Ալլահ Վերդիից՝ Ալավերդի

4799

Լոռվա ձորի և Հայաստանի գեղեցկագույն բնակավայրերից մեկի՝ Ալավերդի քաղաքի անունը Ալլահ Վերդի է: Թ(յ)ուրքերենից թարգմանաբար դա կնշանակի Աստծո տված: Այսպիսով՝ Հայաստանի քաղաքներից մեկի անունը թ(յ)ուրքական է, որքան էլ մենք Ալլահ բառի Հ-ն հանենք և օգտագործենք “հայեցի” Ալավերդի ձևը:

Ի դեպ, տասնամյակներ առաջ՝ Խորհրդային Հայաստանի տարիներին և նախախորհրդային շրջանում, նախքան Ալավերդի վերափոխելը, այս բնակավայրը կրում էր Ալլահվերդի, Զիգմատնի հանքեր, Ալլահվերդի պղնձահանքեր, Պիրիտիկ անունները:

Մանես անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է հանք, հանքեր:

Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին, ապա և 1990-91 թթ., Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր և տեղանուններ, որոնք կրում էին թ(յ)ուրքական կամ ասենք՝ մուսուլմանական անուններ, վերանվանվեցին և ստացան հայեցի անուններ:

Ալավերդին այդպես էլ մնաց Ալավերդի:

Ինչո՞ւ:

Ինչո՞ւ չենք հրաժարվել Ալավերդի անունից Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում:

Պե՛տք է փոխել Ալավերդի անունը և դնել նոր անուն, որը կլինի հայեցի, ինչպես նաև՝ համահունչ կլինի քաղաքի աշխարհագրական դիրքին և պատմությանը:

Ցանկության դեպքում, կարելի է գտնել նոր, լավ անուն:

Օրինակ, Դեբեդ՝ համանուն գետի անունով:

Տասնամյակներ առաջ՝ խորհրդային տարիներին, Ախտա բնակավայրը վերանվանվեց Հրազդան համանուն գետի անունով: Հետևաբար, ինչո՞ւ չունենանք նաև Դեբեդ անունով քաղաք:

Հնարավոր է նոր անուններ ևս առաջարկել: Բայց նախ և առաջ անհրաժեշտ է, որ Լոռու մարզային և Ալավերդու քաղաքային իշխանությունները նման ցանկություն և շահագրգռվածություն դրսևորեն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն