Աճեմօղլու vs Սերժ Սարգսյան

2193

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի հետ զրույցում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն ասել է, որ «նախկին կոմունիստական և սոցիալիստական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ Բեռլինի պատի փլուզումից հետո բոլոր այն երկրներում, որտեղ հաստատվել է տոտալիտար կամ ավտորիտար կառավարում, դա տեղի է ունեցել, երբ ինչ-որ մեկը՝ Կոմկուսից, ԿԳԲ-ից կամ հատուկ ծառայություններից, դարձել է  պետության ղեկավար, որն իրեն բարեփոխիչ է անվանել»:

«Սկսած Ռուսաստանից՝ մինչև Տաջիկստան, Ուզբեկստան, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա ու Բելառուս: Այս բոլոր երկրները դժվար է անվանել հաջողակ»,- ասել է ազգությամբ հայ, Թուրքիայում ծնված Աճեմօղլուն: Աշխարհում մեծ ճանաչում գտած «Ինչու են պետություները ձախողում» գրքի հեղինակ Աճեմօղլուն «Դոժդի» եթերում այս պնդումն արել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարեփոխիչ առաջնորդները կարող են ուժեղ իշխանության միջոցով արագացնել բարեփոխումները:

Նա նշել է, որ կան հազվագյուտ բացառություններ, օրինակ՝ Սինգապուրը, որի առաջնորդ Լի Կուան Յուն երկրում էական բարեփոխումներ է արել. «Սակայն նման բացառությունները հազվադեպ են, դրանք ավելի շուտ կանոններից շեղում են: Իսկ կանոնն այն է, որ այդ բռնապետերը վաղ թե ուշ հրաժարվում են բարեփոխումների ուղուց այն պահին, երբ պարզում են, որ իրենց ձեքում է կենտրոնացված ամբողջ իշխանությունը: Ամենակարևորը, որ ավտորիտար այդ վարչակազմը չի նպաստում հասարակության վերակազմակերպմանը նույնիսկ այն պարագայում, երբ այսպես ասենք՝ ճիշտ ուղերձն ու հրամաններն ուղղված են անհրաժեշտ ուղղությամբ»:

Աճեմօղլուն ասել է, որ շատ կարևոր է ինքլյուզիվությունը (inclusiveness), ներառող քաղաքական ինստիտուտները: [Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնն իրենց հեղինակած «Ինչու են ձախողում պետությունները» աշխատությունում պնդում են, որ պետությունների հաջողության համար էական չեն բնական ռեսուրսները, աշխարհագրությունը և այլ գործոններ, էական է, թե կոնկրետ երկրում ներառո՞ղ (inclusive), թե՞ կեղեքող (extractive) քաղաքական ինստիտուտներ են գործում]:

Աճեմօղլուն ընդգծել է, որ հաջողել են, օրինակ, բալթյան երկրները, Լեհաստանը. «Այնտեղ չի եղել որևէ ակնհայտ ազգային առաջնորդ: Դրա փոխարեն եղել է կոնսենսուս, որը բխում էր հանրության ավելի լայն զանգվածներից: Դա քաղաքական նոր համակարգ կառուցելն էր և արդեն իսկ դրա հիմքի վրա տնտեսական բարեփոխումների իրականացումը»:

Սերժ Սարգսյանը վկայակոչում է Աճեմօղլուին

«Դոժդի» եթերում ԱՃեմօղլուի հարցազրույցի հրապարակումից հետո Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը՝ վկայակոչելով հենց նրան և նշելով, թե երկրում աշխատանք է կատարվում ինստիտուտների զարգացման համար, և Հայաստանում Սահմանադրության փոփոխության նպատակներից էր նաև դա:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր.

«Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական և քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը և հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության:

Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաև մեր փորձով ապացուցել դարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաև հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին»: