերանուանուեց Ֆիզուլի:

Նախքան Ազրպէյճանի հռչակումը` 1918-ը, Կարեագինոն հիմնականում բնակեցուած էր ռուս մոլոկաններով:

Արցախ-Ազրպէյճան շփման գիծը 1994-ի մայիսին հաստատուած զինադադարով անցնում է նախկին Խորհրդային Ազրպէյճանի Ֆիզուլիի շրջանով:

Ճշգրիտ դժուար է ասել, թէ նախկին Ֆիզուլիի շրջանի որ մասն է մնացել Ազրպէյճանին: Երբ նայում ենք քարտէզին, նկատելի է, որ շրջանի կէսից պակասն է գտնւում այսօրուայ ԼՂՀ տարածքում: Հաշուի առնելով, որ մինչեւ 1993-ի օգոստոսի 23-ը (սա այն օրն է, երբ արցախեան բանակը առանց լուրջ կորուստների մտաւ Ֆիզուլի) շրջանի տարածքը 1386 քառակուսի քիլոմեթր էր, կարելի է ասել, որ մօտաւորապէս 600 քառակուսի քիլոմեթրն է այսօր գտնւում Արցախի կազմում:

Արցախի կազմում գտնուող նախկին Ֆիզուլիի տարածքը գրեթէ բնակեցուած չէ, մինչդեռ Ազրպէյճանի տարածքում գտնուող Ֆիզուլիի շրջանում կայ 22 բնակավայր: Շրջանի ամենամեծ բնակավայրը Հորադիզ քաղաքատիպ աւանն է:

Տարիներ առաջ Արցախի իշխանութիւնները Ֆիզուլի քաղաքը եւ շրջանը, որտեղ մի քանի տասնեակ հայ է բնակւում, վերանուանեցին Վարանդա: Ո՞վ էր Ֆիզուլին: Ֆիզուլին 15-րդ դարի նշանաւոր բանաստեղծներից ու մտածողներից Մոհամետ իպն Սուլէյմանի գրական անունն է: Ծնուել է Իրաքի Քարպալա քաղաքում, գրել արաբերէն, պարսկերէն եւ օսմաներէն:

Հիւսիսային ուղղութեամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու) Արցախի դիրքային եւ տարածքային կորուստների մասին կը գրեմ այլ առիթով:

Թաթուլ Յակոբեան

Ազդակ, 16 Մայիս, 2016թ.