Սերժ Սարգսյանը այս անգամ ցավակցական գիր չի հղում Ռեջեփ Թայիփ Էրդողանին

1506

Սերժ Սարգսյանը ցավակցական գիր չի հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված երեկ՝ մարտի 13-ին, Անկարայում արձանագրված ահաբեկչության զոհերի և վիրավորների հետ: Ավելի քան երեք տասնյակ մարդ է զոհվել, ևս ավելի քան 100-ը վիրավորվել Թուրքիայի մայրաքաղաքի ահաբեկչական գործողության հետևանքով:

Նախորդ երկու խոշոր ահաբեկչությունների առիթով Սարգսյանը, մինչդեռ, ժամեր անց ցավակցություն էր հայտնել Էրդողանին:

Հուլիսին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ ավանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ Սարգսյանը Էրդողանին ուղարկած ցավակցական հեռագրում գրել էր. «Ձերդ Գերազանցություն. ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ապա հոկտեմբերին Անկարայի ահաբեկչության առիթով էր Սարգսյանը հեռագիր հղել Էրդողանին՝ խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ի միջի այլոց, հիշեցնենք, որ այս երկու ահաբեկչություններն էլ տեղի էին ունեցել նախքան 2015-ի նոյեմբերի 24-ը, երբ Քեսաբի երկնքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչը, որի հետևանքով Մոսկվա-Անկարա հարաբերությունները խիստ լարվեցին և շարունակում են մնալ լարված:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ին պաշտոնական այցով կլինի Հունաստանում և Կիպրոսում, երկրներ, որոնց հետ, հատկապես Կիպրոսի, Թուրքիան ունի բարդ հարաբերությունների պատմություն և ներկա:

Ավելնորդ չէ հիշել, որ չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը, երբեմն օգտագործելով ճոխ բառապաշար: Այսպես 2010-ին նա գրել էր. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Փոխադարձաբար, Գյուլն էլ շնորհավորում էր Հայաստանի Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ը՝ հեռագիր հղելով Սարգսյանին: Ընդ որում, միմյանց ազգային տոները շնորհավորելը նախաձեռնել էր Գյուլը՝ առաջինը 2010-ին շնորհավորելով Սարգսյանին:

Երբ 2014-ին Էրդողանը դարձավ նախագահ, Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները դադարեցրին միմյանց ազգային տոները շնորհավորելու ձևավորվող ավանդույթը: Ընդ որում, առաջին դադարեցնողը եղավ Էրդողանը, քանի որ նա 2014-ի ամռանը նախագահ էր և հնարավորություն ուներ Սեպտեմբերի 21-ին շնորհավորական գիր հղել Սարգսյանին:

Թաթուլ Հակոբյան