Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
«Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:
Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:
Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան, և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:
ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:
ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
_________________________________
Ամենուր արագաչափեր են ու փոսեր
Հայաստանի ճանապարհների վիճակը այսօր հիշեցնում է 90-ական թվականները: Այն ժամանակ պատերազմ էր, Հայաստանը նոր էր անկախացել, տնտեսությունը ծանր վիճակի մեջ էր, ամեն բան արվում էր ռազմաճակատի համար, հետևաբար՝ ճանապարհների վատ ու քարքւքանդ վիճակը բնական էր համարվում:
Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում կտրել եմ մի քանի հազար կիլոմետր ճանապարհ և կարող եմ ասել, որ ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական ճանապարհները խայտառակ վիճակում են: Սովորաբար գարնանը Հայաստանի ճանապարհները ավելի են փոսառատ դառնում տեղացած ձյան հետևանքով: Ժամանակին ձյունը չմաքրելու պատճառով ասֆալտը ավելի շուտ է շարքից դուրս գալիս:
Սիսիան-Գորիս հատվածը, որը Հայաստան-Իրան և Հայաստան-Արցախ մայրուղու մի մասն է, դարձել է դժվարանցանելի հազարավոր փոսերի պատճառով: Այո, մի զարմացեք, մոտ 30 կիլոմետրանոց այդ հատվածում հազարավոր փոսեր կան: Ավելի տանելի վիճակում է Գորիս-Ստեփանակերտ հատվածը:
Խայտառակ վիճակում է նաև Երևան-Վանաձոր ճանապարհը, ընդ որում՝ այնքան էլ մեծ չէ տարբերությունը, թե որ ուղին ես ընտրում՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձո՞ր, թե՞ Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր: Քարուքանդ վիճակում է հատկապես Դիլիջան-Վանաձոր հատվածը:
Ճանապարհների քարուքանդ վիճակը մի կողմից, այդ ճանապարհներին ավելացող արագաչափերը՝ մյուս կողմից, առաջ են բերում վարորդների արդար զայրույթը: Ժամանակին, երբ հանգուցյալ Քըրք Քըրքորյանի տասնյակ միլիոնավոր դոլար ներդրումների շնորհիվ հանրապետական և մարզային նշանակության բազմաթիվ ճանապարհահատվածներ վերանորոգվեցին, Հայաստանում երթևեկելը ճահելի էր ու երազային: Ալպիական բնությունը, սաղարթախիտ անտառները, լեռնային ոլորանները, ճանապարհի հարևանությամբ հոսող արագընթաց գետերը հմայում էին մարդուն:
Հիմա վարորդներն ու ուղևորները սևեռվում են կամ փոսերի կամ արագաչափերի ու տեսախցիկների վրա: Մարտի 18-ին Վանաձորից Երևան վերադարձի ճանապարհին որոշեցի հաշվել արագաչափերը, երբ հաղթահարել էինք քարուքանդ Դիլիջան-Վանաձոր հատվածը և դուրս եկել հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքից:
Երկու արագաչափ է դրված Սպիտակ քաղաքում՝ մեկը՝ քաղաք մտնելիս, մյուսը՝ դուրս գալիս: Սպիտակից մինչև Արագածոտնի մարզի առաջին գյուղը՝ Ծիլքար, մոտ 10 կիլոմետր հատվածում արագաչափեր չկան, քանի որ էլեկտրականություն չկա, իսկ առանց էլեկտրականության արագաչափերը չեն կարող աշխատել:
Արագաչափերի իսկական տարափ սկսվում է Ծիլքարից Աշտարակ հատվածում: Մոտ 60 կիլոմետր ճանապարհի վրա տեղադրված է 10 արագաչափ: Առաջին արագաչափը դրված է Ծիլքար գյուղում: Հաջորդ գյուղը Գեղարոտն է, որտեղ նույնպես տեղադրված է: Ծիլքարից Գեղարոտ հեռավորությունը մեկ-երկու կիլոմետր է: Հաջորդ գյուղը քրդաբնակ Ջամշլուն է, որտեղ նույնպես կա արագաչափ: Ջամշլուից դեպի հաջորդ քրդաբնակ գյուղ՝ Ալագյազ, մեկ-երկու կիլոմետր է, այնտեղ էլ կա արագաչափ: Ալագյազին հաջորդում է երրորդ քրդաբնակ գյուղը՝ Ռյա Թազա, որտեղ նույնպես կա արագաչափ: Այսպիսով, ընդամենը 10 կիլոմետր՝ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհի վրա տեղադրված է հինգ հատ արագաչափ: Ինչո՞ւ:
Շարունակենք ընթացքը: Ռյազ Թազային հաջորդում է Ապարան քաղաքը, որտեղ դրված է երկու արագաչափ՝ մեկը՝ քաղաք մտնելիս, մյուսը՝ դուրս գալիս: Ապարանից հետո Քուչակ գյուղն է, որտեղ նույնպես կա արագաչափ: Մինչև Աշտարակ հասնելը արագաչափեր են դրված նաև Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում:
Այսպիսով, Սպիտակից մինչև Աշտարակ 70-75 կիլոմետր ճանապարհահատվածում տեղադրված է 13 արագաչափ: Հարց. շատ չէ՞:
Հայաստանում կան ճանապարհահատվածներ, որտեղ արագաչափեր ընդհանրապես չկան կամ հատուկենտ են: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև ճանապարհի այդ հատվածներում չկա էլեկտրականություն, իսկ առանց էլեկտրականության արագաչափերը չեն աշխատում:
Որտեղ չկան արագաչափեր, այնտեղ կարելի է տեսնել ոստիկանական մեքենաներ: Ամենափոքր խախտման իսկ դեպքում նրանք կազմում են արձանագրություն և տուգանում վարորդներին:
Անշուշտ, վարորդները պետք է հարգեն երթևեկության կանոնները: Արագաչափերը և մյուս տեսագրող սարքերը՝ տեսախցիկները, որոնք տեղադրված են կամ տեղադրվում են Հայաստանի ճանապարհներին և Երևանի խաչմերուկներում, պետք է ծառայեն երթևեկության կարգավորմանը և որպես արդյունք՝ ճանապարհային արկածների և դժբախտ պատահաների նվազեցմանը:
Վերջին տարիներին Երևանի խաչմերուկներում և Հայաստանի ճանապարհներին տեղադրվել են շուրջ 200 տեսագրող սարքեր և արագաչափեր: Երթևեկությունը, ակնհայտորեն, բարելավվել է: Սակայն մյուս կողմից, չեն պակասել ո՛չ ճանապարհային արկածները և ո՛չ էլ դրանց հետևանքով մահվան դեպքերը: Ավելին, դրանք ավելացել են:
Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, դրանք բնակավայրերում և ավտոմայրուղիներին տեղադրում է ոստիկանությունը: Արձանագրված խախտումներից գանձվող գումարների 70 տոկոսը ստանում «Սեքյուրիթի Դրիմ»-ը, 30 տոկոսն անցնում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: Ընկերությունը 25 տարի սպասարկման պայմանագիր է կնքվել՝ պարտավորվելով 2011-2017 թվականների ընթացքում մոտ 10 միլիոն եվրոյի (մոտ 5,5 միլիարդ դրամ) ներդրումներ կատարել: Խոստացած ներդրումները ընկերությունը 6 տարվա փոխարեն կատարել է երկու տարվա ընթացքում, և նույն ժամանակահատվածում էլ հետ է բերել կատարած ներդրումը՝ ստանալով 13,5 միլիոն եվրոյի եկամուտ:
Նախորդ շաբաթ ես ավտոմեքենայով մեկնել էի Թբիլիսի: Վրաստանի ճանապարհները իրենց որակով ակնհայտորեն գերազանցում են հայկական ճանապարհին: Որոշ հատվածներում ճանապարհները եվրոպական որակի են: Այդ երկրում արագաչաձեր ու տեսախցիկներ չկան, իսկ ճանապարհային ոստիկանությունը հազվադեպ է կանգնեցնում վարորդներին:
Թաթուլ Հակոբյան
20 մարտ, 2016