Այլ տոն, այլ պատարագ. Հակոբ Մանուկյանի և Թաթուլ Հակոբյանի ռեպորտաժը (տեսանյութ և տեքստ)

1838

Մայիսի 9-ի առավոտյան հազարավոր հայեր Ստեփանակերտից շարժվեցին դեպի Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր, ապա Շուշի: 1992-ի այս օրը ազատագրվեց Շուշին: Ղազանչեցոց եկեղեցում պատարագ մատուցվեց: 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը Մայիսի 9-ի տոնը նշում է փոփոխված ստատուս-քվոյով և 100, գուցե՝ ավելի, հանուն Արցախի ընկածներով:

Այլ տոն, այլ պատարագ. 1994-ից ի վեր առաջին անգամ՝ փոփոխված ստատուս-քվոյով, 100 ընկածներով

1994-ի մայիսին հաստատված եռակողմ (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) անժամկետ զինադադարից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, Մայիսի 9-ի Շուշիի ազատագրման տոնը նշում է փոփոխված ստատուս-քվոյով և 100, գուցե՝ ավելի, հանուն Արցախի ընկածներով:

Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այսօր Մայիսի 9-ին Շուշիում չէր, Արցախում չէր: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սերժ Սարգսյանը Արցախ այցելել էր ավելի վաղ՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո: Արցախի ղեկավարության հետ հանդիպումներում նա խիստ հանդիմանել էր, թե՝ չկարողացաք մի քանի ռազմական հենակետեր պահել, և այդ պատճառով՝ իր բանակցային դիրքերը թուլացել են:

Հասկանում ե՞ք՝ գերագույն գլխավոր հրամանատարն է հանդիմանում: Իրականում, եթե հանդիմանության թիրախ կա, ապա դա Սերժ Սարգսյանն է: Բայց նաև պետք է հասկանալ, որ հակառակորդի գրոհը եղել է աննախադեպ, և միայն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ անվեհերության ու անձնվիրության շնորհիվ է հնարավոր եղել ադրբեջանական գրոհը կանգնեցնել Թալիշի մատույցներում և շփման գծի մյուս հատվածներում:

Ափսոս, հազար ափսոս այն շուրջ 100, գուցե՝ ավելի, տղաները, որոնք ընկան հանուն հայրենիքի:

Նրանք այսօր Արցախում կարող էին մաս կազմել տոնակատարություններին, նրանք կարող էին իրենց մայրերի, կանանց ու երեխաների հետ բարձրանալ Շուշի, Ղազանչեցեց եկեղեցի, մասնակցել պատարագին:

Այսօրվա պատարագը տխուր պատարագ էր: Դա իմ զգացած ամենատխուր պատարագներից էր:

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ապրիլյան 4-օրյա պատերազմում մենք հաղթել ենք:

Դա ճշմարտության հետ կապ չունի: Այո, Արցախյան բանակը չի պարտվել և ոչ էլ ադրբեջանական բանակն է հաղթել: Հետևաբար, արդար չէ խոսել հաղթանակից, երբ ունես 100 զոհ, գուցե՝ ավելի: Սա մի անիմաստ ադրբեջանական ավանտյուրա էր, որը պատճառ դարձավ հարյուրավոր զոհերի ու վիրավորների, բացահայտեց և քարուքանդ արեց բազմաթիվ առասպելներ՝ հայկական, ադրբեջանական, ռուսական…

Այդ մասին՝ մեկ այլ առիթով. այսօր արձանագրենք, որ 1994-ի մայիսին հաստատված եռակողմ անժամկետ զինադադարից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, Մայիսի 9-ի Շուշիի ազատագրման տոնը նշում է փոփոխված ստատուս-քվոյով:

Սա, անշուշտ, գերագույն գլխավոր հրամանատարի համար պատմական հարված է, բայց իրականությունից չես կարող փախչել, անգամ, եթե գրպանում ունես անթիվ-անհամար պատմություն կեղծող-կերտող լրատվամիջոցներ:

Այսօր Մայիսի 9-ն է:

Արցախի համար ընկած 100, գուցե՝ ավելի տղաներ, ննջում են իրենց ծնունդ տված հողի տակ:

Թաթուլ Հակոբյան

Շուշի, Արցախ

Լուսանկարները՝ Ռուբինա Մարկոսյանի