Շուրջ 200 հոգի էր հաւաքուել մարտի 4-ի կէսօրին Հայաստանի Ազգային գրադարանի Թամանեանական մասնաշէնքի մեծ դահլիճում` ներկայ գտնուելու յունահայոց թեմի առաջնորդ Խորէն արք. Տողրամաճեանին նուիրուած բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանի «Աղօթարան» գրքի շնորհանդէսին: Այդ օրը լրանում էր սրբազան հօր ծննդեան տարեդարձը:
Շնորհահանդէս-հաւաքոյթը, որ կազմակերպել էին հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնը, Հայաստանի Գրողների միութիւնը եւ հայաստանի Ազգային գրադարանը, ձգուեց աւելի քան երկու ժամ: Միջոցառումը վարում էր գրականագէտ Երուանդ Տէր Խաչատուրեանը:
Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեան խօսքը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի միաբաններից Նաթան արք. Յովհաննիսեանը:
Քնարերգ ու բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանի նախաձեռնութիւնը կարեւորեցին եւ զեկուցումներով հանդէս եկան Հայաստանի Գրողների միութեան նախագահը, բանաստեղծի գրչակից ընկերները եւ գրականագէտներ:
Հաւաքոյթին ներկայ էին Հայաստանի սփիւռքի եւ կրթութեան ու գիտութեան նախարար Հրանուշ Յակոբեանն ու Լեւոն Մկրտչեանը: Ելոյթ ունեցողները ընդգծում էին սրբազան հօր` Յունաստանի հայ համայնքում ծաւալած, ինչպէս նաեւ Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման բազմաշնորհ ու բացառիկ գործունէութիւնը:
Ողջոյնի խօսքում սփիւռքի նախարարը շնորհաւորեց յունահայոց թեմի առաջնորդին` ծննդեան տարեդարձի առթիւ եւ կարեւորեց Յունաստանի հայ համայնքում հայապահպանութեանն ուղղուած, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների իրականացման գործում սրբազանի ջանքերը:
«Համոզուած եմ, որ այս ամենածաղկուն եւ բեղմնաւոր տարիքում նորանոր ձեռնարկներով եւ բազմաթիւ գործերով դուք նոր լիցքեր կը հաղորդէք հայոց թեմին, եւ մենք ականատեսը կը լինենք ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրակացմանը»,- ընդգծեց Հրանուշ Յակոբեանը:
Այնուհետեւ նախարարն անդրադարձաւ բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանի «Աղօթարան» գրքին` նշելով. «Յովհաննէս Ղազարեանը պոէզիայի միջոցով իւրովի է մեկնաբանել Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորէն արք. Տողրամաճեանի հոգեւոր եւ ազգային գործունէութիւնը` այն անմահացնելու համարձակ նախաձեռնութեամբ»:
Սփիւռքում հայագիտութեան զարգացման, Հայաստան-սփիւռք գործակցութեան ամրապնդման գործում ունեցած ծառայութիւնների համար նախարար Յակոբեանը Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորէն արք. Տողրամաճեանին պարգեւատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան համատեղ «Յակոբ Մեղապարտ» մետալով:
Ապա բարձրախօսին մօտեցաւ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը: Նա յիշեցրեց, որ սրբազան հօր գործունէութեանը ծանօթ է դեռ այն ժամանակ, երբ նա ծառայում էր Սալոնիկում: Նախարարը գնահատանքի խօսքեր ասաց Խորէն արքեպիսկոպոսի հոգեւոր եւ համայնքային գործունէութեան մասին եւ ի գնահատումն` նրան պարգեւատրեց նախարարութեան յուշամետալով:
Կարճ եւ սրտառուչ խօսք ասաց նաեւ Խորէն սրբազանը: Նա յիշատակեց ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներ Գարեգին Բ.-ին եւ Արամ Ա.-ին, իր ծնողներին` Յակոբ Տողրամաճեանին ու Նազելի Օհանեան-Տողրամաճեանին, Պիքֆայայի դպրեվանքի իր ուսուցիչ Գէորգ Գանտահարեանին:
Շնորհահանդէս-հաւաքոյթի վերջին հատուածը հոգեւոր երաժշտութիւն էր: Բեմ բարձրացաւ Երեւանի Սուրբ Զօրաւոր եկեղեցու երգչախումբը: Հոգեւոր կատարումներին միացաւ նաեւ Խորէն սրբազանը: Ապա տեղի ունեցաւ գինեձօն-հիւրասիրութիւն եւ գրքի մակագրում:
«Աղօթարան» գրքում, համանուն պոէմից բացի, ներառուել են Խորէն սրբազանի կենսագրութիւնը եւ մի քանի տասնեակ լուսանկարներ, այդ թուում` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի, Հռոմի պապի, իր ծնողների հետ:
Լրագրողների հարցին ի պատասխան` Խորէն սրբազանը ասաց, որ «Աղօթարան»-ում խօսւում է մարդկային արժէքների, մարդու` դէպի Աստուած բարձրանալու, մարդու անկման մասին, եւ թէ ինչպէ՛ս մարդն իր բարութեամբ կարողանում է յաղթահարել դժուարութիւնները: «Ինչ-որ ձեւով սա մեր հոգեւոր գրականութեան վերազարթնումն է: Եթէ զգուշութեամբ կարդանք պոէմը, այնտեղ պիտի տեսնենք նարեկեան շունչ, Շնորհալիի շունչ, Մանդակունիի շունչ», ասաց սրբազանը:
Բանաստեղծ Յովհաննէս Ղազարեանը իր պոէմը նմանեցրել է աղօթարանի` դրանց մասերը անուանելով խորաններ: Նա ասաց, որ պոէմը գրելու ընթացքում իր ներշնչանքի աղբիւրը եղել են Խորէն սրբազանի իմաստասիրական գործերը, քարոզներն ու աղօթքները:
«Աղօթարան» պոէմը կազմուած է մուտքից եւ 16 խորաններից:
Ահա մի հատուած պոէմից.
ՄՈՒՏՔ
Տէ՛ր, ներիր դու ինձ, որ իմ Ասքի մէջ
Պիտի դառնութեան երանգներ հնչեն,
Որ խռովայոյզ խորքով կարեւեր
Պիտի անդորրդ խռովել փորձեմ:
Առաջինն եմ ես գուցէ շատերից,
Որ խօսքիդ հանդէպ համր եմ ձեւացել,
Որ չեմ անսացել պատուիրաններիդ
Որ մեղքիս խորշը Քո դէմ չեմ բացել:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
ԱԶԴԱԿ, 7 Մարտի, 2016թ.