«Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից». Մասիս Մայիլյանի հատորը

1648

Երևանի «Դե ֆակտո» հրատարակչությունը ռուսերենով լույս է ընծայել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից» գիրքը։ Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի Գիտական խորհրդի կողմից:

13162211_1015162031885795_1260801233_n

Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման հարաշարժությունը և հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում։ Հրատարակության մեջ հանգամանորեն նկարագրվում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը 2008-2015 թվականներին, քննադատական վերլուծության են ենթարկվում հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների մոտեցումները, ներկայացվում են բանակցային փակուղուց դուրս գալուն և տարածաշրջանի կայուն ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկներ, ասվում է Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Գրքի նախաբանի հեղինակ, մոսկվաբնակ դիվանագետ և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի կարծիքով՝ հրատարակության մեջ ժողովված հեղինակային նյութերը մի յուրատեսակ հանրագիտարան են բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով կամ էլ ուշիուշով հետևում են դրա ընթացքին։

Ժողովածուի մեջ ի թիվս այլոց ներկայացված են ղարաբաղյան կարգավորմ անառանցքային խնդրիրներ արծարծող հետազոտական հոդվածներ, ինչպես նաև՝ համեմատական վերլուծություն, որն անհրաժեշտ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լավագույնս ընկալման համար։

Գրքի գրախոսականում քաղաքագիտության դոկտոր, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի աշխատությունը ունի ոչ միայն գիտական ու վերլուծական, այլև գործնական արժեք, քանի որ հեղինակն իր առջև դրել է խաղաղ գործընթացում հայկական կողմերի բանակցային դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը և առաջին հերթին բանակցային գործընթացի միջնորդներին ղարաբաղյան հակամարտության մոտեցումներն ու ընդհանուր համապատկերը իրատեսորեն ներկայացնելու ունակ առաջարկների ու լուծումների մշակման միանգամայն կոնկրետ նպատակներ։

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի անդամ ԳեղամԲաղդասարյանը կարծում է, որ պաշտոնական բանակցային գործընթացում Մասիս Մայիլյանի բազմամյա մասնակցությունը և միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածությունը թույլ են տվել նրան գտնելու և հանրությանը, իշխանություններին ու միջազգային դերակատարներին առաջարկելու հակամարտության առանցքային խնդիրների լուծման նոր մոտեցումներ։

Ռուսերեն հրատարակված «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը հասցեագրված է քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ռազմական փորձագետներին, պատմաբաններին, հակամարտաբաններին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ հարավկովկասյան տարածաշրջանի արդի պատմությամբ և հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց։