Արցախի խորհրդարանականները դատապարտում են ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի «Մենք այդ հողերը չենք ուզում» խոսքերը

3697
????????????????????????????????????

ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ «ՄԵՆՔ ԱՅԴ ՀՈՂԵՐԸ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

ԼՂՀ ԱԺ պատգամավորներն անդրադարձել են ապրիլի 26-ին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին, որի ժամանակ վերջինս կարծիք է հայտնել, թե ՀՀ-ն Ղարաբաղի հարցում պատրաստ է տարածքային փոխզիջման:

Նա մասնավորապես նշել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Հարցի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նման հայտարարությունն անընդունելի է համարում:

«Այն տեսակետները, որոնք Հերմինե Նաղդալյանը փորձեց մատուցել ոչ միայն հայ հանրությանը, այլեւ Ղարաբաղի հիմնահարցով շահագրգիռ եւ ոչ շահագրգիր կողմերին, իսկը ադրբեջանական շահերը սպասարկող հայտարարություն էր: Մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքական շրջանակներում ուրվագծվում է զիջողական կամ պարտվողական դիրքորոշում, որը փորձում են մատուցել հայ հասարակությանը»:

Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքները սակարկման առարկա լինել չեն կարող: Պատգամավորը նշեց, որ հարցը նաեւ պետք է դիտարկել համահայկական շահերի տիրույթում:

«Այդ տարածքները, որոնց մասին «համոզված» խոսում է տիկին Նաղդալյանը, մեր ազգային անվտանգության բաղադրիչներն են: Նման տեսակետ եւ համոզմունք ունեցող անձը չի կարող զբաղեցնել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Նման անձը չի կարող ղեկավարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Ես ամոթ եմ զգում. ամոթ՝ նման պաշտոնյաններ ունենալու համար: Դրանից հետեւություններ պետք է անի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը»,- ընդգծել է Դավիթ Իշխանյանը:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արզիկ Մխիթարյանը նշեց.

«Եթե նա կարող էր այդքան անլուրջ գտնվել եւ նման հայտարարություն անել, ապա դա արտակարգ մտահոգիչ է: Ես ինձ թույլ եմ տալիս արտահայտվելու, որ Նաղդալյանը չէր կարող այդքան մանկամիտ լինել եւ նման միտք արտահայտել: Կա՛մ դա մշակված քաղաքականություն է, որը մինչեւ հիմա մեզ հայտնի չէ /ինչը շատ վտանգավոր է/, կա՛մ էլ՝ մանկամտություն: Նա  պետք է խիզախություն ունենա հայցելու մեր ժողովրդի ներողամտությունը: Նման հայտարարությունը, իրոք, ապակողմնորոշում է մեր հասարակությանը եւ անկայուն իրավիճակ է ստեղծում:

Անձամբ ճանաչելով Հերմինե Նաղդալյանին՝ միշտ այն կարծքին էի, որ նա մեր խնդրի արդարացի լուծման ջատագովներից է, եւ եւրբեւէ չէի մտածում, որ  կարող է նման խոսքեր իրեն թույլ տալ»:

Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ այսօր Հեղինե Նաղդալյանը զանգել է ԼՂՀ ԱԺ՝ ասելով, որ նման հայտարարություն չի արել, եւ դա լրագրողական սխալ սղագրության պատճառ է:

«Պետք է ճշտել՝ դա թյուրիմացությո՞ւն է, թե՞ նա հենց այդ գաղափարների տերն է:Եթե տիկին Նաղդալյանը նման գաղափարների տեր է, ապա պետք է շատ լուրջ վերաբերել երեւույթին եւ լրջորեն դնել այդ հարցը: Իսկ եթե թյուրիմացություն է կամ լրագրողական ինչ-որ սխալ սղագրությունների արդյունք, ապա եւս մեկ անգամ անհրաժեշտ է հստակեցնել նրա կարծիքը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, այլապես մենք իրավունք չունենք նման քաղաքական գործչին վստահել Արցախի հիմնախնդրի լուծման առաքելությունը, քանզի նա նույն հաջողությամբ նման թյուրիմացություն թույլ կտա նաեւ ԵԽԽՎ-ում»:

ԼՂՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, խոսելով հարցի շուրջ, շեշտեց.

«Նաղդալյանի կարծիքն ինձ չի հետաքրքրում: Նա իր կարծիքը կարող է արտահայտել միայն իր ամուսնու մոտ: Այդպես էլ հրապարակեք կարծիքս: Ո՛չ Նաղդալյանը, ո՛չ ՀՀ նախագահը չեն կարող որոշել՝ Ղարաբաղը պե՞տք է արդյոք բան տա, թե՞ ոչ: Գուցե մինչեւ ապրիլի 1-ը կարող էին, ապա ապրիլի 1-ից իրադրություն է փոխվել: ՀՀ-ի  զիջողական դիրքերն են պատճառը, որ այսօր Ադրբեջանը Հայաստանն անվանում է արևմտյան Ադրբեջան: Հերմինե Նաղդալյանը թող դրան պատասխան տա»:

«Վերածնունդ » խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանն էլ նշեց.

«Պետք է նկատել, որ ԱԺ փոխնախագահի կողմից արված հայտարարությունները ամբողջովին պարտվողական և զիջողական են, ինչը ոչ միայն վիրավորում է Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին, այլև զգալի թուլացնում է Հերմինե Նաղդալյանի՝ կուսակցի դիրքը բանակցություններում: Երբ որ այդ նույն կուսակցության ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահը, գնում է բանակցությունների և իր կուսակցության բավականին բարձրաստիճան դեմքը՝ Աժ փոխնախագահը, հայտարարում է, որ պատրաստ են տարածքներ զիջել, պատկերացնո՞ւմ եք այդ բանակցություններ վարողի դիրքը բանակցային սեղանի շուրջ կամ էլ՝ Ադրբեջանի դիրքը, որն արդեն իսկ գիտի, որ Սերժ Սարգսյանի կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը պատրաստ է զիջումներ անել Արցախի սահմանադրությամբ ամրագրված շրջաների շուրջ: Ինչպե՞ս կպահի իրեն Ադրբեջանը. բնականաբար, ավելի լկտի:

Մյուս կողմից՝ ամբողջովին անբարոյականություն է, երբ որ զինվորը կանգնած է սահմանին և կյանքի գնով պահում է դիրքը, նմանատիպ հայտարարություններ անել: Կրկնակի անբարոյականություն է այդ շրջաններում ապրող բնակիչների տեսնակյունից, որովհետև մարդիկ այնտեղ ապրում են, այնտեղ աշխատում և արարում, իսկ ինչ-որ մի պաշտոնյա հայտարարում է իրենց հողերը կամ իրենց տները հանձնելու մասին:

Ավելին՝ վտանգավոր է նաև նրանով, որ լուրջ հարվածներ է հասցնում այդ շրջաններում նախատեսվող ներդրումային ծրագրերի համար»:

Խանումյանը եւս մտահոգություն հայտնեց Նաղդալյանի՝ Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գլխավորելու համար: Մի վայր, որտեղ Ադրբեջանը բավականին ակտիվ փորձում է տարբեր բանաձևեր ընդունել տալ:

«Հետևաբար, մի լուծում կա՝ Նաղդալյանը պետք է հրաժարական տա ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից և պետք է նաև հրաժարվի ԵԽԽՎ պատվիրակությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից»,- եզրափակեց Հ. Խանումյանը:

«Ժողովրդավարություն » խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.

«Ես, միանշանակ, այն կարծիքին եմ, որ ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել ԼՂՀ սահմանադրությունը, իսկ այն տարածքները, որոնց մասին խոսվել է ճեպազրույցի ժամանակ, մեր հանրապետության սահմանադրորեն անբաժանելի մասն են: Խոսել տարածքներ զիջելու մասին, ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ, իմ խորին համոզմամբ, ուղղակի անթույլատրելի: Ես չեմ բացառում նաեւ, որ ինչ որ բան այնպես չի ասվել կամ կոնտեքստից խոսք է դուրս մնացել, սակայն այն, ինչը տեսել եմ տեսագրության ձեւով, անընդունելի է: Եթե տիկին Նաղդալյանը կարծում է, որ իր խոսքերը կոնտեքստից դուրս են հրապարակվել, այդ իսկ պատճառով չեն ընկալվել, ապա նա հնարավորություն ունի հրապարակավ ճշտում մտցնելու այդ հարցում»:

Արմինե Նարինյան

http://aparaj.am/