Ճանաչե՞լ, Թէ՞ Չճանաչել Արցախը

1049

Արցախը իր անկախութիւնը հռչակել է 1991-ի սեպտեմբերի 2-ին, սակայն անցնող 25 տարիներին ոչ մի պետութիւն, այդ թւում` Հայաստանը, չեն ճանաչել այդ իրողութիւնը: Մի կողմից փաստ է, որ Արցախը Հայաստան է, միւս կողմից` Հայաստանի բոլոր երեք նախագահները եւ նրանց կառավարութիւնները բացատրել են, թէ ինչո՛ւ Երեւանը տէ-ժիւրէ չի ճանաչում Արցախի անկախութիւնը:

Պատասխանը պարզ է. քանի դեռ շարունակւում են բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում, այդ թւում` կարգավիճակի շուրջ, Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կը նշանակի, որ բանակցութիւնները անիմաստ են: Սերժ Սարգսեանը բազմիցս յայտարարել է, որ Հայաստանը Արցախը կը ճանաչի միայն այն դէպքում, երբ Ազրպէյճանը դիմի ռազմական ներխուժման:

Ապրիլի առաջին օրերին Ազրպէյճանը դիմեց ռազմական ներխուժման, կարողացաւ Արցախի հիւսիսում` Թափ Կարակայունլու-Թալիշ, եւ հարաւում` Ղազախլար-Արա լեռ ուղղութիւններով գրաւել հայկական մի շարք ռազմական յենակէտեր եւ որոշ տարածքներ, ծանր հրետանի, ռազմական ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր օգտագործեց խաղաղ բնակավայրերի` Թալիշի, Մատաղիսի եւ Մարտակերտի ուղղութեամբ, սակայն Հայաստանը չճանաչեց Արցախը:

Եթէ, իրաւամբ, Հայաստանը մտադիր է տէ-ժիւրէ ճանաչել Արցախը, ապա լաւագոյն ժամանակը ապրիլի 2-ից մինչեւ 5-ը ընկած օրերն էին, երբ ամբողջ աշխարհը տեսնում էր, որ Ազրպէյճանը նոր յարձակում է սկսել Արցախի դէմ:

Հայաստանի կառավարութիւնը մայիսի 5-ի նիստին հաւանութիւն տուեց «Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասին» ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ կառավարութեան եզրակացութեան նախագծին: Կառավարութեան եզրակացութիւնը ստանալուց յետոյ նախագիծը սահմանուած կարգով ներկայացուելու է խորհրդարանի քննարկմանը: «Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասին» ՀՀ օրէնքի նախագիծը օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամաւորներ Զարուհի Փոստանջեանը եւ Հրանտ Բագրատեանը:

Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում շատերը համոզուած են, որ Երեւանը պէտք է ճանաչի Արցախի անկախութիւնը: Շատերը պնդում են, որ դա վաղուց պէտք էր անել, քանի որ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչելու Արցախը:

Ցանկութիւնը մէկ բան է, իրական քաղաքականութիւնը` բոլորովին այլ: Եկէք` քննարկենք, թէ ինչպիսի՛ տհաճ անակնկալներ կարող են լինել, եթէ այսօր Հայաստանը ճանաչի Արցախը:

Առաջին. Ազրպէյճանը պատերազմ կը յայտարարի կամ ռազմական գործողութիւնների կը դիմի առանց պատերազմ յայտարարելու: Անշուշտ, Ազրպէյճանը առանց Հայաստանի ճանաչման էլ է դիմում ոտնձգութիւնների, ինչպէս եղաւ ապրիլեան 4-օրեայ պատերազմը: Սակայն, միւս կողմից, Հայաստանի ճանաչումը «Կարդարացնի» Ազրպէյճանի նոր յարձակումը, իսկ միջազգային հանրութիւնը, այդ թւում` Հայաստանի մի շարք բարեկամ երկրներ գուցէ եւ չդատապարտեն Պաքուի գործողութիւնները:

Երկրորդ. Ազրպէյճանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսքի խմբի գործընթացը: Հայաստանի ճանաչման դէպքում Մինսքի գործընթացի տապալման պատասխանատուութիւնը կը դրուի Հայաստանի վրայ:

Երրորդ. եթէ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա չի բացառւում, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը կ՛ընդունի բանաձեւ, որը կը լինի ընդգծուած հակահայ բնոյթի:

Չորրորդ. Երեւանի կողմից Արցախի ճանաչումը կը դատապարտեն ոչ միայն Ազրպէյճանի բարեկամ պետութիւնները, այլեւ` Հայաստանի գործընկերները, այդ թւում` Ռուսաստանը: Դրանից հայ-ռուսական յարաբերութիւնները աւելի կը թունաւորուեն, ինչը բոլորովին էլ չի բխում Հայաստանի շահերից: Որքան էլ դժգոհենք, որ Ռուսաստանը զէնք է վաճառում Ազրպէյճանին, միեւնոյնն է, Մոսկուան չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոն է Երեւանի համար:

Մոսկուայի արձագանգը չուշացաւ, երբ պարզ դարձաւ, որ Հայաստանում Արցախի ճանաչման հետ կապուած, գուցէ թուացեալ, գործընթաց է սկսւում:

Քրեմլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին յորդորեց  «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու յանգեցնել իրադրութեան սրման»: Ռուսաստանի նախագահի խօսնակ Տմիթրի Փեսքովը մեկնաբանելով Հայաստանի կառավարութեան կողմից «Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասին» օրէնքի նախագծի վերաբերեալ եզրակացութեան նախագծին հաւանութիւն տալու լուրը` ասաց. «Մենք շատ ուշադիր ենք հետեւում որոշումներին, որոնք կայացւում են այդ պարունակում, եւ, անշուշտ, նախկինի պէս ակնկալում ենք, որ հակամարտութեան կողմերը կը խուսափեն քայլերից, որոնք կարող են խարխլել բաւական փխրուն հրադադարը եւ յանգեցնել Լեռնային Ղարաբաղում իրադրութեան սրման»: Պատասխանելով հարցին, թէ արդեօք որոշումը քննարկուե՞լ է Ռուսաստանի հետ, թէ՞ ոչ, Փեսքովն ասել է. «Ո՛չ, Մոսկուայի հետ դա չի քննարկուել»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերեալ օրինագծի շուրջ խուճապի համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշուելու միակողմանի կերպով: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամաւորների առաջարկութիւն է: Եւ Հայաստանի կառավարութիւնը, ըստ իրենց օրէնքի, ինչպէս նրանք բացատրել են բոլորին` հանգստացնելով կրքերը, պէտք է եզրակացութիւն տայ այդ օրինագծի վերաբերեալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, եւ խուճապ պէտք չէ», ասել է Լաւրովը:

«Երբ ես Երեւանում էի, եւ յետոյ, երբ հեռախօսով շփւում էի իմ գործընկեր Էդուարդ Նալբանդեանի հետ, եւ յետոյ, երբ նա արդէն Մոսկուայում էր` ապրիլի սկզբի դէպքերից յետոյ, ինձ յստակ հաւաստիացրել են, որ Երեւանը հաւատարիմ է մնում խաղաղ կարգաւորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կ՛որոշուի ընդհանուր համաձայնութեան ծիրի մէջ, ոչ թէ միակողմանիօրէն», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Այն բանից յետոյ, երբ համաշխարհային, այդ թւում ռուսական առաջատար լրատուամիջոցները որոշակի անհանգստութիւն յայտնեցին Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու հնարաւորութիւնների մասին, հետեւեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը, որում ասւում էր.

«Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամաւորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման մասին նախաձեռնութեան վերաբերեալ կառավարութեան եզրակացութեան շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարութեան եզրակացութիւնը չի նշանակում հաւանութիւն այդ նախաձեռնութեանը: Հայաստանը բազմիցս յստակ յայտարարել է, թէ ո՛ր դէպքում կը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Որպէս կանխատեսելի եւ վստահելի գործընկեր` նման կարեւոր որոշման կայացման պարագայում Հայաստանի նախագահը նախապէս կը տեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յոյս էր յայտնում, որ Ազրպէյճանն իր մէջ բանականութիւն կը գտնի եւ զերծ կը մնայ ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրութեան կրկնութիւնից:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 10 Մայիսի, 2016թ.