«Քաջազնունու ընտանիքի պատմությունը հետաքրքրական է իր ողբերգականությամբ»

2321

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ վերահրատարակվել են Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլեւս», Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբեն Դարբինյանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիին», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքերը։

«Անի» կենտրոնի համակարգող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը, «Հայ գիրք» գրախանութում ներկայացնելով գրքերը, նշեց, որ, հիմնադրելով կենտրոնը, նպատակ է դրել վեր հանել մեր պատմության բոլոր այն հարցերը, որոնց մասին չեն սիրում խոսել։ Նրա գնահատմամբ, պատմությունը պետք է ներկայացնել իր ամբողջ մերկության մեջ, որովհետեւ մեր պատմության վրա շատ տարբեր թիկնոցներ են գցել տարբեր գաղափարախոսությունների պատճառով։

«Քաջազնունին, լինելով խորը եւ հակասական անձնավորություն, ինքը հիմնական հետեւյալ հարցն էր դնում, ասում էր՝ հարգելի դաշնակցական ընկերներ, կոմունիստները եկել են իշխանության, եւ սրանք իշխելու են երկար տարիներ, չնայած դաշնակցականներ կային, որոնք ասում էին՝ սրանք 2 տարուց ավել չեն մնա, բայց պարզվեց՝ 70 տարի մնացին։ Այսինքն՝ նրա հիմնական մեսիջն այն էր, որ սրանք հեռացողը չեն, եւ եկեք սրանց ինչ-որ ձեւով օգնենք եւ Հայաստանը փրկենք։ Քաջազնունին ինքը 23թ.-ին զեկուցագիր ուղարկեց ՀՅԴ խորհրդաժողովին, որը մասամբ ընթերցվեց, այդ գրությունը նա հրատարակեց առանձին գրքով՝ «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի» վերնագրով, եւ հեռացավ այն կուսակցությունից, որին անդամակցում էր 30 տարի»։

Թաթուլ Հակոբյանի գնահատմամբ, Քաջազնունու ընտանիքը մեկ առանձին հաստափոր հատորի թեմա է հայ ուսումնասիրողների համար, եւ միշտ զարմացել է, որ Քաջազնունու մասին այդքան քիչ են գրում. «Նրա ընտանիքի պատմությունը հետաքրքրական է իր ողբերգականությամբ, Քաջազնունու որդիներից մեկն սպանվեց Ղարաքիլիսայի ճակատամարտում՝ 20 տարեկանում, մյուս որդին սպանվեց 20թ.-ին՝ այսօրվա Մասիսի հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ, 3-րդ որդին գերվեց Կարսի անկման ժամանակ, իսկ 4-րդ որդին՝ Հայրենական մեծ պատերազմում։ Աստված չանի՝ պատերազմ սկսվի, դուք պատկերացնո՞ւմ եք, մեր նախկին եւ ներկա վարչապետի որդիները որտե՞ղ կլինեն։ Ահա, սա էր նաեւ Քաջազնունու հայրենասիրությունը»։

Չնայած հեղինակը պատրաստ է ցանկացած քննադատություն լսելու, բայց կարծում է, որ այս նախաձեռնությունն արժանի է գովասանքի հենց միայն նրանով, որ 100 տարի անց հայ քաղաքական պատմության ամենից կարեւոր ստեղծագործությունները դրվել են մեկ հատորի մեջ, ինչպես նաեւ վերահրատարակվել 5 փոքրիկ գրքույկներով. «Չպետք է ոչինչ թաքցնել, սա մեր պատմությունն է, ես այս հատորները վերահրատարակել եմ ոչ թե որպես Հայ հեղափոխական դաշնակցության կամ այլ կուսակցության հատորներ, այլ իմ համար Քաջազնունին հայ քաղաքական գործիչ է, առաջին վարչապետը, նմանապես՝ Սիմոն Վրացյանը, Արշակ Ջամալյանը, Ռուբեն Դարբինյանը եւ մյուսները։ Ընդհանրապես, խելացի ժողովուրդները սովորում են ուրիշների սխալներից, բայց մենք գոնե մեր սխալներից սովորենք»։

Իր խոսքում Թաթուլ Հակոբյանն ընդգծեց, որ 1400 տարի առաջվա պատմությունն իրեն հետաքրքրում է այնքանով, որքանով որ այսօրվա հետ կապ ունի, իսկ այս գրքերն ուղղակիորեն կապ ունեն այսօրվա հետ. «Երբ կարդում ես, կարծես մեր օրերն է՝ ռուսների հետ ո՞նց ենք անելու, թուրքերի հետ ո՞նց ենք անելու, եւ, ընդհանրապես, այդ շրջանի Դաշնակցության պատմությունը ֆանտաստիկ հետաքրքիր է այն իմաստով, որ միակուռ կարծիք չկա։ Դա ինձ հիշեցնում էր 88-90-ի Հայոց համազգային շարժումը, որտեղ, ինչպես 88-90-ին էր պարփակված հայ քաղաքական միտքը, նույն ձեւով այս շրջանում գրեթե բոլորը մտել էին Դաշնակցության մեջ՝ քաղաքական գործիչները, մտավորականությունը, եւ այստեղ շատ հետաքրքիր բանավեճ էր գնում՝ Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան, եւ նույն այս գործիչները, մասնավորապես վարչապետերը, չգիտեին ինչ անել, որովհետեւ իրավիճակն այնքան արագ էր փոխվում։ Հեշտ է այսօր քննադատել այդ օրերի կառավարիչներին, բայց ես պատմությանը նայում եմ իր ընթացքի մեջ։ Պետք է մի բան ընդունել, որ հայոց պատմության մեջ այնպիսի դժվարագույն եւ ողբերգական շրջան, ինչքան որ 15-22 թթ.-ն էր, ես դժվարանում եմ գտնել»։

Սոնա Ադամյան

hraparak.am