Օսկանյանի պատասխանը Տեր-Պետրոսյանին

2841

Ուշադրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և ուզում եմ արձագանքել դրանում տեղ գտած Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի և իմ նախարարության շրջանի արտաքին քաղաքանությանը վերաբերող որոշ մտքերի և մեղադրանքների:

Նախ նշեմ 1998-2008 թթ. Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում միայն Թուրքիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի քանի անհերքելի փաստեր:

Առաջին, հնարավոր է եղել արտաքին քաղաքականության օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հասնել տասնհինգ նոր երկրների կողմից այդ փաստի ընդունմանը՝ միաժամանակ կարողանալով պահպանել Թուրքիայի հետ բոլոր տեսակի դիվանագիտական շփումները:

Երկրորդ, հնարավոր է եղել ապացուցել աշխարհին և հայաստանյան հոռետեսներին, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ կարելի է տարիներ շարունակ ունենալ երկնիշ տնտեսական աճ, ներգաղթ, իսկ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հասնել բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը:

Երրորդ, հնարավոր է եղել տասը տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով պահպանել, թեկուզ և փխրուն, խաղաղությունը և խուսափել մեծ թվով զոհերից և ավերածություններից: Դա հաջողվել է ոչ միայն ռազմական հավասարակշռության պահպանման, այլև արդյունավետ, թեկուզև դժվար, դիվանագիտական աշխատանքի, տնտեսական աճի և քաղաքական կայունության շնորհիվ:

Այժմ անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկությունն ընդունելու և Մադրիդյան փաստաթղթի երևան գալու մեղադրանքներին:

2013թ. լույս տեսած իմ «Անկախության ճանապարհով» գրքում մանրամասն անդրադարձել եմ այս երեք թեմաներին: Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու կամ չլինելու մասով (էջ 184-188), Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովի մասով (էջ 153-154) և Մադրիդյան փաստաթղթի մասով (էջ 198-200): Առանց խորանալու մանրամասների մեջ՝ այդ երեք հարցերի կապակցությամբ ասեմ հետևյալը:

Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997թ. ապրիլին՝ Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով: Այդ հանդիպմանը Ադրբեջանի պատվիրակությունը, ոգևորված 1996թ. դեկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունից, նոր պայմաններ փորձեց պարտադրել բանակցային փաստաթղթում: Հայաստանի պատվիրակությունը, որ գլխավորում էի ես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մերժեցինք առաջարկվածը: Դրանով ավարտվեց ոչ միայն այդ օրվա հանդիպումը, այլև Ադրբեջանի համառության պատճառով դադարեցին այդ ձևաչափով հանդիպումներն ընդհանրապես:

Այդ օրվանից հետո այդ ձևաչափով հանդիպում չի եղել: Այլ կերպ ասած, երբ 1998թ. ապրիլին ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղն այդ առումով արդեն մոտ մեկ տարի էր, ինչ նման ձևաչափով չէր մասնակցում բանակցություններին: Այդ մեկ տարվա ընթացքում՝ բանակցությունների ձևաչափի չեղարկումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով շարունակվել են հանդիպումները, և նախագահ Տեր-Պետրոսյանն առնվազն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահին. մարտի 28-ին՝ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ; ապրիլի 28-ին՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ; հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում; հոկտեմբերի 23-ին՝ Քիշնևում:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է և տեսանելի: Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստ մերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են: Ի դեպ, թուրք պաշտոնյաները ակնհայտ պատճառներով պնդում են, թե Քոչարյանը պատասխան չի տվել իրենց:

Վերջապես, Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ:

Առայսօր վեց տարբեր փաստաթղթեր են հայտնվել բանակցությունների սեղանին՝ Հակամարտության հետևանքները վերացնելու ռուսական առաջարկությունը; Մինսկի խմբի համանախագահողների 1997թ. փաթեթային և փուլային առաջարկները; Պրիմակովի ընդհանուր պետության առաջարկը; Քի Վեստի փաստաթուղթը և վերջապես՝ Մադրիդյանը: Այս բոլոր փաստաթղթերը տարբեր ժամանակներում, մասնակի կամ ամբողջությամբ, հրապարակվել են հայկական մամուլում: Կարող եք ինքներդ կարդալ, համեմատել և անել սեփական եզրահանգումները:

Վերոնշյալ ամենը՝ իմիջիայլոց։ Նախագահի հարցազրույցում ինձ համար առավել մտահոգիչ և անընդունելի է հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։

Ես ենթադրում եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների՝ առհասարակ անցած ութ տարիների սխալներին և բացթողումներին։ Բայց հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը։

Իսկապես, տարիներ շարունակ փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեին մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների, արդարության ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ:

Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների,
ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:

Բանակցություններում իրեն ինքնավստահ կարող է զգալ միայն այն երկրի ղեկավարը, ով ներքուստ գիտի, որ ընտրվել է ժողովրդի ազատ կամքով: Այն ղեկավարը, որի հետևում ուժեղ և արդիական բանակ է, հակակշիռների վրա կառուցված արդյունավետ պետական համակարգ, առողջ հասարակություն և ուժեղ տնտեսություն։