Աղդամը և Ֆիզուլին՝ շփման գծի մյուս կողմից

2978

Ծանոթ. – Արցախ-Ադրբեջան շփման գիծը անցնում է Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլիի և Աղդամի շրջաններով: Այդ երկու շրջանների մի մասը Արցախի, մյուս մասը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ադրբեջանցի լրագրող Իլգար Վելիևը Ապրիլյան պատերազմի օրերին այցելել է Աղդամի և Ֆիզուլիի շրջաններ և Թբիլիսիի JAM NEWs լրատվամիջոցի համար պատրաստել այս գրությունը, որը ներկայացնում ենք ստորև, առանց մեկնաբանությունների ու միջամտությունների:

ԱՆԻ կենտրոն

Ղարաբաղյան օրագիր. ապրիլի 2-12

Պատմություններ Աղդամի և Ֆիզուլիի շրջանից

Իլգար Վելիև, Բաքու 16 ապրիլի 2016 

Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսելուն պես գործընկերներով մեկնեցինք սահմանամերձ գյուղեր: Շատ բան տեսանք և վերապրեցինք այդ երեք օրվա ընթացքում, այնպես որ «թեժ հետքերով» գրված իմ ֆեյբուքյան գրառումներից փոքր օրագիր ստացվեց: Մի բան հստակ կարող եմ ասել. տարբերությունն այն մարդկանց փորձի միջև, ովքեր կյանքը վտանգի էին ենթարկում և չէին կարողանում արկերի ձայների տակ քնել և նրանց, ովքեր ռազմական գործողություններին հետևում էին մայրաքաղաքից, ահռելի է:

Աղդամի շրջան
02.04

Աղդամի շրջան ենք հասել երեկոյան ժամը 9-ին: Գուզանլի գյուղում, որը շրջկենտրոնն է համարվում (Աղդամ քաղաքը 1993թ. հայկական զինուժի կողմից գրավելուց հետո), իրարանցում էր: Մարդիկ փողոցներում խմբեր էին կազմել և ակտիվորեն պատերզմն էին քննարկում. որ տեղանքն են վերցրել, քանի զինվոր է մահացել, զորամասերի վրա ընկած ականները և ինչպես են ռուսներն օգնում հայերին: Օրինակ, կարելի է լսել, որ «հայկական բանակը կառավարվում է Գյումրիում տեղակայված ռուսական բազայի կողմից»:

Բանակի հաջողությունների մասին լուրերն արագ տարածվեցին սոցցանցերում, հանրության մոտ ուրախություն կամ հիասթափություն առաջացնելով՝ երբ հաստատում չէին գտնում: Տեղեկատվությունն այն մասին, որ տեղացիները լքում են իրենց տները, Բաքվում ընկալեցին գրեթե որպես հողերի կորուստ: Մեզ համար Աղդամում տրամաբանական էր թվում, որ ծանր հրետանու մասնակցությամբ պատերազմի ժամանակ, երբ որևէ երաշխիք չկա, որ տունդ չի վերածվի մոխրի՝ ընկած արկից հետո, մարդիկ ինչ-որ ժամանակով հեռանում են:

Աղդամի շրջանի Բանոշվելի գյուղում մնացած ծերերն ու երիտասարդները հավաքվել էին մթերային խանութի մոտ: Ոմանք փորձում էին ալկոհոլում խեղդել վախի ու տագնապի զգացումը, սակայն ավելի մեծ էր այն մարդկանց թիվն, ովքեր չէին խմում և կշտամբում էին գյուղը լքողներին:

Աղդամի շրջանային իշխանությունները մեզ անհյուրընկալ դիմավորեց: Նոր էինք վերջացրել նկարահանումները, երբ շրջանի ոստիկանությունը գործադիր իշխանության ղեկավար Ռագուբ Մամեդովի որոշմամբ ձերբակալեց մեզ և տեղափոխեց շրջանային օլիմպիական համալիր, որտեղ նստում էր ղեկավարը:

Ճանապարհին ոստիկանական մեքենայում ինձ ուղեկցող իշխանության ներկայացուցիչը խնդրեց հարցուփորձի ժամանակ ասել, որ մենք ուզում էինք նկարահանումներ անցկացնել, սակայն նրանք թույլ չեն տվել: Հետո պարզվեց, որ ձերբակալումը նրա նախաձեռնությունն էր:

«Դուք այստեղ եք եկել առանց թույլտվության, հավատարմագրված չեք և կարող եք ստվեր գցել ռազմական գործողությունների վրա», – գործադիր իշխանության ղեկավարը բարեհամբույր չէր և խոսում էր «համակարգի աշխատակցին» շատ տիպիկ ոճով:

Ճանապարհից հոգնած՝ մենք նրա հետ չվիճեցինք, հատկապես որ նյութերն արդեն ուղարկված էին և հասկացանք, որ այլևս թույլ չեն տա նկարել:

Այդ գիշեր մեզ ուղարկեցին Աղդամի օլիմպիական համալիրի մի անհյուրընկալ սենյակ, իսկ հաջորդ օրը լքեցինք շրջանը:

Ֆիզուլիի շրջան
03.04

Ապրիլի 3-ին ուղևորվեցին Ֆիզուլիի շրջան, որի մի հատվածը հայերի վերահսկողության տակ է, այնպես որ շփման գիծը կիսում է այն երկու մասի: Ի տարբերություն Աղդամի շրջանի, այն վերահսկվում է բանակի կողմից: Ուշադրություն էր գրավում ժամանակակից տեխնիկան, զինծառայողների դեմքին արտահայտվող վճռականությունը և նրանց հստակ, հարթ աշխատանքը տեղի բնակիչների հետ: Այն գյուղերի բնակիչները, որտեղ մենք եղանք, իրենց պատերազմի կենտրոնում էին զգում, մենք նույնպես «Գրադ» հրթիռների ձայնից պատերազմական գործողությունների շունչ էինք զգացում:

Ֆիզուլիի բնակիչները տեսախցիկների առջև իրենց ավելի ազատ էին զգում, խոսում էին ավելի բաց, ավելի անկեղծ արտահայտում իրենց էմոցիաները, քան Աղդամի շրջանի մարդիկ: Շրջանային իշխանությունները ոչ մի կերպ չխոչընդոտեցին մեր աշխատանքը:

Երեկոյան մենք կրկին որոշեցինք վերադառնալ Աղդամի շրջան:

Աղդամի շրջան
03.04 – 04.04

Այս անգամ ուղևորվեցինք հայկական դիրքերի դիմաց տեղակայված գյուղ: Այն տան տերը, որտեղ մենք գիշերեցինք, անվտանգության նկատառումներով իր փոքր երեխաներին ուղարկեց Մինգեչաուր:

Տանտիրոջ խոսքով, նրա հարևանը, փորձելով հանգստացնել պայթյուններից վախեցած դստերը, ասել է, որ իրականում երկնքում փուչիկներ են պայթում, վախենալու բան չկա: Որին ի պատասխան աղջիկն ասել է, որ մարդիկ վատն են, ինքը չէր պայթեցնի այդքան փուչիկ, այլ կնվիրեր:

Մութն ընկնելուն պես արկերի աղմուկն ավելի ինտենսիվ և սարսափազդու է դառնում: Սակայն մենք այնպես էինք հոգնել, որ քունը վախից ուժեղ էր: Զարթնելով այն բանից, որ տունը դղրդաց արկերի պայթյունից՝ իմ գործընկեր Ռամինը բողոքեց, որ աղմուկը չի թողնում քնել: Դա մեզ զվարճացրեց: Պայթյունները չէին վախեցնում մեզ, ճիշտն ասած, ես հանգիստ էի, առաջին անգամ էի ես մեր բանակին այդքան հավատում: Հետո միայն, երբ սկսեցին թվեր հրապարակել, և զոհվածների թիվն ավելանում էր, սկսեցի հասկանալ, որքան կյանք են խլել ամեն օր այդ ձայները:

Բաքու
07.04. – 12.04

Վերադառնալով Բաքու՝ գնացի հոսպիտալ վիրավոր զինվորներին այցելության: Ամենաշատն ինձ հետաքրքրում էր զինծառայողների հետ կենդանի շփումը, որոնց վրա այնքան վստահ էինք այն գիշեր:

Այստեղ բոլորովին տարբեր մարդկանց տեսա՝ ուրախ, գնդակի կամ բեկորային վնասվածքների ցավը հաշվի չառնող, կամ, չնայած թեթև վնասվածքին, շրջապատից կտրված և մի կետի հայացքը հառած: Հետաքրքիր էր, թե ինչ էին մտածում այդ պահին: Ինձ թվում է, որ ես նրանց տեղը կմտածեի իմ առաջին պատերազմի մասին, այդքան մոտ եկած մահվան, բոլոր նրանց, ովքեր կենդանի են մնացել՝ չնայած վնասվածքներին, շրջապատող արյունոտ մարմինների մասին:

Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալում վիրավոր զինվորին հարցրի. «Ծառայակիցների հետ շփվո՞ւմ ես»: Եվ շոկի մեջ էի պատասխանից. «Կենդանի մնացածների՞»:

Հաջորդ անգամ զինծառայողներին նույն հոսպիտալում սպորտային լրագրողների հետ այցելելիս մենք ներս մտանք սպայի հիվանդասենյակ: Երբ նա իմացավ, որ սպորտային լրագրողներ են եկել, ժպիտով ասաց. «Ես Գարինչայի պես ֆուտբոլ եմ խաղալու» (Գարինչան հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ է եղել: Մի ոտքը մյուսից կարճ է եղել – հեղ.): Տեսնեմ՝ երբ եմ ապաքինվում: Հենց ոտքի կանգնեցի ցույց կտամ բոլոր ծառայակիցներիս, թե ինչ բան է վոլեյբոլը»: Եվ հետո միայն իմացանք, որ ինքնատիրապետումը չկորցրած այս սպայի ոտքն անդամահատել են:

Իսկ մյուս զինվորն անդադար ժպտում էր: Ինձ հետ միասին հիվանդասենյակ մտած կանանցից մեկի աչքերին արցունք տեսնելով՝ ասաց. «Արտասվողները թող հիվանդասենյակս չմտնեն»: Զինվորը ողջ ընթացքում պատմում էր այն մասին՝ թե ինչպես մարտադաշտում հրամանատարը փրկեց իրեն՝ վիրավորին: Ընդհանուր առմամբ, զինվորների հետ շփման ընթացքում պարզվեց, որ այդ կարճաժամկետ պատերազմում առավել շատ խիզախություններ է գործել սպայական կազմը:

Հոսպիտալում պատահաբար տեսա ժողովրդական արտիստուհի Մալեյկա Ասադովային: Նա խոսում էր զինվորների մայրերի հետ, ոգևորում նրանց: Եվ դա խաղ չէր տեսախցիկի առջև, քանի որ տեսախցիկներ այնտեղ չկային:

Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

http://www.jam-news.net/Publication/Get/hy-AM/1654