ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը թիկունքից հարված է հասցրել սահմանին կանգնած հայ զինվորին. տեքստ և տեսանյութ

1940
????????????????????????????????????

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը

2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում:

Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:

Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար հակասում են Արցախի և համայն հայության շահերին:

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ»   խմբակցությունը:

«Ազգային վերածնունդ»  կուսակցություն

Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016թ.

 

Մենք այդ հողերը չենք ուզում. Հերմինե Նաղդալյանն՝ ազատագրված շրջաների մասին (Տեսանյութ)

Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/read/84307

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՍերԺ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ Հայաստանը դեմ չի եղել 2011 թվականին զորքերը հանել Արցածի 5 շրջանից:

Նրա խոսքով՝ անհասկանալի է կամ կարող է վեճի առարկա լինի այն հարցը, որ Արցախում երկրոդ անգամ հանրաքվե պետք է իրականացվի: «Ինչի համար պետք է Ղարաբաղի ժողովուրդը երկրորդ անգամ հանրաքվե անցկացնի, երբ ժամանակին հանրաքվեն անցկացրել է թե՛ այն ժամանակվա սովետական օրենքներին, եւ թե՛ միջազգային օրենքներին համապատասխան, նույնկերպ անցկացվել է այդ հանրաքվեն ինչպես արել են Լատվիան, Լիտվիան, Ադրբեջանը, ինքը՝ Հայաստանը, որով դուրս են եկել մետրոպոլիայի կազմից, իսկ Ղարաբաղի անցկացրած հանրաքվեն պիտի նորից կրկնվի»,- հարց է բարձրացնում ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ: «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերնի զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հարցին՝ Հայաստանը չի մերժել Կազանյան փաստաթուղթը եւ ասվում է, որ Ադրբեջանն է մերժել այն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այսօր էլ դեմ չի Կազանյան փաստաթղթի կյանքի կոչվելուն, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ մասին պետք է խոսեն մեր արտգործնախարարը եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները, բայց այն քննարկումները, որոնք եղել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ներկայությամբ եւ այլն, կարծում եմ՝ ուղղակիորեն խոսում են այդ մասին»: