Արցախյան կողմի կորուստները ապրիլի 7-ի դրությամբ

1902

Ապրիլի 6-ի երեկոյան դրությամբ, ինչպես հերթական մամուլի ասուլիսում ներկայացրեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը, հայկական կողմը ապրիլի 1-ից սկսված Ադրբեջան-Արցախ պատերազմում տվել է.

32 զոհված զինծառայող, որից 8 սպա-ենթասպա,

25 անհետ կորած զինծառայող,

121 վիրավոր զինծառայող, որից 24 սպա-ենթասպա:

Եթե հավելենք ապրիլի 6-ի երեկոյան Թալիշի ուղղությամբ մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արմեն Կառլենի Գասպարյանին, ապա հայկական կողմի զոհերը կլինի 33 հոգի:

Արցախյան զինուժը կորցրել է.

14 տանկ

4 ՀՄՄ

ԱՆԻ կենտրոնի տեղեկություններով՝ հյուսիս-արևելյան՝ Թափկարակոյունլու-Թալիշ/Մատաղիս ուղղությամբ, Արցախյան բանակը վերատիրել է ավելի վաղ կորցրած բոլոր ռազմական հենակետերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ Արցախյան բանակը լիովին չի վերատիրել ավելի վաղ կորցրած 5 հենակետերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Լելե թեփե բլուրին, որը, գնդապետ Առուստամյանի խոսքերով, գտնվում է շփման գծի միջդիրքային հատվածում: Գնդապետը ասել է, որ այդ բլուրը, որ կարևոր նշանակություն չունի, հակառակորդի կողմից գրավված է:

Արցախյան կողմի տվյալներով՝ ադրբեջանի մարդկային և զինուժի կորուստները բազմապատիկ ավելի են.

24 տանկ,

12 անօդաչու թռչող սարք,

6 զրահապատ մեքենա,

2 ուղղաթիռ,

1-ական՝ «Գրադ», ՀԿՌՀ, ինժեներական մեքենա, ՀՄՄ, ՏՕՍ-1Ա հրանետ:

Ադրբեջանի մարդկային կորուստները, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 50-ից 300-ի սահմաններում: