Թաթուլ Հակոբյանը դասախոսություններ կկարդա Լիբանանում և Միացյալ Նահանգներում

983

Մայիսի 17-ից մինչև հունիսի 6-ը լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը դասախոսություններով և գրքերի շնորհանդեսների շարքով հանդես կգա Լիբանանում և Միացյալ Նահանգներում:

Այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ՀՅԴ տեղական կառույցների կազմակերպչական օժանդակությամբ:

Բեյրութում՝ «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում մայիսի 17-ի երեկոյան, Հակոբյանը կներկայացնի իրավիճակը Արցախ-Ադրբեջան շփման գծում, ամենավերջին զարգացումները ճակատային գոտուց: Ձեռնարկի ընթացքում նա կցուցադրի նաև Արցախյան իրավիճակի մասին պատմող 20 րոպեանոց ժապավեն (ՍիվիլՆեթ, հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան, ռեժիսոր՝ Հակոբ Մանուկյան):

Վերջում նա կներկայացնի ԱՆԻ կենտրոնի վերջին հրատարակությունները՝  Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան – «Խարխափումներ», Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», և այս հինգ հատորները մեկ գրքում ՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել հատորները:

Բեյրութից Հակոբյանը կուղևորվի Միացյալ Նահանգներ՝ Կալիֆոռնիա: Ըստ նախնական ծրագրի՝ նա տեղի հայկական շրջանակների համար դասախոսություններ կկարդա Լոս-Անջելեսում, Ֆրեզնոյում և Սան-Ֆրանցիսկոյում:

Դասախոսությունների ընթացքում, որոնք կվերաբերեն Արցախյան վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու Երևանի արտաքին քաղաքականությանը, ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», «Հայացք Արարտից. Հայերը և թուրքերը» գրքերը անգլերենով և հայերենով՝ ինչպես արևելահայերեն, այնպես էլ՝ արևմտահայերեն:

Միացյալ Նահանգներում դասախոսությունների վայրի և ժամի մասին կտեղեկացնենք հավելյալ: